ԴԵՌ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին պաշտոնապես բացվեց Գյումրու նորկառույց բազմապրոֆիլ հիվանդանոցը՝ 210 մահճակալ հզորությամբ (թերապեւտիկ՝ 50, սրտաբանական՝ 50, 100 վիրաբուժական եւ 10 ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում): Սակայն մինչ օրս այն չի գործում: Մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ առաջիկա 10-15 օրվա ընթացքում կկարգավորվեն 460 աշխատատեղ ունեցող հիվանդանոցի գործարկման հետ կապված բոլոր հարցերը, եւ հիվանդների բուժումը կիրականացվի նորակառույց հիվանդանոցում:  
Մարզի երեք հիվանդանոցների միավորման արդյունքում կրճատումներ կլինեն վարչական աշխատողների շրջանում, բայց առողջապահության վարչության պետի վստահեցմամբ՝ դրանք կհասցվեն նվազագույնի: Բժիշկների հաստիքների կրճատումներ չեն լինի, ավելին, հիվանդանոցն այս պահին ունի բժիշկ մասնագետների կարիք՝ գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, անեսթեզիոլոգներ եւ այլն: Արդեն իսկ դիմողների բավական մեծ թիվ է արձանագրվել,  անգամ Ռուսաստանի Դաշնությունից: Հիվանդանոցը հագեցած է լիովին նոր բուժսարքավորումներով, իսկ թե անձնակազմը դրանցով կկարողանա աշխատել, թե ոչ, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Տեղի բժիշկների, Երեւանում, Շվեյցարիայում եւ Ամերիկայում գտնվող բժիշկների կրթական մակարդակը նույնն է: Բավական է այդ սարքավորումների հետ մարդիկ շփվեն մի քանի օր, արդեն իսկ կկարողանան լիովին տիրապետել դրանց»:
Բժիշկների վերապատրաստման կարիք հիվանդանոցը, այնուամենայնիվ, ունի, որոշ բժիշկներ արդեն անցել, ոմանք էլ դեռ անցնում են վերապատրաստման կուրսեր: Հիվանդանոցում ժամանակավոր աշխատելու համար բժիշկներ կհրավիրվեն նաեւ հանրապետության տարբեր հիվանդանոցներից, որոնք, որոշ ժամանակ աշխատելով տեղի բժիշկների հետ, նրանց «հունի» մեջ կգցեն:
Մինչ այս Գյումրիում գործող հիվանդանոցներից բացակայում էին մի շարք բուժսարքավորումներ, ինչն էլ տեղի հիվանդներին ստիպում էր բուժումը շարունակել Երեւանում կամ հանրապետությունից դուրս: Նորակառույց այս հիվանդանոցը կարծես թե հույս է ներշնչում, որ այսուհետ հիվանդների բուժումը կիրականացվի տեղում, եւ բուժօգնության համար Երեւան դիմելու անհրաժեշտությունը կհասցվի նվազագույնի:
Նորակառույց հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ հիվանդանոցում տեղի են ունենում տեղափոխման եւ տեղադրված սարքավորումների լիցենզավորման գործընթացներ, իսկ տեղի բժիշկ-մասնագետները լիցենզավորման հետ կապված որեւէ խնդիր չունեն:
Նշենք, որ Գյումրիում լուրեր էին շրջանառվում, թե հիվանդանոցում տեղի են ունենում աշխատողների կրճատումներ: Սակայն Ա. Իսահակյանը եւս հավաստիացրեց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, հիվանդանոցում ունեն անգամ թափուր աշխատատեղեր, ինչի հետ կապված` կլինի հայտարարություն:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս