ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ԻՐԱԳՈՐԾԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս  2011 թվականի նոյեմբերին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ նույն դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը դատական որոշումները կայացնում են այնպես, ինչպես ցանկանում են:  ՀՀ դատական համակարգի կոռուպցիոն լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած՝ կոնկրետ հրահանգով են կայացնում գրեթե բոլոր դատական որոշումներն ու վճիռները: Արդյունքում՝ շարքային դատավորների մեծամասնությունն այսօր զրկված է որեւէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու հնարավորությունից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից: Մելիքյանը խոստացել էր դատի տալ Մկրտումյանին, սակայն հապաղում է: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԱԺ պատգամավորի հետ:
-Պարո՛ն Մելիքյան, ի վերջո, Դուք դատի տվե՞լ եք ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ի՞նչ փուլում է գտնվում գործը:
-Այո՛, դատի եմ տվել, ուղղակի այդտեղ դեռեւս հարցեր կան լուծելու, մի երկու ամսից վերջնական կիմանանք: Ես դեռեւս այն ժամանակ եմ դատի տվել, երբ որ հայտարարություն եմ արել:
-Այսինքն՝ դատական գործընթա՞ց է սկսվել:
-Առաջին ատյանը լսել է… հիմա պրոցեսի մեջ է, դրա համար ասում եմ՝ սպասենք մի երկու ամիս, ամեն ինչ պարզ կլինի: Դրանից հետո նոր ես Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ:
-Դատարան գնացե՞լ եք, ներկա գտնվո՞ւմ եք դատական նիստերին:
-Իհարկե գնում եմ: Մի փոքր էլ սպասե՛ք, ամեն ինչ պարզ է լինելու:
-Դուք այս անգամ էլ պատգամավորի մանդատ ստացաք ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: Ձեր կողմից հիմնած «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը լուծարվե՞լ է:
-Մեր կուսակցությունը գոյություն ունի եւ լուծարվելու, Հանրապետական կուսակցությանը միանալու որեւէ որոշում չունի, եւ ոչ էլ մնան մտադրություն ունենք: Մեր կուսակցությունը առանձին կառույց է, նման բան չկա: Մենք անգամ ՏԻՄ ընտրություններում տարբեր գյուղերում թեկնածուներ ունեինք առաջադրած, մենք Գեղամասարում ենք ունեցել թեկնածու, որն ընտրվել է գյուղապետ, տարբեր համայնքներում ավագանիներ ունենք, որոնք էլի ընտրվել են: Սոթք գյուղում մեր թեկնածուն պարտվել է, որը սովորական բան է. մի տեղ կհաղթեն, մի տեղ կպարտվեն:
-Բայց ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրվելուց հետո Ձեր կուսակցությունը «պասիվացել» է, ու այնպիսի տպավորություն է, որ այն այլեւս գոյություն չունի, ինքնուրույն չէ, այլ ՀՀԿ-ի «կցորդն» է:
-Ո՛չ, մենք մեր անկախությունը պահում ենք, մենք՝ որպես առանձին կուսակցություն, գոյություն ունենք, մենք մեր բոլոր հարցերը քննարկում ենք, որոշումները մենք ենք կայացնում: Ես ՀՀԿ խմբակցության անդամ եմ եւ վերջ:
-ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունները, բացի ՕԵԿ-ից, կողմ չքվեարկեցին ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը: Ի՞նչ եք կարծում, ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն կկարողանա՞ն կյանքի կոչել այդ ծրագիրը:
-Ես կարծում եմ, որ կառավարությունն այդ կազմով հնարավորություն չունի եւ ի վիճակի չի լինի դա կատարել:
-Իսկ Դուք ինչպե՞ս եք քվեարկել կառավարության ներկայացրած ծրագրին:
-Ես կողմ չեմ քվեարկել, ես ընդհանրապես չեմ քվեարկել:
-Ինչո՞ւ:
-Կարծում եմ՝ կառավարությունն այդ կազմով ծրագիրը չի կարող իրագործել: Դա շատ երկար զրույցի թեմա է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս