Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն օրերս վստահվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի Խամաճիկների պետական թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանին: «Ժողովուրդ»-ը թատրոնի նոր ղեկավարի հետ զրուցել է առաջիկա անելիքների եւ հնարավոր փոփոխությունների մասին:
-Պարո՛ն Էլբակյան, Մայր թատրոնն այսօր ամենաշատն ինչի՞ կարիք ունի:
-Շատ բաների կարիք ունի: Նախ` շենքը վերանորոգելու անհրաժեշտություն կա, արդեն, ինչպես գիտեք, այն վերանորոգելու որոշումը կայացվել է: Բացի այդ` մենք ժամանակակից լուսային եւ ձայնային տեխնիկայի կարիք ունենք: Ընթացիկ աշխատանքների միջոցով մյուս կարիքներն էլ պետք է հոգանք:
-Իսկ նոր գաղափարի, նոր ռեժիսորների, նոր շնչի կարիք չկա՞: Ըստ որոշ ռեժիսորների ու բեմադրիչների` Մայր թատրոնում անընդմեջ նույն ներկայացումներն են բեմադրվում, և նոր ասելիքի պակաս կա: Դուք ի՞նչ կասեք:
-Անպայման զբաղվելու ենք խաղացանկային քաղաքականությամբ: Պետք է ծրագիր կազմվի, որ սկսենք այդ ուղղությամբ աշխատել: Դե, նոր ռեժիսորների կարիք էլ կլինի: Եթե մեզ դիմեն մասնագետներ, որոնց մտածողությունը կհամապատասխանի թատրոնի ծրագրին, մենք կողջունենք նրանց միտքը: Բայց դա չի նշանակում, որ մենք թատրոնի դռները բացելու ենք, բոլորին ասենք` շուտ-շուտ եկեք, բեմադրություն արեք: Մենք կընտրենք լավագույն մտահղացմամբ մասնագետներին: Իսկ թատրոնում նոր գաղափարի առկայությունը մեծապես կախված է դրամատուրգից: Պետք է ստեղծվի համապատասխան դրամատուրգիա, գրականությունն էլ պետք է ժամանակի հետ քայլի: Գրողները պետք է ժամանակից առաջ ընկնեն: Ի դեպ, տեղեկացնեմ, որ մենք մտադիր ենք հայտարարել մրցույթ եւ ընտրել դրամատուրգների: Իսկ նոր ներկայացում բեմադրելն այնքան էլ հեշտ բան չէ, դա մի օրվա գործ չէ, ժամանակատար աշխատանք է: Ներկայացումները չեն կարող արագ-արագ իրար հաջորդել:Հիմա խաղացանկում նոր հեղինակների անուններ էլ կան, հներինն էլ կան: Մեր ժամանակներում ինչպիսի՞ն պետք է լինի խաղացանկը. սրա մասին պետք է մտածենք:
-Ի՞նչ պետք է անել, որպեսզի Մայր թատրոնը, մնալով իր դիրքերում, միեւնույն ժամանակ կարողանա ժամանակին համընթաց քայլել, երիտասարդների հետաքրքրությունը շահել:
-Իսկ Դուք ի՞նչ նկատի ունեք երիտասարդություն ասելով: Երիտասարդությունը բազմաշերտ է: Թատրոնը պահածոյի տարա չէ, որ բոլորի ցանկությունը բավարարի: Այն բարձրացնում է խնդիրներ, որոնք ներկայացնում են իրականության հոգսերը, ազգային նկարագիրը, մտածողությունը: Թատրոնը պարտավոր չէ բոլորի ցանկությունները բավարարել:
-Այո՛, բայց այս դաշտում էլ առկա է մրցակցություն, հանդիսատես գրավելու խնդիր կա:
-Ընդհանրապես, արվեստը «կրոցի» չէ. այն ո՛չ շախմատ է, ո՛չ նարդի: Արվեստն ունի իր ճանապարհը, իր գեղագիտությունը: Ինքս, մեկ այլ թատրոնում տեսնելով լավ ներկայացում, այնպես եմ ուրախանում, կարծես մեր տանը երեխա է ծնվել: Յուրաքանչյուր թատրոն ունի իր տեսակը եւ դրա մեջ պետք է աշխատի: Մայր թատրոնը, օրինակ, պետք է իր ակադեմիական տեսակի մեջ մնա, աշխատի պահպանել ազգային մտածողությունը, էմոցիան:
-Վերջին շրջանում Սունդուկյանի անվան թատրոնում ազատ տեղերն առավել տեսանելի են, ըստ Ձեզ՝ որտեղի՞ց է գալիս այս խնդիրը:
-Ես չեմ կարող ասել, թե բոլոր թատրոնները լեփ-լեցուն են, եւ հենց Սունդուկյանի թատրոնում են ազատ տեղերը շատ: Դրա պատճառներից մեկն այն է, որ Մայր թատրոնի դահլիճը մեծ է, այն հեշտ չէ լցնել: Թատրոնի լեցուն լինելու հանգամանքը կախված է նաեւ այն բանից, թե որքանով են ժամանակները թատերային: Հիմա, ցավոք, ժամանակները թատերային չեն, կյանքը շատ արագ է թռչում, իսկ թատրոնի միակ ուժը կենդանի շփումն է: Եվ հետո, եթե թատրոնը լեցուն չէ, դա դեռ չի նշանակում, թե ներկայացումը լավը չէ: Ես տեսել եմ լեցուն հանդիսատեսով դահլիճներում սարսափելի բաներ, որոնք ներկայացում են անվանում եւ տխրել եմ հանդիսատեսի համար:
-Եվ վերջում` առաջին բանը, որ մտադիր եք փոխել Մայր թատրոնում, ի՞նչն է:
-Բոլոր թատրոններում միշտ նույն բանն եմ ուզեցել փոխել, ձգտել եմ այնպես անել, որ մարդիկ իրար սիրեն: Եթե այդ սերը լինի, կծնվի նաեւ այն ստեղծագործությունը, որի միջոցով այդ սերը կփոխանցվի նաեւ հանդիսատեսին: Դրանով պետք է զբաղվեմ: Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես ամենեւին կոտորածների կողմնակից չեմ, բարության կողմնակից եմ: Միեւնույն ժամանակ, ընկերությունը` ընկերություն, գործը` գործ:
Աննա Բաբաջանյան