Լուսանկարներն արվել են նախապատրաստական աշխատանքների ժամանակ. Նաիրա Նահապետյանը` քննադատությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանն Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ական կանանց այցին Ծիծեռնակաբերդ և մեծ աղմուկ հանած լուսանկարներին:

– Տիկի’ն Նահապետյան, ՀՀԿ-ական կանանց` Ծիծեռնակաբերդ այցի լուսանկարները համացանցում բուռն քննադատությունների տեղիք տվեցին: Կցանկանայինք իմանալ, ո՞րն էր միջոցառման նպատակը, և ինչո՞ւ համացանցում նման ժպտացող դեմքերով լուսանկարներ հայտնվեցին:

– Լուսանկարներն արվել են ոչ թե միջոցառման ժամանակ, այլ` նախապատրաստական աշխատանքների, երբ մասնակիցները Հայաստանի տարբեր ծայրերից հավաքվում  էին   հուշահամալիրի  մոտ,  ծաղիկներ  և  իրենց  իսկ կողմից  պատրաստված  շարֆեր  էին  բաժանում ժամից ավելի: Եվ կարծում  եմ` մարդկային է, որ  որոշ  ժամանակ  միմյանց  չտեսած մարդիկ նախապատրաստական մեկ ժամում շփվում էին: Սխալ, կողմնակալ լուսաբանում եղավ, ինչը ճիշտ չէր:

– Ի վերջո, ո՞րն էր նման միջոցառման բուն նպատակը:

–   2015 թվականը  Ցեղասպանության  100- րդ  տարելիցի  ոգեկոչման  տարի է. մեր միջոցառման բուն  նպատակն  էր   ոգեկոչել  հայ  կնոջը ապրելու,  արարելու  և     մայրանալու   ձգտումը: Մենք  ուզում ենք աշխարհին ասել , որ  հայ  կինն  ուժեղ  է  և  ամուր  կանգնած  է  իր  մայր  հողի վրա:

– Այդ դեպքում, ո՞րն էր պատճառը, որ ակցիան չընկալվեց այնպես, ինչպես նախատեսված էր:

– Ակցիայի  լուսաբանաման  մեջ  ոչ օբեկտիվ, թյուր   և  կանխակալ  լուսաբանման  տարրեր կային: Միգուցե  նաև սենսացիայի մրցավազքի  արդյունք  է:  Վստահ եմ`  կանանց ջերմ հանդիպման  մի  քանի ժպիտը առավելագույն դիտումներ բերեցին լրատվական կայքերին: Բայց դրանք էժան դիտումներ էին` էժան մեկնաբանություններով:  Ցավալի է, որ բուն ակցիայից լուսանկարներ շատ քիչ էին: Ծաղիկներ դնելու և քայլերթի լուսանկարներից գրեթե չկային: Այսինքն` համացանցում հայտնվել են այնպիսի լուսանկարներ,  որոնք, կարծես, մեկնաբանություններ  գրող մարդկանց  համար  լինեին: Կարծում եմ` հայերիս համար այսքան կարևոր այս թեման  չէր կարելի շահարկել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս