Համայնքային գրադարանները բարձիթողի վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 13-20-ը Հայաստանում կանցկացվի Ազգային գրադարանային շաբաթ: Այն այս տարի կիրականացվի «Պահպանի՛ր եւ հիշի՛ր» խորագրի ներքո: Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից ավանդաբար անցկացվող մշակութային-մասնագիտական շաբաթի նպատակներից մեկն էլ գրադարանային խնդիրների բարձրաձայնումն ու դրանց արդյունավետ եւ համալիր լուծումների որոնումն է:

Այսօր հանրապետությունում, թերեւս, ամենաանմխիթար վիճակում մարզային, համայնքային ենթակայության գրադարաններն են, ի տարբերություն այն քիչ թվով գրադարանների, որոնք մշակույթի նախարարության ենթակայության ներքո են: «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով գրադարանների խնդիրները համայնքային իշխանությունների կամային լիազորությունների շրջանակում են ներառված, հետեւաբար գրադարանային ոլորտը բարձիթողի վիճակում է:
Դժվար չէ կռահել, որ համալրման, շենքային ու գույքային պայմանների բարելավման, աշխատավարձերի բարձրացման կարիքն ամենաշատը համայնքային գրադարաններն ունեն: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ստեփանավանի կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի տնօրեն Էմիլյա Քեղինյանի հետ: Վերջինս նախ անդրադարձավ գրադարանը համալրելու խնդրին:

Նրա խոսքով` 1988-ի երկրաշարժից հետո մեծ պահանջարկ վայելող այն գրականությունը, որը նախկինում հնարավոր էր լինում ձեռք բերել գրադարանային կոլեկտորի միջոցով, այլեւս հնարավոր չէ ստանալ: «Օրինակ` երբ հեռակա կարգով սովորող համայնքի ուսանողներին որեւէ գիրք է հարկավոր լինում, որը չկա մեր գրադարաններում, նրանք ստիպված են հասնել մարզկենտրոն կամ մայրաքաղաք: Որոշ գրքեր հնարավոր է լինում ձեռք բերել սեփական միջոցների ու կապերի, նվիրատվությունների շնորհիվ, սակայն խնդիրն այդ կերպ չի լուծվում»,-ասաց նա:
Տնօրենի խոսքով` այսօր համայնքում մասնագիտական, ծրագրային գրականության խիստ կարիք կա. «1988-ից հետո բուհերի ծրագրերը փոխվել են, ուսումնառությունը կազմակերպվում է նոր գրականության միջոցով, որը մենք չունենք»,-նկատեց նա:

Է. Քեղինյանը նշեց, որ համայնքում հատկապես բարձր է հոգեբանության, մանկավարժության, հայ ժողովրդի պատմության դասագրքերի պահանջարկը:
«Նաեւ դասական գրականության խիստ պակաս կա, օրինակ` Թումանյան չունենք: Պատճառն այն է, որ մեծ պահանջարկ վայելող գրքերը շուտ են մաշվում եւ արդեն շարքից դուրս են եկել: Իսկ նորերը ձեռք բերել հնարավոր չէ բյուջեի սղության պատճառով: Ուստի խնդրի լուծման միակ ուղին պետական մոտեցման ցուցաբերումն է: Եթե պետությունը մտածում է համայնքային գրադարանների ճակատագրի մասին, չպետք է այն հանձնի տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ ինքը պետք է իր ենթակայության ներքո առնի դրանք»,-ընդգծեց տնօրենը` հավելելով, որ, օրինակ, Ստեփանավանի թանգարանն արժանանում է պետական մակարդակով ուշադրության, իսկ շրջանի` առանց այն էլ քիչ թվով գրադարանները` ոչ:

Համայնքային գրադարանի առջեւ ծառացած հաջորդ ակնհայտ խնդիրը ցածր աշխատավարձերն են: «Ժողովուրդ»-ը դեռեւս նախորդ տարվա ավարտին հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարարությանը` պարզելու, թե ինչով է պայմանավորված 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախարարությանը նախատեսված հատկացումների ավելացումը: Կառույցից մեզ պատասխանել էին, որ նախարարության բյուջեի հետ կապված փոփոխությունները պայմանավորված են նաեւ բնագավառի աշխատողների աշխատավարձի ավելացումով (1212.9 մլն դրամ): «Բարձրացվել է նաեւ նախարարության ենթակայության ներքո գտնվող գրադարանավարների աշխատավարձը, իսկ համայնքների գրադարանավարներինը` ոչ: Վերջիններս զրկված են անգամ սոցփաթեթներից օգտվելու հնարավորությունից, ինչը վիրավորական է եւ ցավալի: Այնպես որ, աշխատավարձերի բարձրացման առումով առաջխաղացում չկա»,- հավելեց Է. Քեղինյանը: Քանի որ համայնքային գրադարանները մշակույթի նախարարության ենթակայության ներքո չեն, նրանց բախտ չի վիճակվել օգտվել աշխատավարձերի բարձրացումներից, եւ աշխատակիցները մնացել են 55 հազար դրամ աշխատավարձի հույսին:

Տնօրենը մատնանշեց նաեւ գրադարանում գույքի պակասի խնդիրը:

«Քաղաքապետարանը խոստացել է դարակների համալրման հարցը լուծել: Ինքս դիմել եմ տարբեր կազմակերպությունների` գրադարանը գույքով ապահովելու հարցում օգնություն ստանալու ակնկալիքով»,- եզրափակեց նա` հավելելով, որ թվարկված խնդիրները ընդհանուր են Հայաստանի բոլոր համայնքային գրադարանների համար:

Աննա Բաբաջանյան




Լրահոս