Երեւանի Մաշտոցի պողոտայի 16 շենքի 11 բնակարանի բնակչուհի Ռայա Շահնազարյանը զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ բողոքում էր Նոր Հաճնի «Հաճն 1» համատիրության նախագահից: Տիկնոջ խոսքով` համատիրության նախագահը ժամանակին չի տալիս իր եղբոր՝ Ռոմիկ Բաղդասարյանի աշխատանքային խեղման փոխհատուցումը:
«Ամեն ամիս ստիպված եմ լինում լրացուցիչ դիմել համատիրության նախագահին, խնդրում, աղաչում եմ, որ եղբորս խեղման փողը տա: Ինքն էլ ամեն անգամ ասում է՝ փող չկա, մի քիչ համբերեք: Խի՞ ա ուշացնում, չեմ հասկանում, օրենքով հասնում է, որ գումարը տա, ուրեմն թող բարի լինեն տալ: Իզուր գլխացավանքն ինչի՞ համար է»,-դժգոհում է տիկին Ռայան ու խնդրում ասել, թե իրականում այդ գումարը որ կառույցը պիտի տա:
Մեզ դիմած քաղաքացին պատմում է, որ 2010թ. իր եղբայրը՝ Ռոմիկ Բաղդասարյանը, որը Նոր Հաճնի «Հաճն 1» համատիրությունում աշխատում է որպես աղբահավաք բանվոր, աշխատանքային պարտականությունները կատարելիս ստացել է խեղում: Վերջինս տեղափոխվել է հինվանդանոց, ստացել բժշկական օգնություն, ապա ստացել ցմահ հաշմանդամության երկրորդ կարգը:
2010թ. մայիսից սկսած՝ Բաղդասարյանը «Հաճն 1» համատիրությունից ստանում է իր աշխատավարձի 70 %-ի չափով փոխհատուցում, որը, ըստ տիկին Ռայայի, կազմում է 52,500 դրամ: Սակայն տիկինը վստահեցնում է, որ ամեն ամիս համատիրությունն ուշացնում է եղբորը տրվող փոխատուցումը:
Այս փաստը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում չհերքեց նաեւ «Հաճն 1» համատիրության նախագահ Յուրա Հարությունյանը: Վերջինս ասաց, որ իսկապես ուշացումներ լինում են, եւ դրանք կապված են բնակիչների կողմից հավաքագրվող կոմունալ եւ սպասարկման վճարների ուշացման հետ:
«Իր ընտանիքը գիտի մեր համատիրության ֆինանսական վիճակի մասին: Ամբողջ խնդիր բարձրացնողը քույրն է, որը սրտացավ է եղբոր նկատմամբ, բան չունեմ ասելու, բայց մեր վիճակն էլ պիտի հասկանալ: Ռոմիկ Բաղդասարյանը իմ լավագույն աշխատողն էր, աղբատար, աղբահան բանվոր էր: Երբ եկավ մեզ մոտ, ինքն արդեն կենսաթոշակառու էր, բայց քանի որ ընտանիքը ծանր վիճակում էր, վերցրինք գործի: Լավ աշխատող էր, սակայն մեծ մարդ էր՝ 72 տարեկան, աղբատար մեքենայի աստիճանից ընկավ, հաշմանդամ դարձավ: Օրենքով սահմանված կարգով մենք էլ պարտավորվել ենք ամեն ամիս իր աշխատանքային խեղման համար փոխհատուցում հատկացնել: Դե գիտեք, որ բնակիչներն էլ անբարեխիղճ են եւ աղբահանության գումարներն ուշացնում են: Իսկ համատիրության բյուջեն գոյանում է այդ գումարներից: Երբ գումարների ակտիվ հավաքագրում ենք ունենում, ես Ռոմիկի գումարը պարտաճանաչ տալիս եմ: Իսկ ուշ հավաքելու դեպքում, բնականաբար, ես էլ Ռոմիկի, եւ ոչ միայն նրա, մյուս աշխատողների աշխատավարձն էլ, իմն էլ ուշացնում եմ: Այս պահին չորս աշխատակիցների եւ Ռոմիկ Բաղդասարյանի գումարները համատիրությունն ի վիճակի չի վճարել»,-եզրափակեց Յ. Հարությունյանը:
«ՀԱՃՆ1» ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ