«COMPASS BAND»-Ը ԿԳՆԱ ԱՄՍՏԵՐԴԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր շարունակ պտտվող խոսակցություններն այն մասին, որ «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան մասնակից «Compass band»-ը խախտել է կանոնները, վերջապես ստացան իրենց հանգուցալուծումը:  «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հաղորդագրություն է տարածել:
«Ժնեւում Եվրոպական հեռարձակողների միության սպորտային ամենամյա համաժողով գործուղման ընթացքում տեղեկացա «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող «Compass band»-ի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին, ըստ որի՝ խմբի անդամներից մեկի տարիքը չի համապատասխանում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներին: Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-ից 15 տարեկան երեխաները: Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած «Compass band»-ի կազմը բաղկացած է 4 հոգուց՝ 13-ամյա Դավիթ Պարոնիկյանը, 13-ամյա Արշավիր Գրիգորյանը, 13-ամյա Արամ Ծատուրյանը եւ 13-ամյա Աբրահամ Ազնաուրյանը: Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական Եվրատեսիլ»-ի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում «Compass band»-ի «Sweetie baby» երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ: Մրցույթի եզրափակիչ փուլում «Compass band»-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, որի 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիս ամսին: Նկատի ունենալով, որ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի «Եվրատեսիլ»-ի ներպետական նախընտրական փուլերում հանդիպում են տարիքային եւ այլ անհամապատասխանություններ` խնդրի մասին տեղեկացրել ենք «Մանկական Եվրատեսիլ»-ի ղեկավար Սիտցե Բեքերին: Վերջինս նշել է, որ հայաստանյանի եզրափակիչ փուլի հաղթող «Compass band»-ի հիմնական կազմն իր «Sweetie baby» երգով համապատասխանում է մրցույթի կանոններին եւ կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Compass band» խմբի պրոդյուսեր ԶԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ էլ նման թյուրիմացության համար ներողություն է խնդրել Գոհար Գասպարյանից.  «Ցանկանում եմ ներողություն խնդրել Հ1-ի ղեկավարությունից եւ, իհարկե, առաջին հերթին Գոհար Գասպարյանից` նրանց շփոթության մեջ գցելու համար: Հայտարարում եմ, որ Հ1-ն այս ամենի հետ ոչ մի կապ չունի եւ ընկել է այս խառնաշփոթի մեջ բացառությամբ իմ պատճառով:
«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար ես Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել «Compass band» խմբի կատարմամբ «Sweetie baby» երգի հայտը, որի հետ ներկայացրել եմ «Compass band»-ի 4 մասնակիցների լուսանկարները եւ ձայնագրված «Sweetie baby» երգը` մենակատար Դավիթ Պարոնիկյանի կատարմամբ: Հետագայում՝ երգի տեսանյութի պատրաստման ժամանակ, որոշեցի ներառել նաեւ իմ աշակերտ Միքայել Վարոսյանին, որը որեւէ առնչություն «Compass band»-ի հետ չի ունեցել: Պատրաստված տեսանյութը ինձ բերեց այն մտքին, որ Միքայելին նույնպես կարելի է ներառել «Sweetie baby» պրոյեկտի մեջ ընդամենը որպես շեյքերահար: Սակայն ինչպես իր բոլոր հարցազրույցներում նշել է հենց Միքայել Վարոսյանը, նա «Compass band»-ի մասնակից չէ: Միքայել Վարոսյանին որպես շեյքերահար պրոյեկտում ներառելու մասին տեղեկացրել եմ Հ1-ի ղեկավարությանը: Ինձ է զանգահարել Գոհար Գասպարյանը` ճշտելու համար տղայի տարիքը: Վստահ լինելով, որ մի քանի ամսվա տարբերությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Միքայելի մասնակցության համար (Միքայելի 10 տարին լրանում է 2013 թվականի հուլիս ամսին),  Գոհար Գասպարյանին վստահեցրել եմ, որ Միքայելը 10 տարեկան է:
Եղել եմ միջազգային ժյուրիի անդամ եւ պատվավոր հյուր բազում միջազգային մրցույթներում, եւ այն դեպքերում, երբ մրցույթի կազմակերպիչները գտել են, որ մասնակիցը արժանի է մասնակցելու մրցույթին, տարիքային մի քանի ամսվա տարբերությունը չի զրկել նրան մասնակցության հնարավորությունից:
Անկեղծ լինելով` ուզում եմ ասել, որ չէի ակնկալում հաղթանակ եւ հույս չունեի, որ կկայացվի արդար որոշում: Մեր հաղթանակը մեծ ուրախություն ու անակնկալ եղավ բոլորիս համար` ստիպելով այսուհետ լինել շատ զգոն, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց, Հայաստանում հնարավոր է արդար մրցույթի անցկացումը»:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս