2004թ. Բուդապեշտում հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի Հանրապետությունից Ադրբեջանին արտահանձնումը շարունակում է մնալ օրակարգային հարց: Հունգարական կառավարության թեթեւ ձեռքով ստեղծվեց մի նախադեպ, երբ մեկ ընդհանուր վայրում խաղաղ նպատակներով հավաքված տարբեր ազգեր ու պետություններ ներկայացնող զինվորականները, ինչու ոչ` նաեւ գիտնականները, ուսուցիչները, կարող են կացնահարել միմյանց, իսկ հանցանքի վայրում ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո՝ արտահանձնվել հայրենիքին եւ այնտեղ ներում ստանալ: Սերժ Սարգսյանը, որպես ստեղծված իրավիճակում Հունգարիային լավագույն պատասխան, հայտարարեց նրա հետ դիվանագիտական եւ պաշտոնական բոլոր հարաբերությունների կասեցման մասին:
ՀԱՐՑ. Ճի՞շտ եք համարում Սերժ Սարգսյանի քայլը: Ձեր կարծիքով՝ այսպիսի՞ն պետք է լիներ Հունգարիայի կատարած քայլին Հայաստանի համարժեք պատասխանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սերժ Սարգսյանի քայլը ճիշտ էր, ու չեմ կարծում, որ դա միակ պատասխանն էր: Կարծում եմ, որ դա սկիզբն էր, սկիզբը մեծ ու երկար ճանապարհի, որը պետք է անցնենք բոլորս ու հենց Ս. Սարգսյանի հետ: Այս հարցում կարեւոր է միաբանությունը՝ անկախ նրանից, թե մեզանից ամեն մեկն ինչպես է գնահատում Ս. Սարգսյանի աշխատանքը մյուս ոլորտներում:
ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման որոշումը համարժեք էր հունգարական իշխանությունների որդեգրած ոչ ազնիվ ու վտանգավոր կեցվածքին: Ստեղծված իրավիճակը ոչ թե պետք է փրկել, այլ օգտագործել, այն էլ՝ առավելագույնս արդյունավետ կերպով: Այն պետք է լինի հուժկու հակաադրբեջանական քարոզչական ալիք բարձրացնելու տեսքով:
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ
Հայոց Ցեղասպանության
թանգարան-ինստիտուտի տնօրեն
ՊԱՏԱՍԽԱՆ. Համարժեք պատասխանն այնպիսի բան է, որ դրա մասին չի կարելի բարձրաձայնել: Իսկ Ս. Սարգսյանն այդքանից ավելի ի՞նչ կարող էր անել, հո պատերազմ չէ՞ր հայտարարի: Օրինակ՝ ընկերներ ունեմ՝ հայրենասիրությունից դրդված՝ համակարգչով հայհոյում են հունգարացիներին, ինչը ճիշտ չեմ համարում: Հունգարիային քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ, սա ավելի շատ Ադրբեջանի անասունությունն է: Մի անգամ առիթ եղավ՝ ասացի՝ հերոս էիք ուզում, ասեիք՝ Նաիրի Հունանյանին տայինք. արձան էլ սարքեիք, ինչ ուզում էիք՝ անեիք:
ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ
երգիչ-երգահան, ազատամարտիկ
ՊԱՏԱՍԽԱՆ. Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումը բնական էր, տրամաբանական եւ միանգամայն համարժեք տվյալ պահին ստեղծված իրավիճակին: Դա մեր ժողովրդի բողոքի հստակ դրսեւորումն էր: Հունգարիայի նկատմամբ թե էլ ինչ պատասխան քայլեր կհետեւեն, ցույց կտա ժամանակը: Այս պահին առավել կարեւոր է հասնել նրան, որ միջազգային հանրության կողմից ոչ միայն դատապարտվի ադրբեջանա-հունգարական հանցավոր գործարքը, այլեւ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Եթե անպատիժ է մնում մի պետություն, որը քաջալերում է ազգային պատկանելության, հայատյացության հողի վրա կատարված մարդասպանությունը եւ հերոսացնում մարդասպանին, դա ինքնըստինքյան ազդակ է դառնում հետագայում համանման հանցագործությունների իրագործման եւ կրկնման համար:
ԱԼՎԻՆԱ ԱՂԱԲԱԲՅԱՆ
ԵՊՀ դասախոս
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ