ՀԺ. Խոսրովի արգելոցը վերածել է ընդհատակյա էլիտար որսատեղի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնության անդամները նախորդ օրը հայտարարություն էին տարածել և սարսափազդու տեսա-լուսակադրեր հրապարակել: Նրանք այցելել էին Խոսրովի արգելոց ու հայտնաբերել Կարմիր գրքում ներառված կենդանիների կտրված գլուխներ, վերջույթներ, խորովածի կրակի հետքեր, դատարկ օղու շշեր և այլն: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ այդ կադրերից ակնհայտ է դառնում, որ Խոսրովի արգելոցը վերածվել է լավ թանկանոց որսատեղիի` այցելուները կարող են տեղում որսալ բեզոարյան այծ կամ արջ, որոնք, կրկնենք, ներառված են Կարմիր գրքում, տեղում խորոված անել, լափել, խմել, պարել, երգել ու հեռանալ: Մինչդեռ, ըստ ՀՀ օրենսդրության, այդ արգելոցում ոչ միայն չի կարելի որս անել, այլև մուտքն այդ տարածքև առանց հատուկ թույլտվության խստիվ արգելվում է:
Օրենսդրությունը շատ խիստ է` բեզոարյան այծի դիմաց տուգանքն ավելի քան 15 միլիոն դրամ է: Պարզ է, որ մոտ 35 հազար դոլար տուգանքի սպառնալիքի տակ սովորական մահկանացուներն արգելոցում որս չէին անի: Եթե նույնիսկ որս էլ անեին, ապա կշտապեին իրենց ավարը հնարավորինս շուտ տանել ու հետքեր չթողնել: Բայց սրանք որսից հետո ժամերով մնացել են, ուտուշ-խմուշ արել… Թե ովքեր են այդ մարդիկ, կարելի է կռահել երեկվա մի միջադեպից: “Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնության անդամները երեկ “Արմատ” ակումբում ասուլիս էին հրավիրել: Ասուլիսի կեսից ակումբ են մտել բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ` աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Արտաշես Զիրոյանը, նախարարության տեսչության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանը և հայտարարել, թե իրենք էլ ասելիք ունեն: Մարդկային տրամաբանությունը հուշում է, որ նրանք պետք է շնորհակալություն հայտնեին բնապահպաններին, որ նման փաստ են բացահայտել, խոստանային, որ այսուհետ ավելի խիստ հսկողություն կսահմանեն, մի քիչ դժգոհեին, որ իրենց ունեցած վերահսկողության հնարավորությունները սահմանափակ են, խնդրեին, որ բնապահպաններն իրենց հնարավոր աջակցություն ցուցաբերեն և այլն: Բայց սա՝ մարդկային տրամաբանությամբ:
Իսկ գիտե՞ք, թե ինչ են հայտարարել բնապահպանության նախարարություն կոչվող այդ կանտորայի աշխատակիցները: Նրանք, նախ, հոխորտացել են նախաձեռնության անդամների վրա, թե ինչու են առանց թույլտվության մուտք գործել արգելոցի տարածք, հետո էլ մեղադրել են բնապահպաններին, թե վերջիններս իմացել են, որ այդտեղ որս են անելու, սպասել են այնքան ժամանակ՝ մինչև որսն ու ուտուշ-խմուշը ավարտվեն, նոր գնան ու նկարեն:
“Այս միջադեպից առաջ յուրաքանչյուր քաղաքացի, թերևս, իրավունք անի պնդելու, որ բնապահպանության նախարարությունն արգելոցը վերածել է ընդհատակյա ,էլիտարե որսատեղիի (սաֆարիի) ու մուտքի համար էլ խոշոր վճար սահմանել: Իսկ հիմա դա բացահայտվում է, և չինովնիկներն ուզում են կանխել այդ բացահայտումը: Եթե կան այլ տրամաբանական բացատրություններ, պատրաստ ենք լսել”,- եզրափակում է “ՀԺ”-ն:




Լրահոս