ՀԱՐՑ. Ես աշխատում եմ «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքում որպես օպերատոր եւ ստանում եմ 43 հազ. դրամ աշխատավարձ: Ունեմ մի քանի տարվա աշխատանքային փորձ: Վերջերս մեզ մոտ ընդունվեցին մի քանի նոր աշխատողներ, որոնք նույնպես օպերատոր են, բայց ստանում են 90 հազ. դրամ: Նշեմ նաեւ, որ դեպքեր են լինում, երբ ես` որպես փորձառու օպերատոր, շատ եմ օգնում նրանց, եւ ստացվում է, որ իրենք ավելի շատ գումար են վաստակում, քան ես, ինչը մի փոքր վիրավորական է ինձ համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բաժանմունքի օպերատորները, կապ չունի՝ հին կամ նոր, ստանում են նույն չափի աշխատավարձ: Ենթադրում եմ, որ խոսքը ցանցային օպերատորների մասին է: Իհարկե, նրանք անպայման պետք է իմանան օպերատորի աշխատանքը, բայց ցանցային օպերատորների գործառույթներն ավելի շատ են, ու պատասխանատվությունը՝ ավելի մեծ: Դա է պատճառը, որ նրանց աշխատավարձը մի փոքր ավելի բարձր է: Հնարավոր է, որ հին, ավելի փորձառու օպերատորներն օգնեն նոր ընդունված աշխատողներին: Բայց նորից եմ ասում, որ ցանցային օպերատորը միայն օպերատորություն չի անում: Նրանց կատարած աշխատանքն ու գործառույթները շատ են. օրինակ՝ վաճառքի, սպասարկման հետ կապված խնդիրներ են լուծում: Դա նոր ծառայություն է, որը միանշանակ բարձրացնելու է ընդհանուր «Հայփոստ»-ի ծառայությունների սպասարկման մակարդակը: Դա է պատճառը, որ նրանց աշխատավարձը մի փոքր ավելի բարձր է սովորական բաժանմունքի օպերատորների աշխատավարձից:
պատասխանատու՝ Գեւորգ Աբրահամյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհասկանալի է, թե մեր օրերում շարքային քաղաքացին ինչպես պետք է տեղավորվի ընդամենը 43.000 դրամի սահմաններում, երբ Հայաստանում ամեն րոպե գնաճ է գրանցվում, տատանվում է տարադրամի փոխարժեքը՝ դրանից բխող բոլոր դրսեւորումներով: Ցանկալի կլիներ, որ «Հայփոստ»-ը հոգատարություն ցուցաբերեր իր հին ու փորձառու աշխատակիցների նկատմամբ եւ սոցիալական վիճակից ելնելով՝ մի փոքր ընդառաջեր նրանց: