Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Արևմտյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ օծվեց ԱՀԹ Մասիսի սբ. Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Խաչքարը կանգնեցվել է եկեղեցու բարերար Գագիկ Ադիբեկյանի միջոցներով:
Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը, քաղաքական և հասարակական գործիչներ, Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, արվեստի և գիտության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ միջոցառմանը նախատեսված էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությունը, ով, սակայն, չմասնակցեց:
Մասիսի կենտրոնական հրապարակում այսօր բացվեց «Հայոց Ցեղասպանություն 1915. Ճանաչում ողջ աշխարհում» ֆոտոցուցահանդեսը: Նախագծի նպատակն էր երախտիք հայտնել Հայոց Ցեղասպանության փաստը պաշտոնապես ընդունած և այն դատապարտած երկրներին: Ցուցադրված էին լուսանկարներ Հայոց Ցեղսպանության թանգարան-ինստիտուտի արխիվից, միջազգայի հեղինակավոր գործակալություններից և անձնական հավաքածուներից:
Միջոցառման ընթացքում լրագրողների հետ առանձնազրույց ունեցավ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով իր խոսքում նշեց, որ Գագիկ Ադիբեկյանի պես ազգաբնակչությունը համախմբող մարդիկ մշտապես սիրվել և գնահատվել են բոլորի կողմից. «Շնորհակալ եմ պարոն Ադիբեկյանին Մասիսում կատարած գործունեության համար: Դա բոլորիս պատիվն է: Դրա համար էլ բոլորը պետք է մեր կողքին դատապարտեն ցեղասպանությունը»:
Իսկ քաղաքապետ Սաշա Հակոբյանը նշեց, որ այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, նա ապագա էլ ունենալ չի կարող. «Մենք պարտավոր ենք մեր անցյալը հիշել և ապագա սերնդին դաստիարակել այնպես, որ իմանան 1915-ին ինչ կորուստներ ենք ունեցել: Մենք մեր ժողովրդին ևս պետք է դարձնենք մեկ բռունցք: Այսօր հրավիրվել են 30-ից ավելի դեսպանատների ներկայացուցիչներ»:
Գործարար Գագիկ Ադիբեկյանը հայտնեց, որ մտահղացման հեղինակը Մասիսի ազգաբնակչությունն է: Իրեն դիմել են խնդրանքով` իրականացնել միջոցառումը: Գ. Ադիբեկյանը պատմեց, որ ինքը ծնվել և մեծացել է Մասիսում. «Սա բարեգործություն չէ: Սա իմ ծննդավայրն է: Հայաստանի համար արածը բարեգործություն չէ, ամեն մարդ ինչ կարողանում է, պետք է անի իր հայրենիքի համար: Ես մինչև 15 տարեկան ամեն օր տուն էի գալիս, հեռուստացույց էի դիտում, 14:50-ին կլոր անիվ էր երևում և Մասիս սարն էր երևում: Եվ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ի ներքո այն ցուցադրվում էր: Ինձ համար ինֆորմացիոն շոկ էր, երբ իմացա, որ Մասիսը Հայաստանի տարածքում չէ»,- իր խոսքում նշեց բարերարը: