ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՀԵՐՔՈՒՄԸ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել է, թե ձու արտադրող երեք ընկերությունների հերքումները եւ մասնավորապես «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից տարածված հայտարարությունը չեն համապատասխանում իրականությանը:
ՊՆ-Ն ՔՆՆՈՒՄ Է
ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այս պահին բազմակողմանի քննություն է իրականացնում: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտնել է նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Ուշագրավ է, որ ՊՆ քննչական ծառայությունն այժմ քննություն է իրականացնում ոչ միայն խարդախության գործով, այլեւ հարկերից եւ պարտադիր այլ վճարումներից խուսափելու ուղղությամբ: Թե խոսքն ինչ պարտադիր վճարումների մասին է, եւ կոնկրետ ով է խուսափել հարկերից, քննչական ծառայությունն առայժմ չի հայտնում:
ՕԳՆԵԼ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
Ստեղծվել է «Օգնի՛ր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակն է օգնել Սիրիայի բնակչությանը, հատկապես սիրիահայերին: Նախաձեռնող խումբը մտադիր է պարբերաբար տարբեր միջոցառումներ իրականացնել, օրինակ՝ ստեղծվել է հաշվեհամար, որին գումար փոխանցելով՝ հնարավոր կլինի ներդրում ունենալ սիրիացիներին օգնելու հարցում: Այդ մասին երեկ տեղեկացրել են նախաձեռնող խմբի անդամները՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը եւ ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
ՏԵՂՅԱԿ ԷՐ
«Գլոբալ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արշակ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղյակ է եղել Նյու Յորքի դաշնային դատարանի կայացրած դատավճռի մասին: Նա նաեւ տրամադրել է այն ծանուցագրերը, որոնք ընկերությունն ուղարկել էր Վ. Այվազյանին:
ՈՒՇԱԴԻՐ ՆԿԱՐՈՒՄ ԷՐ
Կառավարությունում հրավիրված հայտնի խորհրդակցության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նկարչությամբ էր զբաղված: Սակայն Aravot.am-ի հետ զրույցում նախարարը փորձել է հերքել դա. «Ես նկարչություն չէի անում, ես նշումներ էի կատարում: Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»: Իսկ կայքի հիշեցմանը, թե տեսանյութում դա հստակ երեւում է, եւ «Ֆեյսբուք»-ի շատ օգտատերեր էլ դա արձանագրել են, Հարությունյանը հակադարձել է. «Ասողը գլուխը պատովն է տալիս: Ես շատ ուշադիր լսում էի եւ նշումներ կատարում»:
ԱՐԱԳ ԿՎԵՐԱՑՆԻ
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ իր գլխավորած կառույցի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքները վերաբերում էին իր նախորդի պաշտոնավարման շրջանին: Ըստ Բեգլարյանի՝ իր ղեկավարած նախարարությունից Ս. Սարգսյանն այսօր միայն մեկ բան է պահանջում. «Որ արագ ժամանակահատվածում վերացնենք այն թերությունները, որ առկա են եղել այդ նախարարությունում»: Արագը ինչքան է՝ կպարզենք։
ՀԱԷԿ-ՈՒՄ ԽՆԴԻ՞Ր ԿԱ
Սեպտեմբերի 15-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: ՀԱԷԿ-ը կանգնեցվել է ամենամյա վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման եւ վերալիցքավորման նպատակով: Պլանային վերանորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 11-ը: Այսինքն՝ ՀԱԷԿ-ը կանգ է առնելու 88 օրով, մինչդեռ պլանային նորոգման համար սովորաբար անհրաժեշտ է 40 օր: Այդ ժամկետն ավելին է, քան անգամ կապիտալ նորոգման համար անհրաժեշտ 65 օրը: Վերջին անգամ ատոմակայանը 85 օրով կանգնեցվել էր 2008թ.: