ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԴԻՊԼՈՄՆ ԱՅՍՕՐ ԿՍՏԱՆԱՄ ԲԵՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԻ մենահամերգը: Երգչուհին այն անվանել է «Շնորհակալ եմ», իսկ թե ինչու եւ ո՞ւմ է շնորհակալ, եւ թե ինչեր են սպասվում հանդիսատեսին, պարզեցինք անձամբ Քրիստինեից: Տեղեկացնենք, որ մենահամեգի որոշումն ու առաջին քայլերը սկսել են մարտ ամսից:
-Հույս ունեմ, որ այսօր դահլիճում գտնվող իմ հանդիսատեսին սպասվում են իսկապես գեղեցիկ պահեր: Այս ժամանակահատվածում ես շատ դրական լիցքեր եմ կուտակել իմ մեջ եւ ուզում եմ այդ ամենը փոխանցել ներկաներին ու դահլիճից սպառված գնալ՝ լավ տրամադրությամբ ու հիշողություններով:
-Քանի՞ տարի հանդիսատեսի հետ կենդանի շփում չէիք ունեցել:
-Վերջին մենահամերգս 2009 թվականի նոյեմբերի 21-ին էր, հետո մենահամերգով հանդես չեմ եկել: Կարծում եմ՝ սա բավական երկար ժամանակ էր, որ կարոտեմ հանդիսատեսիս եւ մեծ ոգեւորությամբ ու եռանդով կրկին հանդիպեմ նրանց:
-Ի՞նչ ծրագիր է սպասվում:
-Կլինեն հին ու նոր երգեր, պրեմիերաներ, Արման Հովհաննիսյանն ու Մարտին Մկրտչյանը կլինեն իմ հյուրերը, սպասվում է նաեւ նոր դուետի պրեմիերա, բայց չակերտները հիմա չեմ բացի: Լինելու է մոտ 22 երգ, վստահ եմ, որ համերգը 2 ժամից պակաս չի տեւի, այնպես որ, իմ հանդիսատեսին ուզում եմ ասել, որ համերգը սկսվելուց հետո եւս երկու ժամ ոչինչ մի՛ պլանավորեք, որովհետեւ դուք իմն եք:
-Պարային համարներ լինելո՞ւ են:
-Ես էլի չեմ պարելու, որովհետեւ առհասարակ չեմ տեսնում ինձ պարի մեջ, իմ ժանրով էլ պարող երգչուհի չեմ, բայց մենք շատ հետաքրքիր գաղափարներով ռեժիսորի ենք հրավիրել Կիեւից, ինքը փոքրիկ ու գեղեցիկ բեմադրություններ է մտածել՝ ամեն համարին համահունչ: Փորձել ենք հաշվի առնել ցանկացած դետալ՝ լուսավորություն, հնչեղություն…
-Համալիրի համերգային դահլիճը տեխնիկապես համապատասխանո՞ւմ է Ձեր պահանջներին:
-Միանշանակ, դրա համար էլ ես վերցրել եմ համերգային դահլիճը, ոչ թե սպորտայինը: Ես ինձ տեսնում եմ հանդիսատեսին մոտ, իսկ մեծ սրահը հնարավորություն չի տալիս այդ կապը զգալ: Ուզում եմ իմ խոսքն ավելի շատ տեղ հասնի, որովհետեւ իմ երգերը հանդիսատեսը պետք է նստած լսի, ոչ կանգնած:
-Համերգն անվանել եք «Շնորհակալ եմ», վստահ եմ՝ շատերի մոտ է հարց ծագում, թե ում եւ ինչի համար եք շնորհակալ:
-Բայց ինչի՞ համար շնորհակալ չլինեմ: Փառք Աստծո, շնորհակալ լինելու առիթներ շատ ունեմ: Բախտավոր է այն մարդը, որն առիթներ ունի շնորհակալ լինելու, գնահատելու իր ունեցածը, իր օրը, հնարավորությունները, այն ամենն, ինչ կյանքը տալիս է իրեն: Տարիների հետ ինձ համար շատ բաներ ավելի արժեքավոր են դարձել, ավելի եմ գնահատում այն, ինչ ունեմ:
Շնորհակալ եմ իմ բոլոր երկրպագուներին, հանդիսատեսին, իմ սիրելի մարդկանց, որոնք իրենց ներկայությամբ ուրախացնում են ինձ: Ես բախտավոր մարդ եմ:
-Ո՞ւմ եք ուզում այսօր տեսնել դահլիճում, որ Ձեզ սատարի:
-Ես չգիտեմ՝ ով ինչ կերպ է պատկերացնում աջակցությունը, արտիստի համար չկա ավելի մեծ աջակցություն, քան իր հանդիսատեսն է: Շատ ուրախ եմ, որ տոմսերը սպառված են, չկա եւ ոչ մի տոմս: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ հետաքրքրվել են ու ոգեւորվել իմ համերգով: Դա ինձ համար մի ամբողջ աշխարհ արժի: Ինքս էլ չեմ կարողանում տոմս գտնել, երբ ինձ դիմում են: Ինձ անգամ հարցնում են՝ իսկ ինչու երկրորդ օրն էլ համերգ չդրեցիք:
-Ես էլ եմ հարցնում:
-Ճիշտն ասած, չմտածեցի երկրորդի մասին, ու հիմա արդեն ուշ է որեւէ բան անել, շատ ափսոսում եմ, որ երկրորդ օրն էլ չվերցրինք:
-Ինչպե՞ս եք հաղթահարում հուզմունքը բեմ դուրս գալուց առաջ:
-Այդ ժամանակ արտիստը պետք է տեսնի իր թիմին: Ես իմ թիմին եմ նայում, պարտադիր բոլորն իմ կողքին պետք է լինեն, ես էլ իրենց: Հավաքվում եմ ինքս իմ մեջ իմ մտքերով, իմ ապրումներով ու հույսերով: Ի դեպ, ես շատ սիրում եմ նայել հանդիսատեսին, որ դահլիճում նստած է: Ուզում եմ մարդկանց տեղյակ պահել, որ մինչ համերգի սկսվելը, երբ դահլիճը նոր-նոր է լցվում, ես կուլիսներից հետեւում եմ այդ ընթացքին: Իրենք երեւի չեն էլ պատկերացնում: Այս անգամ էլ բացառություն չի լինի:
-Ի՞նչ եք ակնկալում Ձեր հանդիսատեսից:
-Որ ինձ հետ կերգեն թեկուզ մի քանի տող իմ երգերից: Հիմա ես խոսում եմ համերգի մասին, ու իմ սիրտն ավելի արագ է սկսում բաբախել, որովհետեւ հասկանում եմ, որ այն ընթացքը, երբ ինձ համար անհամբերություն էր, ու ես այլեւս չէի կարողանում սպասել, հիմա իրականություն է դառնում: Ուզում եմ, որ դուք դրական աուրայով լինեք դահլիճում, ես այդ ամենը զգալու եմ:
Մի բան էլ ավելացնեմ: Համերգիս օրն ինձ համար նաեւ ասպիրանտուրայիս քննության օրն է: Ներկա է լինելու հանձնաժողով, ու քանի որ քննության ընթացքում որեւէ բան պետք է երգվի, անմիջապես կլինի հենց իմ ասպիրանտուրայի ավարտական քննությունը: Բեմում էլ դիպլոմս կստանամ:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս