Երեկ` սեպտեմբերի 23-ին, Ոստիկանութայան Մարաշի բաժանմունք անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Քաջազնունու թիվ 3-րդ և 5-րդ շենքերի միջնամասում վիրավոր մարդ կա: Նշված հասցե են մեկնում Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նշված վայր է ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը:
Մինչ դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը աշխատանքներ կկատարարեր, Էրեբունի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվում Ոստիկանութկան Մարաշի բաժանմունք, որ աջ ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության աշխատակիցները պարզում են, որ վիրավորը Քաջազնունու 5 շենքի բնակիչ, “Դաշինք” ՍՊԸ-ի հաշվապահ, 50-ամյա Բաբկեն Հովհաննիսյանն է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ երեկ նրա եղբայրը` “Դաշինք” ՍՊԸ-ի տնօրեն, 47-ամյա Ռուբեն Հովհաննիսյանը, օպերատիվ քննչական խմբին հայտնել է, որ ժամը 19:00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը Քաձազնունի փողոցի թիվ 5 շենքի բակում հարձակվել է իր եղբոր` Բ.Հովհաննիսյանի վրա և փորձել է հափշտակել նրա մոտ եղած գումարը: Այդ ընթացքում դիմակավորված անձը հրազենից կրակել է եղբոր ուղղությամբ, սակայն, ոչինչ չկարողանալով հափշտակել, “ՎԱԶ 2121” մակնիշի` առանց համարանիշների ավտոմեքենայով դիմել է փախուստի: Օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է որսորդական հրացանի մեկ փամփուշտ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ` պարզելու համար հանցագործություն կատարած անձի ինքնությունը և հայտնաբերելու “ՎԱԶ 2121” ավտոմեքենան ու հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: