ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՔՆՆԱԴԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հայաստանի անվանի մարզիկները պատասխանել էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ անդամ Լեւոն Մարտիրոսյանի «հեգնանքին»՝ արձանագրելով. «Լեւոն Մարտիրոսյանն անհարգալից տոնով ու ծաղրանքով է արտահայտվել մեր մեծ ընտանիքի՝ մարզաշխարհի մասին: Հատուկ նրա համար բացատրում ենք՝ հենց այդ ընտանիքի անդամ մարզիկներն են, որ աշխարհում մշտապես բարձր են պահում Հայաստանի պատիվը, հենց այդ մարզիկներն են, որ օտար երկրներում բազմիցս հնչեցնում են մեր հայրենիքի օրհներգը, հենց նրանց պատվին է, որ բարձրացվում է Հայաստանի ազգային դրոշը, այդ թվում` նաեւ թշնամական երկրներում՝ Թուրքիայում, Ադրբեջանում»: Ինչո՞ւ է Մարտիրոսյանը վիրավորել մարզաշխարհի ներկայացուցիչներին:
-Նախ՝ մարզիկներից ոմանք տեղյակ չեն իրենց հայտարարությունից, մասնավորապես Ալբերտ Ազարյանը, որը գլխավորում է ցուցակը: Եթե նույնիսկ տեղյակ են, ապա հայտարարության տեքստից հասկացվում է, որ ԱԺ-ում հնչեցրած իմ խոսքերը հաստատ չեն լսել: Բայց մենք ապրում ենք 21-րդ դարում, ինտերնետ կա, որտեղ կարելի է շատ մատչելի ձեւով տեղեկանալ, թե ես ինչ հայտարարություն եմ արել: Ոչ միայն մարզիկների նկատմամբ, մարզաշխարհի մասին որեւէ վատ բան չեմ ասել, ընդհակառակը՝ ասել եմ, որ պատիվ ու հարգանք եմ տածում այն մարզիկների հանդեպ, որոնք մեդալներ են ստանում: Ընդհանրապես ընդունված է, որ մեծ մարզական իրադարձություններից հետո գնահատական է տրվում ազգային հավաքականի մրցելույթներին, այսինքն՝ լավ է հանդես եկել հավաքականը, վատ եւ այլն: Այդպիսի գնահատական դեռեւս չէր հնչել, եւ ես այն բարձրացրեցի, քանի որ դա բոլորին է հուզում, մասնավորապես երկրպագուներին:
-Մարզիկներն իրենց հայտարարությունում նշում են, որ Դուք անհարգալից տոնով եք խոսել իրենց մասին:
-Չէ՛, չէ՛, ես ոչ միայն անհարգալից տոնով չեմ խոսել… ընդամենը հարց եմ տվել, սուր հարց եմ դրել, ես չեմ էլ թաքցնում՝ սուր հարց է, խնդիր է, եկե՛ք քննարկենք այդ հարցը: Ես կարծիք եմ արտահայտել:
-Իսկ ծաղրա՞նքը, որ եղել է Ձեր հարցը հնչեցնելու ժամանակ:
-ԱԺ կայքէջ կարող եք մտնել եւ տեսնել, որ նման բան չկա:
-Այնպիսի տպավորություն է, որ Դուք այդ հարցով ցանկացել եք «կպնել» մարզիկներին ու մտածված եք նման տոնով խոսել՝ ինչ-որ ենթատեքստեր ունենալով:
-Մտածված չէ, ուղղակի ես արդեն ասացի, որ ընդունված կարգ է՝ գնահատական է տրվում մարզիկների մրցելույթներին, բայց այդ գնահատականը դեռեւս չէր հնչել: Կարող եք իմ ելույթը նայել: Իմ կարծիքով՝ շատերը տեղյակ չեն, որ իրենք հայտարարություն են տարածել, երկրորդն էլ՝ վիրավորվելու բան չկա, կարող եք իրենցից էլ հարցնել՝ իրենք Մարտիրոսյանի ելույթը լսել են, թե ոչ: Շան գլուխը այդտեղ է թաղված:
-Այսինքն՝ մարզիկները վիրավորված են, որ հենց Դուք եք խոսել, մարդ, որի միակ արժանիքն այն է, որ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է:
-Ես էլ ցանկանում եմ բոլորին, որ այդպիսի արժանիք ունենան: Ես շատ հպարտ եմ իմ այդ արժանիքով:
-Պարո՛ն Մարտիրոսյան, իսկ ինչո՞ւ Գարիկ Մարտիրոսյանին ՌԴ-ի հանրային հեռուստաընկերությունից հեռացրին: Ինչո՞ւ էր նա գաղտնի պայմանագիր կնքել ծՁԹ հեռուստաընկերության հետ…
-Դա թեմայի հետ կապ չունի:
Հ.Գ. Իհարկե, որեւէ դատապարտելի բան չկա նրանում, որ ԱԺ պատգամավորը հանդես է եկել քննադատությամբ՝ որ ոլորտին էլ այն վերաբերի: Բա էլ ի՞նչ են նրան պատգամել ԱԺ մտնելիս: Պարզապես կան մարդիկ, որոնց տեսակն անգամ չի սազում քննադատության «ժանրին»: Նրանք մշտապես հնազանդվել են, հանդուրժել, հետեւաբար պոռթկալու իրավունք էլ չունեն: Ընդ որում, այդ կերպարն իրենք են ստեղծել տարիների ընթացքում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս