Նախօրեին «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար կազմի բնակարաններում եւ կազմակերպության՝ Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի գրասենյակներում իրականացված խուզարկություններից հետո բերման էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» մի քանի անդամներ, որոնցից հինգը` Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Գարեգին Չուքասզյանը ձերբակալվել են զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով:
Նշենք, որ դեռեւս մարտի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ղեկավարությունը իրավապահներին հրահանգել է առնվազն մինչեւ ապրիլի վերջը մեկուսացնել Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա կողմնակիցներից մի քանիսին: Նախօրեին իշխանությունները «օպերացիան» իրականացրել են:
Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է, որ հանդիպել է «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված բոլոր անդամներին, բացի Պավլիկ Մանուկյանից: Ընդդիմադիր պատգամավորը հայտնել է նաեւ, որ նրանց տրամադրությունը բարձր էր, իրեն փոխանցել են, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի օրակարգը չի փոխվել, եւ պայքարը պետք է շարունակվի: Հարցին, թե ձերբակալվածները բռնության չե՞ն ենթարկվել, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է, որ բռնության հետքերի ականատես չի եղել:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) հետ՝ պարզելու համար նրա տեսակետը ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության ու, ընդհանրապես, «Հիմնադիր խորհրդարանի» վարած քաղաքականության մասին:
-Պարո՛ն Մովսիսյան, անձամբ ճանաչո՞ւմ եք «Շուշիի առանձնակի գումարտակ»-ի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին: Տեղյա՞կ եք, որ նրան նախօրեին ձերբակալել են զանգվածային անկարգություններ հրահրելու համար:
-Այո՛, ճանաչում եմ: Նախ ասեմ, որ չեմ ընդունում ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության հետ կապված իր կոչերը, ես այն կարծիքին եմ, որ ինքն իրավունք չուներ նման կոչեր անելու: Դուք էլ եք լսել, թե ինչ հայտարարություններ էր էս վերջերս Ժիրայր Սէֆիլյանն անում, ու ես չեմ ընդունում էն, ինչը ինքն անում էր: Հիմա ասեմ նաեւ, թե ինչի չեմ ընդունում, որովհետեւ այդ օրվան մենք ազգովի ենք պատրաստվում, մենք բոլորս էլ գիտենք, թե էդ օրը ինչ է տեղի ունեցել, ու հիմա ինչ-որ կոչերով հանդես գալ, ես չեմ ընդունում: Ինքն իրավունք չունի տենց բաներ ասի մեր հայ ժողովրդին: Իսկ երկրորդն էլ` որ ինքը կռվել է կամ մասնակցել է պատերազմին, դա չի նշանակում, որ պետք ա հանրապետությունում խառնաշփոթ իրավիճակ ստեղծի: Կրկնում եմ՝ ես դա չեմ ընդունում: Իմ համար անհասկանալի է, որ հայ մարդը կարա էս օրով, երբ ժողովուրդը պետք է համախմբվի, հանդես գա նման հայտարարությամբ: Ով ուզում է լինի, ես տենց էի ասելու: Իհարկե, քննությունը կպարզի էդ ամենը, բայց եթե նման դավադրական կոչեր են անում էս երկրի մեջ, ամեն ինչ հասնում է, ամեն ինչի էլ պետք է պատրաստ լինի մարդը:
-Բայց Ժիրայր Սէֆիլյանը բազմիցս հայտարարել է, որ իրենք Հայաստանի հեղինակությանը վնասող խժդժություններ չեն իրականացնելու ապրիլի 24-ին…
-Էսօր մեր երկիրը պատերազմի մեջ է, ու Դուք էլ շեշտում եք, որ ինքը կռված տղա ա… էսօր սահմանի վրա զինվորներ են զոհվում, որովհետեւ մեր թշնամին ամեն օր կրակում է, Դուք ճի՞շտ եք համարում, որ էս պահին, էս պատերազմական դրությունում տենց բաներ հայտարարեն, դավադրական կոչեր անեն: Իսկ Դուք ճի՞շտ եք համարում, որ մեր երկրի ներսում տենց լարված վիճակ լինի, Դուք տեսնում եք, որ սահմանի վրա լարվածա, կրակումա թշնամին, հիմա էլ մենք ներսից պաշտպանվե՞նք: Երեւի ինքը նպատակ ունի Ղարաբաղը հեշտ հետ տալու, կարո՞ղ է դա է ուզում, բայց ես դա չեմ ընդունում: Իսկ եթե ինքն իրեն կռված տղայա համարում, ես չեմ ընդունում, որ նա կարող է էդ քայլին գնալ, իսկ եթե էդ քայլին գնացել է, ուրմեն ես դա դավաճանություն եմ համարում: Կրկնում եմ՝ էսօր սահմանին զինվոր է զոհվում, իսկ ինքը հեղափոխության, հեղաշրջման կոչեր է անում: Չեմ ընդունում դա միանշանակ: Ժիրիկը կլինի, Պողոսը կլինի, հաստատ ավելի վատ վիճակում է լինելու, եթե Հայաստանում ուզենան հեղաշրջման կոչեր անել:
-Բայց ինչքան կարելի է երկրում առկա բոլոր խնդիրներն արդարացնել պատերազմական վիճակով, «Հիմնադիր խորհրդարան»-ը՝ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ, ընդամենն իր դժգոհությունն է հայտնում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից:
-Ինքը շատ փոքրա, նախ որ դժգոհ լինի, երկրորդն էլ՝ զգուշացնում եմ, որ իրավունք չունի նա նման քայլերի գնալու, մենք ազգովի պատրաստվում ենք ապրիլի 24-ին, միանշանակ, եթե ինքն ուզում է դա խաթարի, դա ես դավաճանություն եմ համարում: Բոլորը պետք է պատասխան տան օրենքի առաջ, կլինի Ժիրոն, թե ով ուզումա լինի: Եթե երկրին վնասող բաներ են անում, իրենք պատժվելու են օրենքով:
-Իսկ իշխանությունն իրավունք ունի՞ առանց կոնկրետ մեղադրանքի ձերբակալել մարդկանց, որոնք ընդամենն իրենց դժգոհությունն են հայտնում այս իշխանություններից:
-Իհարկե, իրավունք ունի, կարելի է նույնիսկ այլ պատիժներ էլ սահմանել նրանց նկատմամբ, ով դավաճանական պահվածքով ուզում է երկիրը քանդել:
ՔԱՆԻ ԲԱԶՄԱՍԵՐԸ ԿԱ, ԸՆԿԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՅՈՒՂԱՊԵՏ ԱՇԽԱՏԻ
Մարտի 15-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում կայացած համայնքապետի ընտրություններում առաջադրված էին երեք թեկնածու՝ գործող գյուղապետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, անկուսակցական Խաչատուր Միսակյանը եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված Էդգար Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Բազմասեր Առաքելյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի կրկին գյուղապետ «կարգվի» նախկին ԲՀԿ-ական Ալեքսան Ալեքսանյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորն այդ գյուղն իրենն է համարում ու իր շրջապատում հայտարարել է, թե ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի իր «թեկնածուն» գյուղապետ դառնա: Բ. Առաքելյանն անգամ այդ հարցով հանդիպում էր ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ու խնդրել իրեն աջակցել: Արդյունքում՝ այսօր Բ. Առաքելյանի «ընտրյալ» Ալեքսան Ալեքսանյանը կրկին գյուղապետի պաշտոնում է: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորի հետ, որը չի հերքել իրողությունը:
-Պարո՛ն Առաքելյան, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք եք միջամտել, որ Օհանավանի գյուղապետի պաշտոնում կրկին «ընտրվի» Ալեքսան Ալեքսանյանը: Այդպե՞ս է դա, եւ արդյո՞ք Դուք այդ հարցի հետ կապված հանդիպել եք Գ. Սահակյանի հետ` խնդրելով վերջինիս աջակցությունը:
-Ինչ կապ ունի դա Գալուստ Սահակյանին հանդիպելու հետ, Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահն է, ու ես ամեն օր էլ իրեն հանդիպում եմ, քանի որ ես պատգամավոր եմ: Բայց որ պետք է այդ համայնքում հաղթեր Ալեքսան Ալեքսանյանը, դա միանշանակ էր, դրանում կասկած չկար:
-Բայց Դուք ե՞ք միջնորդել այդ հարցում:
-Ալեքսան Ալեքսանյանն իմ ընկերն է, քանի ես կամ, ինքը պետք ա ընդեղ համայնքի ղեկավար լինի:
-Այսինքն՝ ամեն ինչ որոշվում է Ձեր կամքո՞վ, այլ թեկնածուներ իրավունք չունե՞ն համայնքի ղեկավար ընտրվել:
-Կան, թեկնածուներ կան, բայց ինքն այդ համայնքում էնքան հարգանք ու պատիվ ունի, որ խնդիր չունի ընտրվել-չընտրվելու համար, ով ուզում ա խառնվի, ինքն էդ համայնքում հարգված է, ու ցանկացած հոգս իրա վզին է: Երկու հոգի թեկնածություն դրել էին: Մեր թեկնածուն ունի պոտենցիալ, իսկ մենք էլ ամեն ինչ անում ենք, օգնում ենք իրեն, որ ավելի հանգիստ անցնի:
-Ինչպե՞ս եք օգնում, պաշտոնյաներին խնդրելո՞վ:
-Պաշտոնյաների հետ հանդիպումը ոչ մի կապ չունի, եթե մարդն իր համայնքում չունեցավ համապատասխան պոտենցիալ, չունեցավ համապատասխան հարգանք, պաշտոնյաները ոչ մի բան չեն կարող անել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՔԻՉ ԱԼԿՈՀՈԼ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 31.3 տոկոսով: Այս տարի արտադրվել է 1 մլն 547 հազար 600 լիտր կոնյակ, անցած տարվա 2 մլն 253 հազար 700 լիտրի դիմաց: Գարեջրի արտադրության ծավալներն անցած տարվա 1 մլն 760 հազար 100 լիտրի դիմաց, այս տարի կազմել են 1 մլն 499 հազար 200 լիտր, այսինքն՝ կրկին նվազում է արձանագրվել: Այս երեւույթը, ըստ փորձագետների, պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ անկմամբ:
ՔԿՀ-Ն ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը 2014թ ապրիլի 30-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ իր մոտ պատիժը կրող դատապարտյալներից մեկի` Արմեն Հարությունյանի սեփական գույքից դատապարտյալի բաժնեմասը առանձնացնելու համար: Պարզվում է՝ Արմեն Հարությունյանը ազատազրկման է դատապարտվել խարդախության մեղադրանքով: Իսկ ՔԿՀ-ն էլ դատարան է դիմել` փորձելով նրանից տուժած անձանց վնասները փոխհատուցելու հարցը լուծել դատապարտյալի գույքով:
ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿԻՑ ՄԵԿԸ
Մոտ մեկ ամիս առաջ ինքնասպանություն գործած գործարար «Լեւոն Ամիրխանյան» շինարարական ընկերության սեփականատեր Աբրամ Ամիրխանյանի պարտատերերից մեկը, պարզվում է, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն է: Հաշվի առնելով այն փաստը, որ այդ բանկի բաժնեմասերի մոտ 40 տոկոսը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին, ուստի նրան եւս կարելի է դասել «Լեւոն Ամիրխանյան» շինարարական ընկերության գործով տուժածների շարքին: Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի եւ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի միջեւ դատական վեճը` պարտքերի շուրջ, որը այդպես էլ չի ավարտվել: Բայց քանի որ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն ներկայումս գտնվում է սնանկության գործընթացում, ուստի ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանի բանկը ստիպված է լինելու մյուս պարտատերերի պես սպասել իր հերթին:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԵՆԱՎԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 7-ին Արմավիրի մարզի Շենավան համայնքում ինքնասպան է եղել 56-ամյա Ատոմ Սարգսյանը: Ինչպես պարզեցինք՝ նա ամուսնացած է եղել, ունեցել է երեխաներ: Տղամարդուն հարազատները գտել են առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում` ընկուզենու ծառից «տուկի թելով» կախված վիճակում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տղամարդը առողջական խնդիրներ է ունեցել: