Սուրբ Զատիկը քրիստոնյա աշխարհի, կարելի է ասել, ամենասպասված տոնն է: Տարբեր երկրներում Զատիկը նշելու տարբեր ավանդույթներ կան:
Եվ այսպես՝ Անգլիայում Սուրբ Զատիկը համարվում է եկեղեցական գլխավոր տոնը: Տոնից երկու շաբաթ առաջ դպրոցներում հայտարարվում է արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ընդունված է միմյանց շոկոլադե ձվով, կոնֆետով և թխվածքաբլիթով հյուրասիրել: Իսկ տոնի ժամանակ եկեղեցի անգլիացիները գնում են նոր հագուստով:
Գերմանիայում բացի գունագեղ հավկիթներից, կան նաև Զատիկը խորհրդանշող այլ սիմվոլներ: Օրինակ՝ Զատիկի նապաստակը, ով երեխաներին ներկած ձու կամ այլ բան է բերում: Հենց Գերմանիան է համարվում Զատիկի նապաստակի հայրենիքը: Մեկ այլ սիմվոլ է Զատիկի ծառը, որը զարդարված է հավկիթներով:
Գերմանիայում պահպանվել է նաև հին ավանդույթ՝ ավանդական ձիերով երթը: Բավարիայում փողոցները լցվում են ձիավորներով, ովքեր գնում են եկեղեցի՝ ձիերին օրհնելու համար:
Ֆրանսիայում Սուրբ Զտիկի տոնի ավանդույթներն այնքան էլ չեն տարբերվում այլ երկրների ավանդույթներից: Զատիկի սեղանի գլխավոր ուտեստը համարվում է տապակած ճուտը: Իսկ տունը ֆրանսիացիները զարդարում են ժապավեններով, զանգերով և այլ հետաքրքիր զարդարանքներով:
Իսպանիայում ևս ավանդույթները շատ քիչ են տարբերվում աշխարհի տարբեր երկրների ավանդույթներից: Այնտեղ Զատիկը նշում են մեծ սեղանի շուրջ ներկած հավկիթներով և թխվածքով:
Իսկ ահա Սուրբ Զատիկի տոնից առաջ Իսպանիայում տեղի է ունենում Սեմանա Սանտա, որը նշանակում է Սուրբ Շաբաթ: Այդ ժամանակ հիմնարկների մեծ մասը փակ է լինում, իսկ մարդիկ փողոց են դուրս գալիս անսովոր հագուստներով: Այսինքն՝ բոլորը սուր ծայրերով գլխարկներ են կրում և լույսեր:
ԱՄՆ-ում Սուրբ Զատիկի նշելու ավանդույթները շատ են, քանի որ այնտեղ ապրում են քրիստոնյա տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Այդ օրը հարյուրավոր երեխաներ գալիս են Սպիտակ տուն և ներկված հավկիթներով խաղում այգում:
Ամերիկացիների սեղանի պարտադիր պետք է լինի խոզապուխտ, կարտոֆիլ, մրգային աղցան և բանջարեղեն: Սեղանները զարդարում են ծաղիկներով, հատկապես Զատիկի սիմվոլ համարվող լիլիայով:
Իսկ օրինակ Նիգերիայում Սուրբ Զատիկի տոնին Լագոս քաղաքի հրապարակում կազմակերպվում է մեծ տոնախմբություն: