ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԲՀԿ պայքարի արդյունքում երկրորդ պլան են մղվել քաղաքական մյուս բոլոր գործընթացները: Լուրջ դերակատարություն ունեցող մյուս բոլոր կուսակցությունները հիմա սպասում են այս հակամարտության ավարտին՝ կողմնորոշելու համար իրենց անելիքի հարցում: Արդյո՞ք ԲՀԿ առաջնորդը կհնազանդվի Սերժ Սարգսյանին ու կհայտարարի նախագահական ընտրություններում նրան սատարելու մասին, թե՞ ոչ. այդ որոշումից էլ կախված կլինի, թե կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ մարտավարություն կդրսեւորի առաջիկա գործընթացներում, մասնավորապես նախագահական ընտրություններում:
Մինչ այդ, տպավորություն է, թե քաղաքական կյանքը Հայաստանում կանգ է առել, ու բացի ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունից երկրում որեւէ այլ իրադարձություն չի կատարվում: Պատահական չէ, որ հիմա կարծես թե կանգ է առել անգամ Վարդան Օսկանյանի գործը. չնայած իշխանությունները հափշտապ լուծեցին նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն դրանից հետո այդ գործում չի արվել որեւէ քայլ. ո՛չ Օսկանյանին հարցաքննության են հրավիրել, ո՛չ էլ մեղադրանք առաջադրել:
Ներքաղաքական դաշտի պարապուրդը հետեւանք է նաեւ ԱԺ ընտությունների. բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից, մյուս ուժերը խորհրդարանում ներկայացված են նվազագույն չափով: Ու արդյունքում՝ բավական սեղմվել են նրանց գործունեության շրջանակները: ՀՅԴ խմբակցությունում նախկին 17 պատգամավորի փոխարեն հիմա 5 հոգի է, որոնց մոտ կարծես հիասթափություն է: ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ բացի Օսկանյանի հարցով քննարկումից, մյուս օրերին ՀՅԴ-ից միակ ակտիվ պատգամավորը տնտեսագետ Արծվիկ Մինասյանն է: Իսկ նախօրեին հայտարարությունների ժամին ՀՅԴ-ից ելույթ ունեցավ միայն Վահան Հովհաննիսյանը: Իսկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ-ից ոչ մեկը հարց չուղղեց: «Ժառանգության» դեպքում վիճակը շատ ավելի վատ է. 5 հոգանոց խմբակցությունում հիմա 4 պատգամավոր է՝ 2-ը «Ժառանգություն»-ից, 2-ը՝ «Ազատ դեմոկրատներ»-ից: Այն էլ՝ այս երկու կուսակցությունների մեջ համագործակցությունը դեռ չսկսված ի չիք է դարձել. «Ժառանգություն»-ն իր ցուցակով պատգամավոր դարձած ԱԴԿ նախագահ Խաչիկ Քոքոբելյանին սկսել է մեղադրել պայմանվորվածությունները խախտելու մեջ: Ու այս խմորումների արդյունքում «Ժառանգություն»-ը հիմա հայտնվել է անհասկանալի վիճակում: Ճիշտ է, սա չի խանգարել, որ «Ժառանգություն»-ը հայտարարի նախագահի ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու մասին:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա ընդդիմադիր այս ուժը, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ, գործուն մասնակցություն ունեցավ ՀՀԿ-ԲՀԿ անջրպեդի խորացման, ներքին հակամարտության էլ ավելի զարգացման հարցում, մի կողմ է քաշվել՝ համբերատար հետեւելով քաղաքական զարգացումներին: Սա է նաեւ պատճառը, որ Կոնգրեսն առայժմ չի շտապում հրավիրել իր խոստացած հանրահավաքը: ՀԱԿ անդամներն իրենք են ասում, որ հանրահավաքի համար հարկավոր է ունենալ կոնկրետ ասելիք հետագա քայլերի վերաբերյալ: Այնինչ այս պահին քաղաքական դաշտում դեռեւս չկա հստակություն, նշանակում է՝ չկա ասելիք: Ու նման պայմաններում հանրահավաք անցկացնելը կդառնա ինքնանպատակ: Ի վերջո, նախագահի ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու համար պետք է լինեն հստակ նախադրյալներ: Բայց քանի դեռ քաղաքական դաշտում չկա հստակություն, հնարավոր չէ կոնկրետ որոշում կայացնել:
Ի դեպ, եւս մեկ հանգամանք. վերջին շրջանում քաղաքական ուժերն իրենց գործողություններում գնալով մեծ տեղ են տալիս արտաքին գործոններին, արտաքին ուժերի հետ պայմանավորվածություններին: Բոլորի համար է հասկանալի դարձել՝ այս հասարակության հետ հույս կապել չի կարելի. նրանք 5-10 հազար դրամով պատրաստ են վաճառել առաջիկա 5 տարիների ապագան: Ուստի խնդիրները պետք է պարզել դրսի հետ ու նաեւ իրար միջեւ բանակցություններով: Մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս