“Հարսնաքար” ռեստորանային համալիրը հուլիսի 1-ի գիշերը պայթեցնելու փորձ կատարած ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով այսօր տեղի է ունենում առաջին դատական նիստը:
Այն անցկացվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդապետյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի՝ “Հարսնաքար” ռեստորանային համալիրում ծեծի հետևանքով մահանալուց հետո հուլիսի 1–ին՝ գիշերը ժամը 02.15–ի սահմաններում, ճամպրուկը ձեռքին մտնելով “Հարսնաքար” ռեստորանային համալիր, ՊՆ բարձրաստիճան զինվորական Վարդան Սամվելյանը սպառնացել էր, որ այն պայթեցնելու է:
Միայն Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբին, երեք ժամ շարունակված բանակցություններից հետո, հաջողվել էր վնասազերծել Վարդան Սամվելյանին և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Վարդան Սամվելյանը նիստի ընթացքում իրեն մեղավոր ճանաչեց: Այնուհետ, ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանը դատարանից ժամանակ խնդրեց ճշտելու իր պաշտպանյալի դիրքորոշումը՝ գործը արագացված քննելու մասին միջնորդություն ներկայացնե՞լ, թե՞ ոչ:
Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացված ՔՕ-ի 235 հոդվածի 1-ի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) և 4-րդ մասերով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):