ԲՀԿ-ԻՆ ՉԵՆ ՍԻՐԱՇԱՀԻ ՈՒ ՉԵՆ ԽՆԴՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության հնարավոր հրաժարականին ու դրանից հետո ԲՀԿ-ի՝ կոալիցիա վերադառնալու հավանականությանը:
-Սերժ Սարգսյանը բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց Տիգրան Սարգսյանի կառավարության հասցեին՝ նրա աշխատանքը գնահատելով «շատ բացասական»: Կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում ականատես կլինենք վարչապետի փոփոխության կամ կառավարության հրաժարականի:
-Ես չեմ կարող նման բան ասել. կառավարության ու վարչապետի հրաժարականը նախագահի գործառույթն է: Ես ինձ իրավունք չեմ վերապահում մտնել այդ ոլորտ: Առավել եւս, երբ այսօր՝ այս պահին, ՀՀԿ օրակարգում չկա նման հարց: Եթե այս խորհրդակցությունից հետո կոնկրետ, հստակ քայլեր չլինեն, ապա պարզ է, որ Սերժ Սարգսյանի հաջորդ քայլը պետք է լինի ավելի կոշտ, ավելի առարկայական: Թե դա ինչ ձեւով կարտահայտվի, Սերժ Սարգսյանի գործառույթն է:
-ԲՀԿ-ն չէր բացառել իր վերադարձը կոալիցիա համապատասխան փոփոխությունների դեպքում, եթե իրենք հնարավորություն ունենան իրականացնել իրենց ուրույն քաղաքական կուրսը: Դուք հավանական համարո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին զիջի վարչապետի պաշտոնը՝ այդպես այդ քաղաքական ուժին սիրաշահելու եւ նրանից Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում սատարելու խոստում կորզելու համար:
-Ցավով եմ արձանագրում, որ այդ խորհրդակցությունից հետո խոսակցությունները պտտվում են վարչապետի պաշտոնանկության, կառավարության հրաժարականի, ԲՀԿ-ին սիրաշահելու դրսեւորումների շուրջ: Ես կարծում եմ՝ այստեղ պետք է նայենք, թե արդյոք մենք կարող ենք վատ երեւույթները գլոբալ առումով արմատախիլ անել: Նկատի ունեմ մեր երկրում, պետության մեջ, հասարակության մեջ, ընդդիմության ու իշխանության մեջ արմատացած վատ երեւույթները: Խնդիրն այն է, թե կարող ենք համախմբվել ու արմատախիլ անել այդ երեւույթները, այլ ոչ թե՝ ով հրաժարական կտա, ում պաշտոնանկ կանեն: Մենք խնդրին մոտենում ենք այս տեսանկյունից:
-Այնուամենայնիվ, վարչապետին պաշտոնանկ անելով՝ փորձելո՞ւ եք սիրաշահել ԲՀԿ-ին, թե՞ ոչ:
-Ես նախկինում ասել եմ, կրկնեմ՝ մենք ունենք ծրագիր, ունենք պատկերացումներ, քայլեր, որոնցով առաջնորդվում ենք: Եթե կլինեն քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, որոնք կկիսեն մեր ծրագրերը, կնստենք, կքննարկենք, ինչու չէ, նրանց բարձրացրած խնդիրներ ու գաղափարներ կմտցնենք մեր ծրագրի մեջ, միասին կքայլենք առաջ: Եթե նախագահական ընտրություններում կպաշտպանեն մեր թեկնածուին, ապա կողջունենք, իհարկե, նաեւ կսատարենք նրանց: Բայց եթե կան մարդիկ, որոնք կփորձեն մեզ հետ չափել իրենց ուժը՝ առաջադրելով սեփական թեկնածու, ապա որեւէ խնդիր չեմ տեսնում: Քաղաքականությունն անսահմանափակ հնարավորությունների արվեստ է: Չեմ կարծում, որ սիրաշահել բառն այստեղ տեղին է: Մենք կարող ենք համագործակցել, միասին ծրագրեր իրականացնել, ուս ուսի տված՝ առաջ գնալ, այլ ոչ թե սիրաշահել կամ խնդրել:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս