Մեկ տարվա ընթացքում ոստիկանի ինքնասպանության երկրորդ դեպքն է գրանցվել. սեպտեմբերի 14-ին Երեւանում ոստիկանության 27-ամյա ծառայող Կ. Մանուկյանն ինքնասպանություն է գործել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են այս լուրը՝ նշելով, որ Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում ժամը 06:30-ի սահմաններում 27-ամյա Կ. Մանուկյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա դիակը հայտնաբերվել է տան խորդանոցի հետնամասում:
Տուժողի հարեւանները ֆոտոլրագրող Գ. Շամշյանին հայտնել են, որ ինքնասպան եղած երիտասարդը բնակվում էր մոր եւ քրոջ հետ, իսկ եղբայրն արտերկրում է: Ինքնասպանության դրդապատճառների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ոստիկանի ինքնասպանության մի դեպք էլ եղել էր անցյալ տարի՝ Երեւանի «Եռաբլուր» պանթեոնի տարածքում: Այնտեղ հայտնաբերվել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանի դին: Դեպքից մեկուկես ամիս առաջ նա ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից տեղափոխվել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այն ժամանակ նախնական տեղեկություններ կային, որ Կ. Արզումանյանն ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից՝ ծնոտին արձակված մեկ կրակոցից:
Դիակի մոտ ոստիկանները հայտնաբերել էին ձեռագիր մի նամակ, իսկ դրա դարձերեսին՝ համակարգչով հավաքված տեքստ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ես ներողություն եմ խնդրում բոլորից…»:
Մամուլում նաեւ այլ տեղեկություններ հայտնվեցին, ըստ որոնց՝ երիտասարդը երեք կրակոց է արձակել. նախ երկու անգամ կրակել է իր որովայնի հատվածին, որից, սակայն, որեւէ կենսական օրգան չի վնասվել, ապա երրորդ կրակոցն արձակել է ծնոտի հատվածում: Որպես մահվան հնարավոր պատճառ՝ շրջանառվում էր պարտքեր ունենալու հանգամանքը:
ԻՆՔՆԱՍՊԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ