ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ «ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ» – 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. մարտի 13-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների պաշտոնական փաստաթուղթ ստեղծելու առաքելություն ստանձնած հանձնաժողովի առաջ ներկայացրեց իր ճանապարհային քարտեզը: «Հայեցակարգը» քաղաքական հավանությամբ օժտելով եւ քաղաքական խորհրդակցությունների ու քննարկումների նոր փուլ ազդարարելով՝ Սարգսյանը ուղղակիորեն մատնացույց արեց այն հիմնական ուղղությունները, որով իշխանությունն առաջ է շարժվելու: Ըստ այդմ, ակնարկվեց, որ հանրության դատին կներկայացվի ոչ թե մեկ, այլ միանգամից երկու նախագիծ, ինչը բավականին հետաքրքիր իրավիճակ կարող է առաջացնել երկրում:

Մինչ երկու փաստաթղթի հիմնահարցին անդրադառնալը, հարկ է քննարկել Սարգսյանի հետեւյալ պնդումը. «Վենետիկի հանձնաժողովը եւս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում»: Մենք հետագայում ավելի մանրամասնորեն կանդրադառնանք Վենետիկի հանձնաժողովի համապատասխան եզրակացությանն ու գնահատականին, սակայն այսօր անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է թաքնված սույն հանձնաժողովի անվանական հիշատակման ներքո: Բավական է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովն ամենեւին էլ դեմ չի արտահայտվում նախագահական կառավարման մոդելին: Հանձնաժողովի ընդհանրական տեսակետն այն է, որ կարեւոր է պահպանել գործընթացի ու կառավարման ժողովրդավարական նրբերանգները, իսկ մոդելը կարող է հարմարեցվել տեղական առանձնահատկություններին: Սարգսյանի վերոնշյալ ձեւակերպումից, սակայն, այնպիսի տպավորություն է ստացվում, որ Վենետիկի հանձնաժողովը քարոզում է խորհրդարանական համակարգը: Մինչդեռ այդպիսի պրակտիկա պարզապես գոյություն չունի: Ի վերջո, Վենետիկի հանձնաժողովի գործառույթն իրեն մատուցված փաստաթղթի իրավական ու ժողովրդավարական հղանցքների գնահատումն է: Համեմատության համար նկատենք, որ եթե «Հայեցակարգը» նույնությամբ ուղարկվեր Վենետիկի հանձնաժողովին եւ խորհրդարանականի փոխարեն ներկայացված լիներ նախագահական մոդելը, ապա նույն եզրակացությունն էր լինելու, եւ Սարգսյանն արդեն նախագահական մոդելի համար էր քարոզչական հնարքով հիշատակելու Վենետիկի հանձնաժողովին:
Կառավարման համակարգի փոփոխության հետ կապված առանցքային նշանակություն է ստանում նաեւ պետական ինստիտուտները տրադիցիոն շաղախով պատելը: Ներկայիս ժողովրդավարական երկրների գերակշիռ մասի կառավարման համակարգի ամրությունը պայմանավորված է դրա ավանադականության հանգամանքով: Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կարգերի ինստիտուցիոնալիզացիան սկսվել է դեռ 1700-ական թթ., Գերմանիան 1871թ. հիմնադրությունից ի վեր գործել է խորհրդարանական կառավարման համակարգում, Ճապոնիայում եւս խորհրդարանական ավանդույթները գալիս են 19-րդ դարի վերջից եւ այլն: Հատկանշական է, որ այս եւ խորհրդարանական կառավարումը որդեգրած բազմաթիվ այլ երկրներ նույնօրինակ կարգերին անցել են միապետությունների անկումից հետո, որը խիստ խորհրդանշական է ու սոցիո-հոգեբանական վիթխարի նշանակություն ունի: Ավելին՝ այս երկրներն ընտրել են կառավարման կոնկրետ համակարգ եւ փորձել ոչ թե իրենց խնդիրների իրական մեղքը բարդել դրա վրա ու շարունակական փոփոխություններով այդպես էլ ինստիտուտներ չձեւավորել, այլ դժվար ճանապարհ անցնելով՝ մշտապես բարելավել են կառավարման համակարգը բազմազան ու նորանոր լուծումներով: Իսկ Հայաստանի գործող իշխանությունը փոխարենը աստիճանաբար ավելի կատարելագործի, նոր մտահղացումներով ու գործառույթերով վերափոխի արդեն իսկ հիմնադրված ու ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող կիսանախագահական համակարգը, պատրաստվում է երկիրը նորանոր փորձությունների ենթարկել: Նվազագույնը մի 20 տարի հարկավոր կլինի հասկանալու համար խորհրդարանական կառավարման համակարգի էությունն ու առանձնահատկությունը տեղական պայմանների համատեքստում, եւ դրանից հետո կրկին կհիշեն ժողովրդավարության կառուցման՝ իրենց համար անհասկանալի գործում Վենետիկի հանձնաժողովին ու կիասանախագահական համակարգի առավելությունները:
Ինչեւէ, իր գործողությունների ծրագրում Սարգսյանն այսօր բավականին հետաքրքիր հանգրվանի է հասել: Իր ելույթում նա հայտարարեց. «Արդյունքում հնարավոր է ունենալ թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձեւը»: Ի դեպ, ՀՀԿ-ական պոլիտբյուրոյի նմանությամբ հերթական նիստի ավարտին Հերմինե Նաղդալյանն էլ ակնարկեց, որ հնարավոր է՝ հանրային քննարկմանը ներկայացվի երկու նախագիծ: Թվում է՝ բավականին ժողովրդավարական ու ազնիվ մոտեցում է, որը հնարավորություն կտա պարզելու քաղաքական ուժերի ու սովորական քաղաքացիների տրամադրություններն ու կողմնորոշումը թափանցիկ եղանակով: Արտաքին շղարշը մի կողմ թողնելով՝ ակնհայտ է, որ Սարգսյանն այս քայլով միանգամից լուծում է նախ քվեարկությանը այո-ոչ ասելու, ապա եւ բոյկոտի հարցը: Երկու տարբեր ու տարողունակ նախագիծ մեկ քվեաթերթիկում տեղավորելով՝ նա ապահովում է մեծ աղմուկ եւ 0 տոկոս արդյունավետ քննարկում: Ըստ էության, սահմանադրական հանրաքվեն Սարգսյանը վերածում է երկու թեկնածուի «ընտրության», որտեղ նույն մեթոդներով, արդեն ավելի նվազ դիմադրությամբ ու հեշտությամբ կարող է հասնել իր նպատակին: Ի վերջո, սովորաբար այդօրինակ հանրաքվեները հիմնականում վերաբերում են մեկ նախագծի ու հիմնահարցի: Այս դեպքում, սակայն, իշխանության համար ավելի դյուրին կլինի միջազգային հանրությանն ու տեղական շրջանակներին համոզելը, որ ժողովուրդը խորհրդարանական համակարգը «նախընտրել» է կիսանախագահականից, իսկ ընդդիմության հավանական բոյկոտը հազիվ թե հավուր պատշաճի ընկալվի նույն շրջանակների կողմից: Ծրագրի հաջողության երաշխիքը, այսուհանդերձ, կարծում ենք, կախված է ոչ այնքան ներքին, որքան արտաքին կենտրոնների կեցվածքից, եւ միգուցե Սերժ Սարգսյանի վարանումները կապված են հենց այդ ճակատում «կոնսոլիդացիայի» բացակայության հետ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐՆ ԱՆՏԵՐ ԵՆ
Պաշտոնապես Շիրակի մարզի 19 գյուղական համայնքում հաշվառված են 167 անօթեւան ընտանիքներ, որոնք, սակայն, միայն գյուղաբնակ անօթեւանների մի մասն են կազմում, այսպես ասած՝ փաստաթղթավորված մասը: Սրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք 88-ի աղետից հետո մնացել են բաց երկնքի տակ, ապա ապաստանել ժամանակավոր կացարաններում, վագոն-տնակներում: Տարիներ շարունակ անօթեւանների այս խումբը պետության կողմից եղել է ուղղակի մոռացված, եւ միայն վերջին 2-3 տարիներին՝ սկսած 2012 թ.-ից են ՀՀ իշխանությունները սկսել գյուղաբնակ անօթեւանների խնդրով զբաղվել:
Ջաջուռը Շիրակի մարզի ամենացուրտ գյուղական բնակավայրերից է: Գյուղում կան անօթեւան ընտանիքներ, որոնք արդեն մոտ երեք տասնամյակ է՝ ապաստանել են բարոյապես ու ֆիզիկապես մաշված վագոն-տնակներում: Ջաջուռի անօթեւանների խնդիրն առաջին անգամ բարձրաձայնվել է 2012 թ.: Այդ ժամանակ էլ հասարակությանն իր շինարարական սկանդալներով հայտնի «Գլենդեյլ հիլզ» ընկերությունը հանդես է եկել անհատական ծրագրով, նոտարական վավերացմամբ իր անունով սեփականաշնորհել անօթեւան ընտանիքների թվին համապատասխան տնամերձներ ու անհետ կորել: Ջաջուռի ճակատագիրը ինչ-որ իմաստով կիսում է նաեւ Ախուրյանը, այն տարբերությամբ միայն, որ այստեղ հիշյալ ընկերությունը կառուցում է 104 բնակարան ընդգրկող 3 բազմաբնակարան շենք, սակայն դա անում է կրիայի արագությամբ:
Սակայն գյուղաբանակ անօթեւանների խնդիրը միայն սրանով չի սահմանափակվում: Ախուրյանի օրինակով, եթե ինչ-որ հրաշքով նշված 3 բազմաբնակարանները կառուցվեն էլ, միեւնույնն է՝ մոտ 35 ընտանիք կմնա փաստացի անօթեւան, քանի որ նրանք պաշտոնապես անօթեւանի իրավական կարգավիճակ չունեն, սակայն փաստացի բնակվում են ժամանակավոր կացարանում:
Մարզում շատ են նաեւ այն գյուղաբնակ փաստացի անօթեւանները, որոնք կանգ են առել փաստաթղթավորման գործընթացի փուլերից մեկում ու չեն կարողանում ամբողջացնել անհրաժեշտ թղթաբանության ողջ լրակազմը: Զարմանալի մի խումբ էլ կա Շիրակի մարզի գյուղաբնակ անօթեւանների մեջ. սրանք այն անօթեւաններն են, որոնց ժամանակավոր կացարանները մարզի կադաստրային մարմինները ճանաչել ու հաշվառել են որպես բնակելի տներ, ու հիմա նրանց մի մասն արդեն կարողացել է դատարանի վճռով բեկանել կադաստրային մարմնի այս գործողությունն ու վերականգնել իր կացարանի «ժամանակավոր» կարգավիճակը, մյուս մասն էլ նույն խնդրով դատական պրոցեսների մեջ է:
Ինչեւէ, մինչ գյուղաբնակ անօթեւանների մի մասը սպասում է տանիք ունենալու երջանիկ օրվան, իսկ մյուսներն էլ փաստաթղթեր են հայթայթում կամ դատարանի դռներում իրենց իրավական կարգավիճակն են հստակեցնում, մարզի շինոլորտի պատասխանատուները նշում են, որ այս տարվա պետական բյուջեով ՀՀ Կառավարությունը ֆինանսական որեւէ հատկացում չի նախատեսել, եւ այս խնդրին կանդրադառնա միայն հաջորդ տարի՝ 2016-ին, ու կփորձի հարցը լուծել կա՛մ բնակարանաշինության, կա՛մ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի

 

 

 

 
2 ԼԱՄՊԻ ՓՈՂ ՉՈՒՆԵ՞Ն
Տավուշի մարզում արդյունավետ գործող, գյուղատնտեսական հումք վերամշակող ձեռնարկություններից է Իջեւանի գինու գործարանը: Վերջին շրջանում այդ գործարանի արտադրանքի տեսականին ընդլայնվել է. ձեռնարկությունը նաեւ կոնյակ է արտադրում: Այս ամենն, անշուշտ, ուրախալի է: Սակայն խնդիր կա, որի կապակցությամբ Տավուշի մարզի բնակիչները դժգոհություն են հայտնել: Իջեւան քաղաքի հարավային մուտքին, Տավուշի մարզկենտրոնի բնակելի, կառուցապատված հատվածը սկսվում է Իջեւանի գինու գործարանի շենքով: Սակայն այդ կառույցի վրա գիշերային լուսավորության լամպեր չկան: Ադրբեջանին սահմանամերձ Ոսկեպարը, Բաղանիսը, այլ գյուղեր գիշերները շողշողում են լույսերով, իսկ Դիլիջանի կողմից Իջեւան ժամանողները գիշերները տեսնում են Իջեւանի գինու գործարանի չլուսավորված շենքը:

 

ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԷ
Մարտի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գորիսում հայտարարեց, որ պարտադիր կրթության շեմը 9-ամյայից կբարձրացվի 12-ամյա կրթության: Որքանո՞վ է դրա իրականացումը իրատեսական եւ ի՞նչ արդյունքներ կարող է տալ: Իջեւան քաղաքում ապրող 20-ամյա երիտասարդն իր անունը տառասխալներով է գրում, իսկ ազգանունը չի կարողանում: Նա ասում է, որ ինքը մինչեւ 6-րդ դասարան է դպրոց հաճախել: Երիտասարդի անուն-ազգանունը չենք հրապարակում՝ նրա արժանապատվությանը վնաս չհասցնելու համար: Նա ասում է, որ իր տարեկիցների մեջ գրելու դժվարություններ ունեցող այլ անձինք էլ կան: Տավուշի սահմանամերձ համայնքներում դպրոցահասակ շատ պատանիներ դպրոցը թողնում են՝ ընտանիքի սոցիալական խնդիրների, նաեւ ծնողազուրկ լինելու պատճառով: Նրանք ստիպված են ուսումը թողնել, որպեսզի իրենց հանապազօրյա հացի խնդիրը լուծեն: Ավագ դպրոցի բարձր դասարանցիների մի մասը չի կարողանում հոգալ դասագրքերի վարձավճարների գումարը: Աշակերտներ կան, ովքեր իրենց մտավոր ցածր կարողությունների պատճառով չեն կարող ավագ դպրոցում սովորել: Նրանց համար դպրոց հաճախելու ամեն օրը տառապանք է դառնում, քանի որ արժանանում են ուսուցիչների եւ համադասարանցիների ոչ հարգալից վերաբերմունքին: Եթե ավագ դպրոցների համակարգը կայացած է, ինչո՞ւ Տավուշի մարզում այդքան մեծ թվով կրկնուսույցներ կան, ովքեր ավագ դպրոցների աշակերտներին վճարովի հիմունքներով նախապատրաստում են բուհական ընդունելության քննություններին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս