ԴԵՌ ՔԱՂԱՔԱՊԵՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 8-ին՝ իր պաշտոնավարման ժամկետից 1 ամիս շուտ, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նույն օրը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել նաեւ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը եւ լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը: Երեկ հենց Լ. Աղեկյանից տեղեկացանք, որ դիմումներ են ներկայացրել եւս 2 բաժնի պետեր ու աշխատակազմի առաջատար մասնագետներ: Օրվա կեսին քաղաքապետարանում աշխատանքներն ընթանում էին բնականոն հունով, բայց քաղաքապետն արդեն շենքում չէր:
Նշենք, որ քաղաքապետն իր մոտալուտ հրաժարականի մասին հայտնել էր Գյումրու օրը՝ հոկտեմբերի 7-ին՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ. «Հավանական է երկուշաբթի-երեքշաբթի օրվանից, էսպես շատ մարդիկ կան, որոնք շատ են շտապում, մենք էս մի ամիսն է, 20 օրն է, արագ դիմում կգրենք, դուրս կգանք»:
Չնայած Վ. Ղուկասյանը ազատման դիմում է ներկայացրել, բայց այն դեռ չի հաստատվել կառավարության կողմից: Քանի դեռ նրա դիմումը չի քննարկվել ու հաստատվել, նա շարունակում է մնալ գործող քաղաքապետ: Համապատասխան որոշումն ընդունելուց հետո կնշանակվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ), քանի որ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնելու է նոյեմբերի 12-ից: Այսօր շրջանառվում էին խոսակցություններ, որ քաղաքապետի ԺՊ կնշանակվի հենց Սամվել Բալասանյանը:
Ըստ ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ավագանին պետք է նիստ գումարի, կազմի արձանագրություն եւ ներկայացնի համապատասխան պետական լիազոր մարմին, որից հետո նոր կքննարկվի հրաժարականի դիմումը:




Լրահոս