ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6 տարի միասին աշխատելուց հետո ինչո՞ւ հանկարծ  բաժանվեց «Թիվ 5» խումբը: Արդյոք իրական են խոսակցությունները, որ բաժանման պատճառը գումարն է: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները պարզեցինք «Թիվ 5» խմբի անդամներից մեկից` Ալբերտ Գրիգորյանից, որը հիմա հանդես է գալիս Աբո բեմական անունով:
-֊Հավատացե՛ք, խմբում ոչ մի խնդիր չի եղել, անդամների մեջ էլ ոչ մի տարաձայնություն չկա, ուղղակի որոշեցինք բաժանվել: Հիմա մեզանից յուրաքանչյուրը զբաղվում է իր անհատական կարիերայով: Ես ու Տիգրանն ընտրեցինք երգը, շարունակում ենք այդ ուղղությամբ, Ռաֆոն տնօրինում է գործիքավորման ու ձայնագրման ստուդիան, իսկ Մանվելը խաղում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Ի դեպ, նա ստացավ «Արտավազդ»` «Տարվա լավագույն դերասան» կոչումը: Մենք հիմա զբաղվում ենք մեր սիրած գործով` ընկերությանը չդավաճանելով:
-Իսկ ես լսել էի, որ կոնֆլիկտ է եղել այն պատճառով, որ չեք կարողացել հավասարաչափ բաշխել հոնորարը, քանի որ տղաներից մեկն իրեն ղեկավարի տեղ է դրել:
-Էդպիսի բաներ չկան, դրանք ասեկոսեներ են: Դուք էլ լավ գիտեք, որ Հայաստանում չեն վաստակում ինչ-որ մեծ դրամական միջոցներ, որ չորս ընկերով չկարողանայինք կիսել:
-Հե՞շտ էր խումբը բաժանելու որոշում կայացնել:
-Շատ բարդ էր, որովհետեւ երբ ունես ստեղծած մի բան, որոշակի գործ, ինչու չէ, նաեւ շատ թե քիչ սիրված ենք, ունենք երկրպագուների բանակ, ծանոթություններ, ու այս ամեն ինչը թողնել մի կողմ, սկսել անհատական կարիերա, կարծում եմ՝ բոլորի համար էլ դժվար կլինի:
Մենք մինչ խումբ կազմելն էլ ընկերներ ենք եղել, բոլորս սկսել ենք Երգի պետական թատրոնից, հետո ստեղծվեց «Կանաչ գոտի» նախագիծը, որի շրջանակներում էլ խմբավորվեցինք ու դարձանք խումբ:
-Հիմա Դուք միայնակ եք գործում, այսպե՞ս է հեշտ, թե՞ երբ խմբով էիք:
-Ասեմ՝ ոչ մի ձեւ էլ հեշտ չէ, որովհետեւ ամեն պարագայում էլ կան բարդություններ, բայց խմբով այնքանով էր հեշտ, որ կարծես մեջքդ ամուր լիներ: Ցանկացած վայրում էլ հայտնվելիս գիտեիր, որ մենակ չես, ընկերներով եք: Երբ մենակ ես, արդեն դու ինքդ ես փորձում հաղթահարել դժվարությունները:
-Անհատական կարիերայի դեպքում նաեւ հոնորարն է միայն մեկին հասնում:
-Բայց հաշվի՛ առեք, որ երբ խմբով էինք, ծախսերն էլ էինք միասին անում (ծիծաղում է-Ե. Ռ.): Ամեն դեպքում, մենք չենք կենտրոնացել այդ տեսակ խնդիրների վրա, անձնվիրաբար ամեն ինչ արել ենք, զոհել ենք մեզ շատ հարցերում, տեղերում, որ կարողանանք գործի մեջ գումար ներդնել: Մեր կողքին էլ եղել են մարդիկ, որոնք մեզ օգնել են ու վստահել մեր ուժերին: Եթե հիշեք, «Կանաչ գոտի» նախագծի շրջանակներում մենք աշխատում էինք Երգի պետական թատրոնում, այսինքն՝ չէինք կարող չառնչվել Արթուր Գրիգորիչի հետ, ու մենք նրան համարում ենք մեր խմբի կնքահայր: Մեր կայացման հարցում մեծ դեր ունեցան նաեւ Հրաչ Քեշիշյանը ու այս վերջին շրջանում՝ Գարիկ Իսրայելյանը` «Ժպիտ»-ի Գարիկը:
-Վերջերս եթերում նկատեցի Ձեր տեսահոլովակը: Երբ տարաք հեռուստաընկերություն, գումար պահանջեցի՞ն:
-Չեմ ուզում՝ մեծամտություն թվա, բայց այնպես չի եղել, որ տեսահոլովակ ներկայացնենք, ու մեզանից գումար պահանջեն թե՛ խմբի, թե՛ անհատական կարիերայի ժամանակահատվածում:
-Հիմա որեւէ ակումբում կամ ռեստորանում աշխատո՞ւմ եք:
-Դեռ ոչ, բայց ունեմ ուրիշ նախագծեր, զբաղվում են դրանցով, երգեր եմ ձայնագրում, ուզում եմ մինչեւ տարեվերջ ձայնասկավառակ ու տեսահոլովակ թողարկել: Աշխատանքներս բուռն են:
-Հրավերներով երգո՞ւմ եք:
-Իհարկե, երբ լինում են ինձ համար նախընտրելի առաջարկներ, ընդունում եմ: Ամեն տեղ չէ, որ  ներկա եմ լինում, նախ փորձում եմ հասկանալ՝ ինչ միջոցառում է, որքանով է ինձ հետաքրքիր, որ ես էլ ցանկանամ իմ ներկայությամբ դրական լիցքեր հաղորդել շրջապատիս ու ներկա մարդկանց: Հավատացե՛ք, ոչ մի բան հեշտ չէ, մանավանդ պահել ու ամրապնդել քո տեղը շոու բիզնեսում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս