ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԿՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Չինաստանի հեռավոր գյուղերից մեկում` Յուշանում, բնակիչներն արտաքին աշխարհի հետ կապ են պահպանում միայն սահմռկեցուցիչ ճոպանուղու միջոցով: Մոտ 1 կմ երկարությամբ ճոպանուղով, որը հաճախ կոչում են «Երկնային ճանապարհ», ամեն օր տեղափոխվում են բազմաթիվ գյուղացիներ` իրենց անհրաժեշտ մթերքներն ու տնտեսական ապրանքները գնելու համար: Եթե շատ մարդկանց համար հսկայական անդունդի վրա ստեղծված անչափ վտանգավոր «Երկնային ճանապարհ»-ով վերուվար անելն էքստրիմ է համարվում, ապա Յուշանի բնակիչների դեպքում դա նրանց կենցաղի անբաժան մասն է արդեն երկար տարիներ:

ՉԱՐԱԳՈՐԾ ԱՂՋԻԿԸ
Ռուսաստանի Տուլա նահանգի Նովոմոսկովսկ քաղաքում 13-ամյա աղջիկն իր ընկերների հետ նվաստացրել է ու դաժան ծեծի ենթարկել դպրոցական մի տղայի: Մասնավորապես նա ստիպել է տղային համբուրել իր ոտքերը, այնուհետ ընկերների հետ միասին ծեծի ենթարկել: Դաժան տեսարանը նկարահանվել է բջջային հեռախոսով եւ հայտնվել համացանցում: Տուլայի ոստիկանությունն այժմ ակտիվ կերպով փնտրում է չարագործ աղջկան ու նրա ընկերներին:

ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ՔԱՂԱՔԸ
ԱՄՆ-ի ամենակեղտոտ քաղաքը ճանաչվել է Նյու Յորքը: Այս մասին են վկայում ամերիկյան «Ճանապարհորդություններ եւ հանգիստ» ամսագրի անցկացրած հարցման արդյունքները:  Անցյալ տարի Նյու Յորքը ցուցակում հինգերորդ տեղն էր զբաղեցնում: Մյուս կողմից «Մեծ խնձորը», ինչպես հաճախ անվանում են Նյու Յորքը, առաջին տեղն է զբաղեցնում նորաոճ մարդկանց, թանկարժեք խանութների եւ թատրոնների քանակով: Բացի Նյու Յորքից, բացասական վարկանիշային ցուցակի հնգյակի մեջ են հայտնվել նաեւ Նոր Օրլեանը, Բալտիմորը, Լոս Անջելեսը եւ Ատլանտան:

ՀՐԵ ՏՈՐՆԱԴՈ
Ավստրալիայի հեռավոր, չբնակեցված տարածքներից մեկում լուսանկարահանող խմբին հաջողվել է նկարահանել բնության ամենաարտառոց երեւույթներից մեկը` հրե տորնադոն: Երբ տորնադոյի ուժգնություն ունեցող քամիները շփման մեջ են մտել կրակի հետ, շիկացած օդը կրակը բարձրացրել է 30 մ: Այս ֆենոմենը սովորաբար տեւում է 2 րոպե, սակայն այս անգամ ավստրալացուն հաջողվել է նկարահանել աննախադեպ հրե տորնադոն ուղիղ 40 րոպե: Հրե տորնադոյի ամենահիշարժան դեպքը տեղի է ունեցել 1923թ. Ճապոնիայում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս