Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ հաղթում է այն թեկնածուն, որը ընտրակաշառք է տալիս կամ ունի հզոր հովանավոր: Իսկ որ տոն լինելու փոխարեն ընտրությունները վերածվում են կռվի, դառնում պապենական թշնամության պատճառ, վաղուց նորություն չէ: Լարված, պայթյունավտանգ մթնոլորտ է ստեղծվել նաեւ Ազատամուտ համայնքում, որտեղ առաջադրված երկու թեկնածուների հակամարտությունը նախապատմություն ունի:
«Ժողովուրդ»-ը ՏԻՄ ընտրությունների ընթացքին տեղեկանալու նպատակով պատահականության սկզբունքով զանգահարեց Տավուշի մարզի Ազատամուտ գյուղ: Համայնքի գործող ղեկավար Ժորա Մարտիրոսյանը շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց ընտրարշավից:
Նրա վկայությամբ՝ ինքնաառաջադրված թեկնածու Արտեմ Սարիբեկյանի եւ իր ընտանիքի թշնամությունը նախապատմություն ունի: Իսկ Սարիբեկյանն էլ «հանցագործ է ու գտնվում է հետախուզման մեջ»: «Դա իմ թշնամու՝ Երիցյան Աշոտի՝ Գլուխ Աշոտի միրզամն է՝ աներձագը: Ռուսաստանի Լոբինա քաղաքըմը մարդ ա ավտոյի տակը գցել, դատվել ա: Ընդեղից էլ փխցրել են, բերել ըստի, վերբովկա են արել: Հլը իրա սրոկը չի նստել, բերել են ըստի թեկնածու են դրիլ»,-պատմում է Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Ա. Սարիբեկյանը եղել է համայնքի նախկին ղեկավար Աշոտ Ամիրջյանի տեղակալը: Ըստ Մարտիրոսյանի՝ վերջիններս իրենց իշխանության տարիներին յուրացրել են Ազատամուտ մտնող մարդասիրական օգնությունը: «12 տարի գեղի ժըղովրդին ստրկացրին: Էկած ալիրը, ոսպը, ձեթը տարան, թալանեցին: Ես էլ էկա, էդ կծիկը մաքրեցի: Ավանը զարդարեցի, նույնիսկ գեղապետարանի շենքը կերան, մշակույթի տանն ենք նստած: Հիմի էդ «թալանչի թիմը» հըվաքվել ա, ուզում ա ինձ նեղացնի: Բայց դե ժըղովուրդը խու հիմա՞ր չի, նա կուզի՞, որ նորից թըլանվի: Ըսկի քարոզարշավ չեն կարում անեն, բա դրանք երես ունի՞ն որ»,-ասում է գյուղապետը:
Նա պնդում է, որ այդ «թալանչիներին» գլխավորում է «Սեւքար»-ի անտառտնտեսության պետ Աշոտ Երիցյանը, որը «Երկրապահ»-ի մարզային կառույցի նախագահն է եւ ՀՀԿ Տավուշի մարզի տարածքային կառույցի փոխնախագահը. «Բա, «Երկրապահ»-ը երկիրը պահելու համար է, չԷ՞, ոչ թե օրը ցերեկով զորքով ու զենքով մարդու տան վրա հարձակվիլու: Գիտես չէ՞, որ մարտի 25-ին էկան, տանս վրա ռազբոյ արին: Իմ գլխին արմատուրի կտորով տվին, հիվանդանոց ընկա, վիրահատվեցի: Իսկ կոտրած ձեռքս մինչ օրս չի լավանում: Տղեքիս ծեծեցին, նրանցից մեկին էլ՝ Ռոբերտին, գողացան տարան, Վանաձորի բերդում պահեցին: Եղեռնի օրը Սերժ Սարգսյանին խնդրեցի, տղայիս բերդից հանեցին: Հլը ասա պատճառն ի՞նչն էր»:
Իր իսկ հարցին պատասխանելով՝ Մարտիրոսյանը պատմեց, որ երկու «բորտավոյ մաշինա» ունի, որոնք օգտագործում է համայնքի բնակիչների համար անտառից թափուկ փայտ բերելու, սոցիալապես ծանր ընտանիքներին օգնելու եւ անձնական նպատակներով: «Շատ թվաց էս Գլուխ Աշոտին: Ո՜նց կլիներ, իր փայ անտառից մի շիվ էինք տանում, էն էլ օրենքով՝ չեկով: Կռվեց, չթողեց: Մեքենաներն անտառից հանել տվեց: Էդ մեզ չէր կարելի, բայց որ ինքը մի մետր հաստությամբ գերանները կրում ա, 50-100 տարեկան ծառերը բրդում ու ծախում, փողերը ջիբերը լցնում, իրան տենող չկա: Ա՛յ բալա ջան, բա էդ բնապահպանությունն ո՞ւր ա: Թե՞ չեն կարում էդ Գլխի վրա: Բա էս երգրին տեր չկա՞, բա նեուժելի՞ մեր նախագահը դրա մասին չգիտի»,-վրդովվում է համայնքի ղեկավարը:
Սույն տեղեկությունները ստուգելու նպատակով զանգահարեցինք Ազատամուտ համայնք եւ խոսեցինք բնակիչ 62-ամյա Գագիկ Ջամալյանի հետ, որը մեր հարցմանը պատասխանեց. «Ա՛յ բալա ջան, մեծ մարդ եմ, իմ ի՞նչ գործն ա՝ անցավ գլուխս ցավի տակ դնեմ: Աշոտը անտառը տանո՞ւմ ա, թող իրավապահները իշի ականջում չքնեն: Էդ չգիտեմ, բայց որ պատրաստվում է աներձագի համար փող բաժանել ընտրությունների վախտը, ա՛յ սա հաստատ գիտեմ: Մեր հարեւան Նինային ուզեցել են փող տան, չի վերցրել, տվողն էլ ասել ա՝ խի՞ չես վերցնում, կարո՞ղ ա ավել փողը փորդ ծակի»: Հետո պարոն Գագիկն ասաց, որ իր հարեւան Նինան միայնակ կին է, ազգությամբ ռուս՝ Կուրտովա, ում 30-ամյա Նարգիզ Աղբալյանն առաջարկել է տասը հազար դրամ, որից նա հրաժարվել է` հարուցելով Աղբալյանի դժգոհությունը: Զրուցելով եւս մի քանի համայնքաբնակների հետ` պարզ դարձավ, որ մարդիկ մտահոգություն ունեն, թե նախկին «թալանչիներն ու տեռորիստները» փողով կգնեն գյուղի աղքատ բնակիչներին եւ կրկին կգան իշխանության:
Գյուղապետի տեղեկություններով՝ Արտեմ Սարիբեկյանը երկու օր առաջ ոստիկանության մասնակցությամբ բացել է իր նախընտրական շտաբը եւ սկսել քարոզարշավը: «Մարդ էլ չէր մասնակցում քարոզարշավին, իրանք էին ու իրանք»,-ասաց Գագիկ Ջամալյանը:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ Աշոտ Երիցյանին, որը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց իր հասցեին հնչեցվող մեղադրանքները. «Դրանք զրպարտանք են, ես կկանչեմ, իրանց կասեմ: Երեւի վախում են ընտրություններում պարտվեն, մեր վրա ցեխ են շպրտում»:
«ԱՓՍՈՒԶ ԵՆ ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐՆ ՈՒ ԺԸՂՈՎՈՒՐԴԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ