ԻՆՔՆԱԳՈՎԱՍԱՆՔԻ ՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ին Գյումրիում նշվեց քաղաքի օրը: Նախ «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ դեռեւս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ տպագրված «Շերամ» եւ «Շիրազ» գրքերի շնորհանդեսը: Ղուկասյանը,  շնորհավորելով գյումրեցիներին տոնի առթիվ, անդրադարձավ իր գործունեության 13 տարիներին, որոնք, ըստ նրա, անցել են 1 վայրկյանի պես, քանի որ գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատել է: Ղուկասյանը շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին ու ասաց. «Հավանական է՝ երկուշաբթի-երեքշաբթի օրվանից մենք, էսպես շատ մարդիկ կան, որ շատ են շտապում, մենք էս մի ամիսն է, 20 օրն է, արագ դիմում կգրենք, դուրս կգանք, եւ քանի որ ես հավատք ունեցող անձնավորություն եմ եւ մի քանի եկեղեցիներ կառուցող, ուրեմն չեմ ուզում ասել, թե ով ոնց ընտրվեց, ինչ եղավ: Մի բան եմ ուզում ասել, որ էս եկող քաղաքապետին թող Աստված իմացություն տա: Շնորհավորում եմ իրեն, կարողանա կառուցել, կառուցապատել, ինձանից ավելի լավը կառուցի, ավելի շենացնի մեր քաղաքը»:
Ղուկասյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչն է իրեն տարիներ առաջ դրդել քաղաքապետ առաջադրվել. «Երբ որ գյումրեցի տղամարդը, վարպետը, տուն էր մտնում՝ դատարկաձեռն չէր մտնում, էդ տարիներին էնպիսի վիճակ էր, որ վարպետները, փողոցները չափչափելով, դատարկաձեռն էին մտնում, էրեխեքն ասում էին՝ պապա՛ ջան, սոված եմ: 350.000-անոց Լենինականում էդքան մարդիկ չէին մահանում, ոնց որ հետաղետյան Գյումրիում: Այդ ամենը ստիպեց` չնայած շատերն ասում էին՝ փորձ չունի, չի հաջողվի, բայց փառք Աստծո, Աստծո օգնությամբ, ողորմությամբ աշխատեցինք ու այսօր սիրով, հարգանքով դուրս ենք գալիս եւ պարզ ճակատով կարող ենք այս քաղաքում քայլել: Ամենամեծ ձեռքբերումը սրա մեջ է»: Քաղաքապետն ամենամեծ ձեռքբերում է համարում  նաեւ այն, որ այսօր քաղաքում ազատ հողակտոր չկա. «Դրա համար պետք է այդ քաղաքապետին շքանշանով պարգեւատրեն, ոչ թե վատ զգան դրա համար: Երեւանը չհաշված, ոչ մի քաղաքում էդքան ներդրում չի կատարվել, ոնց որ Գյումրի քաղաքում: 40.000 տնակ հանեցինք քաղաքի երեսից, եւ ես ասել եմ, որ երբ վերջին անօթեւանը տուն ստանա, խոսք եմ տալիս, որ վերջին գյումրեցուն, քաղաքապետ էլ չլինեմ, Ղուկասյանների ընտանիքի կողմից ավտոմեքենա եմ հանձնելու»:
Ավելի ուշ միջոցառման մասնակիցներն ուղեւորվեցին Ամենափրկիչ եկեղեցու բակ, որտեղ տեղի ունեցավ Պոլոզ Մուկուչի արձանի բացումը: Տոնական միջոցառումների շարքը շարունակվեց Գյումրու կենտրոնական հրապարակում՝ տեղի երգիչ կատարողների, պարային խմբերի ու Երեւանից հրավիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Ի դեպ, նշենք, որ միջոցառմանը մասնակցող ոչ մի պաշտոնյա չկար:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս