Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ավարտվեց “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժությունը. պայմանական հակառակորդը ոչնչացված է: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 15-ից մեկնարկած “Փոխգործակցություն 2012” զորավարժություններին մասնակցում են շուրջ 2000 զինվորական և ներգրավված է շուրջ 500 ռազմական տեխնիկա:
Օգտագործվեց զինամթերք` ներառյալ օդուժի ռմբանետում, հրետանու, տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների կրակ, շարժական զենիթահրթիռային համալիրների արձակումներ:
Նշենք, որ ըստ զորավարժությունների սցենարի՝ զորավարժարանը բաժանվեց երկու մասի՝ պայմանականորեն “Սևանիա” և “Զանգերիա”: Ըստ սցենարի՝ “Զանգերիան” ահաբեկիչներ է ուղարկում հարևան երկիր՝ իրավիճակը ապակայունացնելու նպատակով, որից հետո անցնում է պետական սահմանը: “Սևանիան” օգնության խնդրանքով դիմում է ՀԱՊԿ երկրներին:
Վարժությունները ընթանում են երեք տարածքներում: Առաջին տարածքում ուղղաթիռների և հատուկ նշանակության ջոկատների դեսանտային զորքերի մասնակցությամբ տեղի է ունենում ահաբեկչական խմբավորման տեղայնացնում և ոչնչացում, խաղաղ բնակակչության և գերիների ազատ արձակում, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերում և փրկարարական այլ աշխատանքեր, նաև քիմիկան և այլ տեխնածին վտանգների կանխարգելում:
Երկրորդ և երրորդ տարածքներում փորձարկվեցին հակառակորդի զորքերի կանգնեցման և ջախջախման գործողություններ՝ տանկային, հրետանային, հետևակային, ավիացիայի և ցամաքային այլ ստորաբաժանումների մասնակցությամբ: Ցուցադրվեց նաև շարքից դուրս եկած տեխնիկայի էվակուացման գործընթացը:
Զորավարժությանը հետևեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Անատոլի Սերդյուկովը, միջազհգային կազմակերպությունների դիտորդներ, բազմաթիվ հյուրեր։
Զորավարժության վերջում մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և խրախուսական նվերներով։