«ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ ՄՏՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Մհերն (Մհեր Մեսրոպյան) իր երկրպագուների համար առաջիկայում մի շարք անակնկալներ ունի: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, անդրադարձել ռուսական շոու-բիզնես մուտք գործելու ցանկությանը, խոսել իր անվան շուրջ պտտվող ասեկոսեներից եւ անձնական կյանքից:

-Մհե՛ր, շուրջ 5 տարի է` մենահամերգ չեք ունեցել, այս ուղղությամբ մտածո՞ւմ եք, հանդիսատեսին, առհասարակ, անակնկալներ սպասվո՞ւմ են:
-Ինքս սպասում եմ գարնան վերջում կայանալիք իմ մենահամերգին. օրը դեռ որոշված չէ: Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Իմ երկրպագուները ուրախանալու այլ առիթներ էլ կունենան: Արդեն հանդիսատեսի դատին է հանձնվել իմ եւ Լուսինե Պողոսյանի նոր դուետը, իսկ ավելի ուշ կներկայացնեմ ուրիշ նոր գործեր:
-Ռուսական շուկայի հետ համագործակցելու առիթներ բազմիցս ունեցել եք. այնտեղի շոու-բիզնես մուտք գործելու, հաստատվելու մասին երբեւէ մտածե՞լ եք, նման ցանկություն ունե՞ք:
-Այո՛, ցանկություն, միանշանակ, կա, պարզապես կոնկրետ ծրագրեր կիրականացվեն այն ժամանակ, երբ կունենանք հովանավորչությանն առնչվող կոնկրետ առաջարկներ: Գաղտնիք չէ, որ ռուսական շոու-բիզնեսը բացի այն, որ գործում է կապերի եւ ծանոթությունների հաշվին, պահանջում է նաեւ մեծ ներդրումներ: Դա այն դաշտն է, որին ես լավ ծանոթ եմ:
-Իսկ հայկական շուկայում կարողացե՞լ եք «տեղավորվել», այստեղ ստացվո՞ւմ է Ձեզ հարմարավետ զգալ:
-Այո՛, ես ինձ այստեղ զգում եմ կոմֆորտ միջավայրում: Եթե, օրինակ, յոթ տարի առաջ փոփոխման ենթակա շատ բան էի տեսնում, թեկուզ տեսահոլովակների որակին առնչվող, ապա այսօր այդ առումով զգալի առաջընթացն ակնհայտ է: Պարզապես մենք ունենք շուկայի նեղության խնդիր, մեր երգերը հնչում են միայն հայերենով, եւ մենք կարողանում ենք դրանք հասցնել միայն հայ հանդիսատեսին: Ինքս շատ կուզենայի հայ երգը տարբեր ազգերի շրջանում հնչեցնելու հնարավորություն ունենալ:
-Մհե՛ր, հայ հանդիսատեսի շարքում կա մի հատված, որ Ձեզ ասում է` փաստորեն, Դուք էլ անցաք «ռեստորանային» երգիչների շարքը… Ի՞նչ կպատասխանեք:
-Այո՛, ես երգում եմ ռեստորանում, մասնակցում եմ հարսանիքների, կնունքների, ծնունդների եւ դրան զուգահեռ կարող եմ ներկայանալ լուրջ համերգասրահներում, պաշտոնական միջոցառումներին` բոլորովին այլ ոճում: Այդ նույն ռեստորանում իմ ազգի ներկայացուցիչներն են, ես նրանց համար եմ ելույթ ունենում, այստեղ որեւէ ամոթալի բան չկա: Ես սիրում եմ իմ գործը եւ իմ երգը հաճույքով նվիրում եմ ժողովրդին` անկախ այն հանգամանքից, թե ինչ սրահում եմ ելույթ ունենում:
-Գիտենք, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ցանկություն ունեք: Սպասում եք կոնկրետ առաջարկի, թե՞ գուցե ինքներդ հանդես գաք առաջարկությամբ:
-Ինքս այդ հարցով որեւէ մեկին չեմ դիմի: Իմ ցանկության մասին ես պարզ արտահայտվել եմ, եթե Հ1-ում մտածեն, որ իմ կարիքը կա, եւ հանդես գան կոնկրետ առաջարկով, գուցե ընդունեմ այն, գուցե՝ ոչ:
-Մի ժամանակ փորձեցիք Ռուսաստանում բիզնեսով զբաղվել, սակայն գործն ընթացք չստացավ: Այդ երկրում խոչընդոտներ ծագեցի՞ն, թե՞ առհասարակ, բիզնեսը Ձեր ոլորտը չէ:
-Ընդհանրապես, բիզնեսն ինձ համար չէ: Ես հեռու եմ թղթաբանությունից, հաշվապահությունից, թույլ եմ մաթեմատիկայից (ծիծաղում է): Իմ բիզնեսն իմ գործն է, որով ես զբաղվում եմ: Իսկ իմ գործն անում եմ հնարավորինս լավ:
-Մհե՛ր, ասում են` կոնֆլիկտային անձնավորություն եք, որտեղի՞ց են գալիս այս ասեկոսեները:
-Ես պարզապես լռողներից չեմ: Եթե ինձ մի բան դուր չգա, ես կարտահայտվեմ այդ մասին, իսկ դա կարող է հանգեցնել կոնֆլիկտի: Դա նորմալ երեւույթ է, մարդկանց էլ թվում է, թե կոնֆլիկտային եմ, այդպես չէ… Իմ ընկերները, գործընկերները լավ ծանոթ են իմ խառնվածքին եւ կփաստեն հակառակի մասին:
-Ձեր անձնական կյանքը եւս քննարկումների կիզակետում է: Այս հարցում որեւէ նորություն ունե՞ք: Հետաքրքիր է` օտարազգի, օրինակ` ռուս աղջկա հետ Ձեր կյանքը կկապեի՞ք:
-Չեմ կարող ասել: Ասում են` երբեք մի ասա երբեք: Կարող է նա ռուս լինել, եթե ինձ հասկանա, ըմբռնի իմ աշխատանքի բնույթը, գիտակցի, որ կյանքը կապում է հայտնի մարդու հետ, ինչը հեշտ չէ… Իհարկե, ես կուզենամ, որ իմ երեխաների մայրը հայուհի լինի, բայց կյանքն այնպիսի բան է, որ չես կարող ասել, թե հաջորդ քայլին ինչ կպատահի: Կարեւորը, որ նա լինի իմաստուն եւ համբերատար: Այս պահին անձնական կյանքում ոչ մի նորություն չունեմ: Առհասարակ, շատ եմ ուզում ստեղծել իմ ընտանիքը, ունենալ երեխաներ…

 

 

 

 
«ԱՐՎԵՍՏԻ ՄԵԿԵՆԱՍ». ՄԵԴԱԼ՝ ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ

Վերջերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թատրոնի միջազգային օրվա առիթով այցելել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Ռեկտոր Դավիթ Մուրադյանը նրան պարգեւատրել է ԵԹԿՊԻ «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալով:

Այս փաստը մի քանի հարցի տեղիք է տալիս` այդ ի՞նչ մեդալի մասին է խոսքը, որի վերաբերյալ տեղեկություն նախկինում, կարծես, ոչ ոք չի ունեցել, եւ այնպիսի տպավորություն է, թե այն հատուկ քաղաքապետի համար է «հնարվել»: Եւ հետո` այդ ի՞նչ է արել քաղաքապետը հայ արվեստի զարգացման համար, որ արժանացել է «Արվեստի մեկենաս» բարձրագոչ «տիտղոսին»:
Պարզվում է` ավելի վաղ միայն մեկ հոգու է բախտ վիճակվել արժանանալ այս մեդալին: Դավիթ Մուրադյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ խոսքը Գաբրիել Ջեմբերջյանի մասին է:
Անդրադառնալով մյուս հարցերին` Դավիթ Մուրադյանը պարզաբանեց. «Տարոն Մարգարյանը, ընդառաջ գնալով մեր 70-ամյա հոբելյանին, կազմակերպել է արտահերթ կերպով մեր ինստիտուտի ամբողջ շենքի ֆասադի լվացման, մաքրման եւ այլ տեխնիկական աշխատանքներ, բնականաբար, մենք էլ պարգեւատրել ենք նրան այդ մեդալով»: Մեր այն հարցին, թե շենքի ֆասադի լվացման համար արժի՞ պարգեւատրել «Արվեստի մեկենաս» մեդալով, Դավիթ Մուրադյանը պատասխանեց. «Այո՛, իհարկե: Սա արվեստի օջախ է: Ընդհանրապես, քաղաքապետը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ միշտ էլ թատերական աշխարհն իր ուշադրության կենտրոնում է պահում»: Իսկ թե ինչպե՞ս է արտահայտվում այդ ուշադրությունը, ռեկտորը մանրամասնեց. «Թատերական աշխարհի ներկայացուցիչները պարգեւներ են ստանում, հենց մեր ինստիտուտի երկու ներկայացուցիչներից մեկն արժանացել է Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչմանը, մյուսը` քաղաքապետի պատվոգրի»:
«Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանն այն համոզման է, որ առհասարակ, մեդալ տվողն իր առանձին «խնդիրներն» է լուծում. «Եթե ոչ ոքի մեդալ չի տալիս, ուրեմն իր պաշտոնն ավելորդ է, պետք է կրճատել, ինչ-որ մեկին պետք է մեդալ տա, որ ասեն` տեսա՞ք, ինչ-որ բան արեց: Ի՞նչ անի, կարո՞ղ է պատահական մեկին տա: Կարող է նաեւ մեկին տա, անունը դնի, որ գործ է արել, ի՞նչ իմանաս: Էդ չափանիշները ճիշտ չափանիշներ չեն: Պետք է Տարոն Մարգարյանին հարցնել, թե նա ինչ է արել, գուցե արել է բաներ, որ մենք չենք նկատում»,-նշեց դերասանը:
Այսպիսով` ստիպված ենք արձանագրել, որ նույն հաջողությամբ մեզանում կարող են արվեստի մեկենասի մեդալ շնորհել, ասենք, լավ աղբահանության, կամ ջրմուղ-կոյուղու աշխատանքն անխափան ապահովելու համար: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի կողմից ԵԹԿՊԻ շենքի ֆասադը լվանալուն, ապա հարկ է հիշեցնել Դավիթ Մուրադյանին, որ դա քաղաքային իշխանությունների ուղղակի պարտականությունն է, որը մեկենասության հետ հեռավոր աղերս անգամ չունի:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՍՏՂԵՐԸ ԿՀԱՄԱԽՄԲՎԵՆ
Մայիսի 9-ին արդեն երկրորդ անգամ Կալիֆորնիայում կանցկացվի «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությունը: WAEA-2015-ն իր շուրջը կհամախմբի հայկական շոու-բիզնեսի` երգարվեստի, կինոյի, հեռուստատեսության եւ նորաձեւության ոլորտների ներկայացուցիչներին: Այս տարի մրցանակաբաշխությանը կմասնակցեն Քրիստինե Պեպելյանը, Էմմին, Ռազմիկ Ամյանը, Լուիզա Ներսիսյանը, Մարտին Մկրտչյանն ու այլ հայտնիներ: WAEA-ի գաղափարը պատկանում է «Global Arts» ընկերությանը: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է անցած տարի` մայիսի 11-ին:

 

ՌԻՀԱՆԱՆ ՀԵՐՔԵԼ Է
Օրերս երգչուհի Ռիհանան ներկա է եղել Նյու Յորքում անցկացված գործնական մի ընթրիքի, որի ընթացքում, պատասխանելով Hello-ի թղթակցի հարցերին, հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: Անդրադառնալով հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Լեոնարդո դի Կապրիոյի հետ, Ռիհանան պատասխանել է, որ ինքը բավական զբաղված է եւ սիրավեպ սկսելու համար ժամանակ չունի. «Այժմ ես ոչ մեկի հետ հարաբերություններ չունեմ: Ապրում եմ իմ կարիերայով, ուստի տղամարդը, որը ինձ կսիրի, պետք է գիտակցի, որ պետք է հաշվի նստի իմ աշխատանքային գրաֆիկի հետ եւ չվախենա դրանից: Իսկ այն, ինչ գրում են լրատվամիջոցները իմ եւ Լեոնարդո դի Կապրիոյի մասին, կատարյալ հիմարություն է, հորինվածք»,- մեկնաբանել է նա:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է` արեւմտյան մամուլը գրում է, որ Ռիհանան եւ Լեոնարդո դի Կապրիոն սիրավեպ ունեն: ԶԼՄ-ներն անընդմեջ «միացնում» եւ «բաժանում» են նրանց:

 

ՀԱՆՈՒՆ ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅԱՆ
Երգչուհի Սելենա Գոմեսին հոգնեցրել է սեփական արտաքին տեսքը, եւ նա որոշել է մի շարք աստղերի օրինակին հետեւելով` կտրուկ փոփոխությունների դիմել` առավել սեքսուալ տեսք ունենալու համար: OK! ամսագրի փոխանցմամբ` Սելենան մշտապես բարդութավորվել է իր հարթ հետույքից, ուստի մտադիր է վերջապես վիրահատական միջամտության դիմել: Երգչուհին պատրաստ է աչք փակել անգամ այն հանգամանքի վրա, որ վիրահատության համար ստիպված է ծախսել մոտ 20 հազար դոլար:




Լրահոս