Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սեւան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր Սերգեյանի դիակը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել էր, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սեւան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն էր տեղի ունեցել Նվեր Սերգեյանի եւ 1986 թ. ծնված Արամ Ղազարյանի միջեւ, որի ընթացքում Ա. Ղազարյանը “Միցուբիշի” մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Նվեր Սերգեյանին եւ դիմել փախուստի: Վրաերթի հետեւանքով Նվեր Սերգեյանը մահացել էր:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (սպանությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության ծառայողները Այգավան գյուղում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Արամ Ղազարյանին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: