Մասիսի բնակիչներին ներկ են բաժանել Ցեղասպանության արարողությանը պատրաստվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում ապրիլի 11-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի օծման արարողությունը:

Մասիս քաղաքի Երեւանյան փողոցի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ իրենց դեռ ապրիլի 2-ին քաղաքապետարանի աշխատակիցները մոխրագույն երանգի անվճար ներկեր են բաժանել եւ հրահանգել են, որ վերջիններս երկու օրվա ընթացքում ներկեն իրենց տան արտաքին հատվածը:

Տեղեկացանք, որ քաղաքապետարանի աշխատակիցները բնակիչներից պահանջել են, որ վերջիններս ոչ միայն ներկեն տան արտաքին հատվածը, այլեւ այն ազատեն խոտերից, մոլախոտերից, աղբից, երկաթի կտորներից: Կարճ ասած՝ տարածքը կարգի բերեն: Իսկ քաղաքի մյուս թաղամասերում ապրող բնակիչներին ներկեր չեն բաժանվել:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ, ով հայտարարեց, որ Մասիսում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված բարերար Գագիկ Ադիբեկյանի կողմից հուշաքար կա տեղադրված: Իսկ ապրիլի 11-ին հուշաքարի օծումն է լինելու: Տեղեկացնենք, որ Գագիկ Ադիբեկյանը մոսկվայաբնակ հայ է:

«Ժողովուրդ»-ը Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով է ներկեր գնվել ու բաժանվել բնակիչներին. «Երեւանյան փողոցի բնակիչներին է միայն անվճար ներկեր հատկացվել, քանի որ այն կենտրոնական փողոցն է: Դրանք գնվել են բարերարի կողմից: Իսկ մյուս բնակիչներին չի տրվել, որովհետեւ միջոցառումն անցկացվում է հիմնականում կենտրոնական փողոցում: Մենք հյուրեր ենք ունենալու, իսկ բարերարն էլ հրավիրել է այն պետությունների դեսպաններին, ովքեր Ցեղասպանությունը ճանաչել են: Ուղղակի ուզում ենք, որ այդ օրը քաղաքը փոքր-ինչ բարեկարգ լինի»:

Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը տեղեկացրել է, որ միջոցառմանը ներկա կլինեն մարզային  և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարեգործական ընկերության պատասխանատուները` Օլեսիա Կոշկինայի գլխավորությամբ, հյուրեր ՌԴ-ից, Եվրոպայից:

Հիշատակի արարողության շրջանակում, հաջորդ օրը` ապրիլի 12-ին մեծ էկրանի վրա Վատիկանից ուղիղ միացումով կդիտեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր պատարագը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս