ՉԻ ԱՌԵՐԵՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը նշանակված էր սեպտեմբերի  18-ին՝ ժամը 15-ին: Սակայն հերթական անգամ դատական նիստն ուշացումով սկսվեց, քանի որ նշանակված ժամին ամբաստանյալ 3 զինծառայողներին ոստիկանական խումբը դատարան չէր բերել: Դատական նիստերի քարտուղարը հայտարարեց, որ ոստիկանական մեքենան ճանապարհին է եւ Իջեւան կհասնի մեկ ժամից: Մեկ ժամ անց՝ նիստը վերսկսվելուց հետո, ուղեկցող ոստիկաններից մեկը հայտարարեց, որ իրենք ուշացել են, քանի որ մեքենան տեխնիկապես անսարք է եւ վերելքների ժամանակ տաքանում է: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանն այս առթիվ պետք է միջնորդությամբ հանդես գա, սակայն դատավոր Սամվել Մարդանյանը պատասխանեց, որ դրա կարիքը չկա, ինքը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի հետ, որպեսզի վերջինս իր հսկողության տակ վերցնի այդ խնդիրը:
Բուն նիստում շարունակեց որպես վկա դատակոչված, քրեական գործով քննիչ Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը քննիչին ասաց, որ Ա. Նազարյանի մահվան նախօրեին վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի եւ Ա. Նազարյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ժամանակ Ուդումյանը հայհոյանքներ է հնչեցրել Նազարյանի հասցեին, նաեւ ասել, որ գալու է հենակետ` հարաբերություններ պարզելու, եւ այդ մասին նախաքննությանը հայտնի է դարձել օգոստոսի 4-ին: Փաստաբանը հարցրեց, թե ինչու նախաքննական մարմինն Ուդումյանի հարցաքննությունը միայն օգոստոսի 19-ին է կատարել: Քննիչ Պետրոսյանն ասաց, որ նախաքննական մարմինն է որոշում, թե որ վկային երբ հարցաքննի, որ Ուդումյանից առավել կարեւոր վկաներ կային, եւ որ Ուդումյանը չի այցելել հենակետ: Մ. Շուշանյանը հարցրեց, թե ինչ տրամաբանությամբ Գ. Ուդումյանը գործում որպես մեղադրյալ չի ներգրավվել: Դատավոր Ս. Մարդանյանն ասաց, որ այդ հարցն արդեն հնչել է, եւ ինքը հարցը հանում է: Ի պատասխան՝ Շուշանյանը նկատեց, որ ամեն անգամ, երբ ինքը հարց է ուղղում Ուդումյանի վերաբերյալ, դատավորը հարցը հանում է, ինչը կասկածների տեղիք է տալիս:
Քննիչ Պետրոսյանին հարցեր տալիս Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանն ասաց, որ 2011թ. փետրվարի 14-ին վկա Գարեգին Սայադյանի հարցաքննության սկզբի եւ ավարտի ժամերը նշված չեն: Վահագն Հայրապետյանը քննիչին հարցրեց, թե իր դեմ ցուցմունք տված վկա Գարեգին Սայադյանի հետ ինքն ինչու չի առերեսվել: Քննիչն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Քննիչին հարցեր ուղղեցին նաեւ ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբօղլյանը: Սեպտեմբերի 25-ին նշանակված դատական հաջորդ նիստում կշարունակվի վկա Լեւոն Պետրոսյանի հարցաքննությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս