“Զինապարտության մասին” օրենքով զինվորական ծառայություն չանցած զինապարտները ՀՀ-ում չեն կարող նշանակվել պետական պաշտոնի: Չնայած այդ օրենքն ընդունվել է 1998թ., սակայն կառավարությունը դեռ չի հաստատել այն պաշտոնների ցանկը, որոնք չեն կարող զբաղեցնել բանակում չծառայած անձինք: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, որն ավելի քան 13 տարի ղեկավարում է սահմանամերձ մարզը, խորհրդային բանակում չի ծառայել: Ա. Ղուլարյանի պաշտոնական կենսագրականում ոչ մի բառ չկա նաեւ ազատամարտին նրա մասնակցության մասին: Տավուշի մարզը 350 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Մարզպետն ի պաշտոնե այլ ոլորտների հետ միասին համակարգում է ներքին գործերի, ազգային անվտանգության եւ պաշտպանության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: 2011թ. դեկտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանի՝ սահմանամերձ Ոսկեպար կատարած այցի ժամանակ բանակում չծառայած մարզպետը զինվորական հագուստ էր կրում: (Ի դեպ, այդ ժամանակ ծածանվող պետական դրոշի երրորդ մասը ոչ թե նարնջագույն էր, այլ դեղին): Մենք գրավոր դիմել ենք Տավուշի մարզպետարան, որպեսզի ճշտենք, թե բանակում չծառայած Ա. Ղուլարյանը զինվորական ինչ կոչում ունի: Մարզպետարանից պաշտոնապես պատասխանել են, որ Ա. Ղուլարյանը պահեստազորի գնդապետ է: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
ՉԾԱՌԱՅԱԾ ԳՆԴԱՊԵՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ