ՀԱՐՑ. Սեպտեմբերի 7-ին՝ օրվա ընթացքում, մեր բնակարանի լույսերը 3-4 անգամ տատանվեցին եւ անջատվեցին: Տանը ունենք թանկարժեք տեխնիկա, եւ հնարավոր է, որ այդ տատանումներից դրանք փչանային: Այդ դեպքում ո՞վ պետք է պատասխան տար դրա համար: Եւ ասե՛ք, թե ինչ է կատարվում մեր շենքի լույսերի հետ:
Բ-2 թաղամասի բնակչուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ օրը՝ սեպտեմբերի 7-ին, նշված հասցեում ժամը 12:20-ից մինչեւ 14:10-ը վթարային անջատում է եղել, բայց 14:10-ին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:
Իսկ ինչ վերաբերում է տեխնիկային, ապա ասեմ, որ եթե տատանումից փչանում է, ապա տեխնիկը անպայման վերանորոգում է: Այսինքն՝ եթե այն ենթակա է վերանորոգման, մենք վերանորոգում ենք, իսկ եթե ոչ, ապա ֆինանսական փոխհատուցում ենք տրամադրում: Տվյալ բաժանորդը մեզ դիմում է ներկայացնում, ու, բնականաբար, մեզ մոտ այդ ամեն ինչն արձանագրվում է: Հետո այդ արձանագրության հիման վրա հատուկ արհեստանոց ունենք, կա՛մ այդ արհեստանոցում վերանորոգում ենք տեխնիկան, կա՛մ եթե այն ենթակա չէ վերանորոգման, ֆինանսական փոխհատուցում ենք տրամադրում այդ բաժանորդին:
պետ Նատալյա Սարջանյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, նման վթարային իրավիճակները տհաճ են ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ մատակարարող ընկերությունների համար: Բայց, ամեն դեպքում, բնակիչները պետք է ուշադիր լինեն եւ հենց առաջին տատանումից հետո անջատեն իրենց կենցաղային տեխնիկան հետագա բարդություններից խուսափելու համար: Իսկ պատասխանատու ընկերություններն էլ պարտավոր են արագ վերացնել պատահաբար առաջացած վթարները: