Այսօր` ապրիլի 10-ին, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» կողմից կազմակերպվեց «Խնայում ենք էներգիա, խնայում ենք գումար» խորագիրը կրող հանդիպում-քննարկում: Այն ուղղված էր Հայաստանի գործարար միջավայրում էներգախնայող ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրմանը: Հանդիպում-քննարկմանը բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն ազդարարեց բանկի կողմից նոր` «Խնայող վարկեր» պրոդուկտի մեկնարկի մասին:
«Բիզնեսում էներգախնայողության գաղափարն ամբողջ աշխարհում արդեն իսկ լայն տարածում է գտնել: Տարբեր ոլորտների կազմակերպություններ, կիրառելով էներգախնայող տեխնոլոգիաներ, կարողանում են իրենց գործունեության մեջ հասնել շոշափելի արդյունքի: Հայաստանում այս գաղափարը համեմատաբար նոր է և հանրության տեղեկացվածության առումով, թերևս, անելիքները շատ են:
Մենք մեր առջև խնդիր ենք դրել անելու առավելագույնը` Ձեզ հասանելի դարձնելու համար էներգախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաները:
Հաճախորդներին էներգախնայողության հետ կապված ծրագրեր առջարկելուց առաջ մենք ինքներս ենք սկսել այդ տեխնոլոգիաների կիրառումը մեր առօրյա կյանքում, քանի որ ցանկացել ենք սեփական օրինակով ցույց տալ և ապացուցել էներգախնայողության գաղափարի իրատեսականությունը, արդյունավետությունը և էներգախնայող տեխնոլոգիաների գործածման հեռանկարներ:
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը իրականացրել և շարունակելու է իրականացնել շրջակա միջավայրի պահմանմանն ուղղված նախագծեր: Բացի այն, որ մենք ինքներս ենք այդ տեխնոլոգիաները գործածում մեր բանկի մասնաճյուղերում, մենք անցյալ տարի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում արևային ջրատաքացուցիչներ տեղադրեցինք Հայաստանի տարբեր մարզերի առավել մեծ մանկապարտեզներում` նպատակ ունենալով նոր սերնդին օրինակներ ցուցադրել բնապահպանության և էներգախնայողության գաղափարների համադրությամբ:
Հավատարիմ մնալով այս սկզբունքներին` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը ներդրել է նոր` «Խնայող վարկեր» պրոդուկտը` նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել բիզնեսի զարգացման նոր և առաջադեմ հնարավորություններ»,- ասաց Բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Պրոդուկտի ներդրումը «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ»-ի և «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունների կողմից հնարավոր է դարձել երկու միջազգային ֆինանսական գործընկեր կազմակերպությունների` «Հարավ-արևելյան Եվրոպայի հիմնադրամի» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի»` «Էներգոկրեդիտ» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Բանկի գործադիր տնօրեն Հ. Անդրեասյանը նկատեց, որ ներկայումս ակտուալ է համարվում իրագործել էներգախնայողության և, առհասարակ, ռեսուրսների խնայողության ծրարգրեր, որոնք հատկապես տարածված են եվրոպական երկրներում. «Այժմ հերթը Հայաստանինն է: Մեր երկիրը ռեսուրսներով աղքատ երկիր է, ուստի նման ծրագրերը մեծ դերակատարում և նշանակություն ունեն ոչ միայն երկրի ընդհանուր բյուջեի խնայողության, այլև յուրաքանչյուր ընտանիքի: Եվ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի նման ծրագրերը շարունակական լինեն»:
Բանկի գործադիր տնօրենը հիշեցրեց, որ ծրագիրը նախորդ տարի սեփական օրինակի վրա է ի կատար ածվել` սկզբում նվիրատվությունների ձևով տարածելով սոցիալական տարբեր աջակցության շրջանակներում: Հ. Անդրեասյանի խոսքով, Բանկի կողմից կատարված գործը ճիշտ գնահատվեց:
Հավելենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող ընկերությունը` «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը: