Դինամո մարզահամալիրը վերաբացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց “Դինամո” մարզական-հասարակական կազմակերպության հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Հայաստանի “Դինամո” մարզահամալիրի ֆիզկուլտուրայի տունը` բռնցքամարտի եւ ըմբշամարտի դահլիճներով, շահագործվում էր 1965 թվականից, իսկ խաղադահլիճը` 1977-ից, եւ այդ ընթացքում մասնագիտացված մարզադահլիճները հիմնավոր նորոգման չէին ենթարկվել:
2011 թ. դեկտեմբերի 28-ից, “Դինամո” ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ եւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ու հովանավորությամբ, սկսվեցին “Դինամո” ՄՀԿ մասնագիտացված մարզադահլիճի հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքները: Եվ ահա, մարզական օջախը, ուր հաճախում է շուրջ 700 երեխա, որտեղ իրենց մարտական ու ֆիզիկական պատրաստականությունն են կատարելագործում ավելի քան 500 ոստիկան, որտեղ մարզվել են օլիմպիական չեմպիոններ Իգոր Նովիկովը, Օգսեն Միրզոյանը, Հրաչյա Պետիկյանը, ինչպես եւ այլ աշխարհահռչակ մարզիկներ, կրկին իր դռները բացեց մարզասեր հասարակության առաջ:
Բացման արարողությունից հետո Վլադիմիր Գասպարյանը շրջեց մարզադահլիճներում, ծանոթացավ մարզումների նոր ու հարմարավետ պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ:
Հանդիսության ավարտին ոստիկանության պետի հրամաններով` ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար “Լեւոն Ամիրխանյանե ՍՊԸ հիմնադիր նախագահ Աբրամ Ամիրխանյանը եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանը պարգեւատրվեցին “Համագործակցության ամրապնդման համար” մեդալներով, իսկ հունահռոմեական ոճի ընբշամարտի մասնագիտացված մարզադահլիճն անվանակոչվեց Հարություն Խաչատրյանի անունով:
Սպորտի նվիրյալ մի շարք դինամոյականներ արժանացան պատվոգրերի:




Լրահոս