Գեղարքունիքի մարզի 63 համայնքներում սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրված 152 թեկնածուներից կմասնակցեն 108-ը:
Ինքնաբացարկների քանակով հատկապես աչքի են ընկել Սեւան քաղաքը, որտեղ առաջադրված 10 թեկնածուներից ընտրությանը մասնակցելու է միայն Գեղարքունիքի նախկին մարզպետ, Սեւանի քաղխորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ կողմից առաջադրված Ռուդիկ Ղուկասյանը:
Իսկ Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից կպայքարեն միայն գյուղապետի տեղակալ, անկուսակցական Վահրամ Գեւորգյանը եւ ԲՀԿ անդամ, ԲՀԿ կողմից առաջադրված Վիլիկ Սիմոնյանը:
Վարդենիս քաղաքում ինքնաբացարկ են հայտնել ինքնաառաջադրված Վիկտոր Մկրտչյանը եւ Ադիբեկ Մելիքյանը` պայքարի մեջ թողնելով գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ կողմից առաջադրված Վոլոդյա Խլոյանին եւ ԲՀԿ անդամ, ԲՀԿ կողմից առաջադրված Աշոտ Մարտիրոսյանին:
Մարտունի քաղաքում կմրցեն գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Բագրատ Հարությունյանը, ԲՀԿ անդամ, Մարտունու նախկին ոստիկանապետ Թաթուլ Ավետիսյանը եւ ՀԿԿ անդամ, Մարտունու քաղաքապետի տեղակալ Ռադիկ Հարությունյանը:
Ճամբարակ քաղաքում գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Յուրա Ավալյանը մրցակից չունի: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում մրցակիցներ չունեն նաեւ Ծակքարի, Նորատուսի, Լճաշենի, Ախպրաձորի, Վարդաձորի, Գանձակի, Լանջաղբյուրի, Բերդկունքի, Գեղամասարի, Վերին Շորժայի համայնքների գործող ղեկավարները:
Գյուղապետի պաշտոնի համար չափից դուրս լուրջ մրցակցություն է սպասվում Կարմիրգյուղում, որտեղ առաջադրված է յոթ թեկնածու, Ծովազարդում, Լճավանում եւ Մարտունի գյուղում առաջադրված են չորսական թեկնածուներ: