Կոտայքի մարզի Բուժական համայնքի նախկին ԲՀԿ-ական գյուղապետ Մանվել Դավթյանը սեպտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններին իր թեկնածությունն էր դրել ՀՀԿ-ական թեկնածու, գործող գյուղապետ Կարեն Գալստյանի դեմ, որն էլ 21 ձայնի տարբերությամբ վերընտրվեց:
Մանվել Դավթյանը համայնքի ղեկավարի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` ընդդեմ թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողովի: Երեկ կայացավ առաջին դատական նիստը, որի ժամանակ Մ. Դավթյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով գործի քննությունը հետաձգել, քանի որ չէր հասցրել փաստաբան վարձել եւ ներկայացնել ընտրությունների ժամանակ կատարված ընտրախախտումների տեսաձայնագրությունները: Դատարանը նրա ներկայացրած միջնորդությունը մասնակի բավարարեց` տալով մեկ օր ժամանակ:
Համաձայն թիվ 26 ԸԸՀ 2012թ. սեպտեմբերի 28-ին կազմված Բուժական համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքների արձանագրության՝ Կ. Գալստյանին կողմ քվեարկած քվեաթերթիկների քանակը կազմել է 534, իսկ Մ. Դավթյանինը` 513:
Ընտրություններից մի քանի օր հետո Մ. Դավթյանի վստահված անձի` Գեւորգ Դավթյանի դիմումի հիման վրա եւ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ կատարվել է վերահաշվարկ: Բայց հանձնաժողովը արձանագրության արդյունքները թողել է անփոփոխ:
Թիվ 26 ԸԸՀ նախագահ Վովա Սահակյանը, հիմք ընդունելով նշված ընտրատարածքի` 26/01 ՏԸՀ-ի նախագահ Նվեր Խաչատրյանի հայտարարությունն այն մասին, որ համայնքի ղեկավարի ընտրության անվավեր քվեաթերթիկների փաթեթը սխալմամբ տեղավորել են համայնքի ավագանու անդամների ընտրության մեկանգամյա օգտագործման պարկը, վերահաշվարկ է արել: Եւ այդ անվավեր քվեաթերթիկների փաթեթը վերահաշվարկի ժամանակ հայտնաբերվեց: Զրուցեցինք Վովա Սահակյանի հետ, որը տեղեկացրեց. «Վերահաշվարկի ժամանակ ոչ մի կարգի խախտում էլ չի հայտնաբերվել, հետեւաբար ոչ մի թիվ չի փոխվել: Տեղամասային գործավարական մատյանով չկա ֆիքսված խախտման այլ դեպք, բացի երեք անձնագրային տվյալներից, որ իբր ինչ-որ մեկի փոխարեն ինչ-որ մեկն է քվեարկել: Այլ կարգի խախտում չկա»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործող գյուղապետ Կարեն Գալստյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն երրորդ անգամն է պայքարում Դավթյանի դեմ. «Առաջին անգամ նրան պարտվեցի 12 քվեով: Հանգիստ իրեն թողեցինք, որ երեք տարի պաշտոնավարի, դրանից հետո հաղթեցի 130 ձայնով, իսկ այս անգամ՝ 21 ձայնով: Ինքը բավական մեծ գումարներ էր բաժանել գյուղացիներին: Շատ մեծ գումարներ: Մենք էլ առանց գումար բաժանելու ենք պայքարել, ու ազնիվ մարդկանց թիվն էլ այդքան կազմեց: Դրա համար էլ տարբերությունն այսպես ստացվեց: Ամեն ինչից տեղյակ եմ, բոլորը հատ առ հատ եկել էին ու ընտրել»:
Համայնքապետի համոզմամբ՝ ընտրությունն արդար ու խաղաղ է անցել. «Միայն տարիքով երեք մարդ շփոթվել էին` իրենց անվան դիմաց չստորագրելով: Այսինքն` մի տող վերեւ էին ստորագրել: Դա խախտում չի համարվում: Այդ երեք դեպքն էլ արձանագրված են»: Մեր այն հարցին, թե ինքն ընտրակաշառք բաժանել է, Գալստյանը պատասխանեց. «Ես ընտրակաշառք չեմ բաժանել: Կարող եք գնալ ու գյուղում հարցուփորձ անել»:
Մինչդեռ նախկին գյուղապետ Դավթյանը հակառակն է պնդում. «Իրա արածներն ի՞նձ է վերագրում: Ինձ որտեղի՞ց փող, որ ես բաժանեմ: Ես նման հնարավորություններ չունեմ: Դա ինքն է բաժանել»:
Մանվել Դավթյանը ապացույցներ ունի այն մասին, որ ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել: «Նույնիսկ մարդիկ, որոնք հանրապետությունում չեն եղել, նրանց փոխարեն ստորագրված է: Մարդիկ էլ կան, որոնք եկել են ընտրության եւ տեսել, որ իրենց փոխարեն ստորագրված է: Նման 7 դեպք ունենք արձանագրված: Տեսաձայնագրություններ ունենք: Նույնիսկ ֆիքսված կա, թե ինչպես է մեկը մի քանի քվեաթերթիկ գցում քվեատուփի մեջ: Իրենք վերահաշվարկի ժամանակ գրանցեցին զրոյական խախտում, բայց դրա հետ ես համաձայն չեմ»,-ներկայացրեց Դավթյանը: Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա այսօր՝ ժամը 11:00-ին:
ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀՀԿ-ԱԿԱՆԻ ԴԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ