Երգահան ՎԱՉԵ ԱՎԵՅԱՆԸ երգեր է գրել Արման Հովհաննիսյանի (“Տեր Աստված”, “Նազան աղջիկ”), Համլետ Գեւորգյանի (“Գոզալ”), Ռազմիկ Ամյանի (“Հայաստան”, “Առաջին սեր”), Արամեի (“Դու հեռու ես”, “Յարիս բոյը”), Մարտին Մկրտչյանի (“Յա՛ր, արի՛, քեզ մատաղ”, “Քեզ, քեզ, քեզ”), Նունե Եսայանի (“Լուսնյակ է յարս”, “Հայ ենք մենք”) համար: Ինչպես պատմեց, մանկուց է եղել երաժշտության մեջ, երգել, նվագել է դեռ դպրոցից, երգ գրելու ձիրքն էլ միշտ ունեցել է, սակայն լրջորեն սկսել է ստեղծագործել վերջին 25 տարիներին: Նախ գրել է իր համար, ինքն էլ կատարել. “Հետո հասկացա, որ ամեն երգ չէ, որ ես կարող եմ երգել, ու որոշեցի, որ ամեն երգ պետք է իր երգչին գտնի”:
-Իմ երգերի բուն արմատները հիմնված են մեր ժողովրդական, գուսանական երգերի վրա: Շատ լավ ծանոթ եմ թե՛ հոգեւոր, թե՛ ազգագրական երգերին: Ես սինթեզում եմ մեր հին երգերն այս նոր ժամանակակից ռիթմերին ու ստանում նոր որակի երգ:
-Ձեր բոլոր երգերը մի տեսակ խնջույքային տրամադրություն են հաղորդում:
-Ինչո՞ւ եմ ուրախ նոտայով գրում. երեւի նրանից է, որ բնույթով տխուր մարդ եմ ու ձգտում եմ ուրախ երեւալ: Մտածում եմ, որ բավական է մեր ժողովուրդը լացի, ուրախություն մեզ շատ է պետք:
Պետք չէ ուրախ երգերը որակել իբրեւ միայն ռաբիս կամ ասել, թե 6/8-ը ռաբիս է: Դրանք խոր իմաստներ ունեն իրենց մեջ ու թեեւ թեթեւ են թվում, բայց ստեղծագործողի համար ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Նա մտածում է մարդկանց ճիշտ տրամադրություն մատուցելու մասին:
-Ձեզ երբեւէ չե՞ն մեղադրել ռաբիս երգեր գրելու մեջ:
-Բոլորովին վերջերս քննադատվեց իմ երգերից մեկը՝ Արման Հովհաննիսյանի “Ջեյրան բալա”-ն: Թուրքիայում մի աղջիկ վերցրել էր իմ երգի կրկներգից մի երեք նոտա, աղավաղել ու երգում էր, արդյունքում հայկական կայքերից մեկն ինձ մեղադրում էր, թե թուրքերից բան եմ վերցրել: Մինչդեռ այդ երգը կառուցված է Կոմիտասի “Հո՛վ արեք, սարե՛ր” երգի արմատների հիման վրա, իսկ կրկներգը՝ Լուսիկ Քոշյանի “Արի՛, մի՛ գնա” երգից էր: Իսկ մերոնք, չգիտես ինչու, իրենց կողքին ապրող տաղանդավոր մարդկանց թերագնահատում են ու թուրքին բարձրացնում: Ցավալի է շատ, դա պարզապես երաժշտական տգիտություն է:
-Դե, սովորաբար, երբ ասում են 6/8, նկատի ունեն ռաբիս:
-Ա՛յ հիմա պահն է, ես կասեմ: 6/8-ն ընդամենը ռիթմի չափն է, դա նույն չափն է, ոնց որ, ասենք, 3/4-ը: 6/8 չափով մեր գուսաններից ամենից շատ ստեղծագործել է գուսան Աշոտը: Հիմա էլ ինչքան պարային ուրախ ռիթմերով երգ են լսում, ասում են` 6/8: Հետո էլ, երբ ուրիշ ռիթմերի մեջ գրված երգերը սկսեն դուր չգալ, էլի կասեն՝ դե 6/8 է: Լավ կլինի, որ ուշադրություն դարձնեն երգի երաժշտական կառուցվածքին, խոսքերին, թե որքանով են գրագետ, մտքերը ճիշտ արտահայտված: Ամեն ինչ թող վերլուծեն, երգը տակից գլուխ ստուգեն, նոր որակումներ տան:
-Իսկ ինչպե՞ս է ծնվում երգը. պատվերի դեպքո՞ւմ եք գրում, թե՞ ամեն ինչ անկախ Ձեզնից է ստացվում:
-Եղել է` ամիսներով տրամադրվել եմ, որոշել ինչ-որ երգ գրել, քանի որ ասել են` այս տիպի երգ ենք ուզում, բայց բացարձակ չի ստացվել: Երգը ոնց որ վերեւից գա, Աստծո տված շնորհք է, չեմ կարող նույնիսկ բացատրել: Միամիտ մեկ էլ նոտաները շարվում են: Արման Հովհաննիսյանի ,Տեր Աստվածե երգը գրել եմ ընդամենը 20 րոպեում: Ամեն ինչ ինքնաբուխ է ստացվել: Նախքան այդ ինձ մի պատմություն պատմեցին, թե ոնց են եկեղեցի կառուցել, խաչքար դրել եւ այլն, ես էլ, այդ ամենից տպավորված, եկա տուն ու… Հիշում եմ՝ նույնիսկ հիվանդ էի, թելադրել եմ, տղաս խոսքերը գրել է: Առավոտյան էլ մոտեցա դաշնամուրին ու նոտաները գրեցի:
-Դուք ե՛ւ խոսքերն եք գրում, ե՛ւ երաժշտությունը: Շատ երգահաններ նման դեպքերում ավելի մեծ գումար են պահանջում: Ձեր պարագայում է՞լ է այդպես, թե՞ ընկերական հիմունքներով էլ եք աշխատում:
-Ես պետք է անկեղծ ասեմ` երկու տարբերակն էլ կա: Գիտեք, նույնիսկ պատահել է՝ երգ եմ գրել ու զգացել, որ այդ երգը շատ լավ կկատարի այսինչ երգիչը, բայց ինքը փող չունի, սրտանց նվիրել եմ նրան, ասել` դու միայն երգի՛ր: Մարդկային գործոնն ամենակարեւորն է, հետո էլ՝ սա արվեստ է. առեւտուր, բիզնես չէ:
շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ