Չարբախցի Փոսի Վարդանի մահափորձը` Երրորդմասցի Լյովիկի սպանության շարունակությո՞ւն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 03:00-ին, հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Վարդան Կարապետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից` հավելելով, որ Վ. Կարապետյանը ստացել է վնասվածքներ լյարդի և ողնաշարի ողնուղեղի հատվածում: Նա երկու վիրահատություն է տարել, այս պահին գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում:

Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 34-104-րդ և 235-րդ հոդվածներով, այն է` սպանության հանցափորձ և ապօրինի կերպով զենք կրել, պահել:

Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցին Վարդան Կարապետյանի հարևանները հայտնեցին, որ մոտ 2 շաբաթ առաջ իրավապահ մարմինները խուզարկել են նրանց տունը: Մեր զրուցակիցների փոխանցմամբ` իրենց տեղեկություններ են հասել, որ Վ. Կարապետյանի բնակարանում զենք-զինամթերք են փնտրել:

Վարդան Կարապետյանը, ով շրջապատում հայտնի է «Փոսի Վարդան» մականվամբ, ուշ գիշերը աշխատանքից տուն է վերադարձել, որտեղ էլ նրան «սպասել են» հանցագործները: «Մենք կրակոցի ձայն կամ մարդկանց աղմուկ չենք լսել բացարձակապես: Ես հենց կպած հարևանն եմ, գոնե ես մի բան լսած կլինեի, թեպետ այդ ժամանակ քնած ենք եղել»,- մեզ հետ զրույցում ասաց տուժածի դրկից տիկին Անահիտը, ով հավելեց, որ նախկինում երբևէ իրենց թաղամասում նման միջադեպեր չեն եղել, ինքն անգամ թեթև վիճաբանություններ չի հիշում. «Հնարավոր է` դրսում կռիվներ, վիճաբանություններ եղած լինեն Վարդանի մասնակցությամբ: Հստակ չեմ կարող ասել, բայց մեր տարածքում երբեք նման բաներ չեն եղել: Խելոք ընտանիք են` իրենց աշխատավարձով ապրող: Վարդանն էլ երկու անչափահաս երեխա ունի, եղբոր` Արամի ընտանիքն էլ իրենց կողքն է ապրում: Հիմա բոլորը քաղմասում են` իմ որդին էլ, Արամն էլ, մյուս հարևանն էլ: Չենք հասկանում` նրանց ինչո՞ւ են տարել, ի՞նչ պիտի հարցնեն, եթե տղաս ընդամենը ցանկացել էր իմանալ Վարդանն ինչպես է: Հարևան մարդիկ են, չիմանա՞ն` ինչ է եղել, ինչ չի եղել»:

Մյուս հարևանուհին, ով չցանկացավ նշել իր անունը, տեղեկացրեց, որ Վարդանի հայրը` Մերուժանը, և իր ամուսինը 60-ն անց մարդիկ են և դեպքից րոպեներ անց տարվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Հարևանները չբացառեցին նաև այն լուրերը, որ Վարդան Կարապետյանի հետ տեղի ունեցածը կարող է կապ ունենալ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ մոտ տեղի ունեցած սպանության հետ: Մեր զրուցակիցները սա բացատրեցին այն հանգամանքով, որ թաղամասում լուրեր են շրջանառվում, թե «Փոսի Վարդանը» սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի` Լևոն Ղազարյանի ընկերն էր. «Չգիտենք` Վարդանը որտեղ է աշխատում, անկեղծ ասած, թեկուզև հարևաններ են: Առանձնապես չենք շփվել նրա հետ: Որդիս էլ պարզապես ցանկացել էր իմանալ` ինչ վիճակում է գտնվում, բայց, արի ու տես, որ ուշ գիշերից ոստիկանների մոտ է: Տղաս նրա ընկերը չէ, ուղղակի հարևաններ ենք: Վարդանի կրտսեր եղբոր` Արամի հետ է շփվում, Արամն էլ ոսկի տղա է, խելոք ու աշխատասեր»,- շարունակեց տիկին Անահիտը:

Armlur.am-ը զրուցեց նաև Վ. Կարապետյանի եղբոր կնոջ` Մելիքյան Ռուզաննայի հետ, ով ասաց, որ չի կարողանում պատկերացնել` ինչու պետք է ամուսնու եղբոր հետ նման բան պատահեր. «Ոչնչից տեղյակ չենք: Հիմա անգամ առողջական վիճակից տեղեկություններ չենք կարողանում ժամանակին իմանալ: Ոչ մեկս չենք պատկերացնում` ինչու պետք է նման բան լիներ»:

Թե ինչն է եղել սպանության փորձի դրդապատճառը, կպարզի քննությունը, սակայն ակնհայտ է, որ այս խմորը դեռևս շատ ջուր պետք է քաշի` մանավանդ եթե հաշվի առնենք լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե Վարդան Կարապետյանը Լևոն Ղազարյանի մտերիմ ընկերն էր: Արդյոք քրեական հեղինակության ընկերոջ մահափորձը նրա սպանության շարունակությունն էր, պարզ կդառնա առաջիկայում:




Լրահոս