ՓԱՍՏԱԲԱՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Իջեւան) ավարտվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, նախկինում Իջեւանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռադիկ Պապյանի դատավարությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Պապյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ լինելով ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով, գիտակցելով իր ծառայողական լիազորությունների շրջանում հիշյալ խոստումը կատարելու անհնարինության մասին, Է. Քոսակյանի հորը՝ Սերժիկ Քոսակյանին, համոզել, դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց, ապա ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2010թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ հափշտակել է վերջինիս երեք հազար ԱՄՆ դոլար գումարը:
Ռ. Պապյանը խարդախությամբ, ուրիշի գույքին տիրանալու նպատակով 2011թ. փետրվարին, չարաշահելով Ս. Քոսակյանի վստահությունը, իր ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու եւ պաշտպանյալ Է. Քոսակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով Ս. Քոսակյանից պահանջել է հինգ հազար ԱՄՆ դոլար գումար, ապա վստահությունն ամրապնդելու նպատակով 2011թ. փետրվարի 28-ին Է. Քոսակյանին է վերադարձրել վերջինիս անձնագիրը՝ հավաստիացնելով, որ քրեական գործը կարճվել է: Հետագայում Է. Քոսակյանը, ստանալով իր անձնագիրը, Բագրատաշենի մաքսային անցակետով լքել է ՀՀ տարածքը, որի համար վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այդ ամենին տեղեկանալով եւ գիտակցելով, որ Ռ. Պապյանը նպատակ է հետապնդում խարդախությամբ հափշտակել իր հինգ հազար ԱՄՆ դոլարը, Ս. Քոսակյանը հրաժարվել է վերջինիս գումար տալ, որի պատճառով Ռ. Պապյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
2012թ. մայիսի 22-ին քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սեպտեմբերի 14-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ռադիկ Լիպարիտի Պապյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանը վճռել է ՀՀ քր. օր.-ի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ռ. Պապյանին դատապարտել երեք տարի ժամկետով ազատազրկման եւ կիրառել ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային Ժողովի 26.05.2011թ. որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը եւ նշանակված ազատազրկման ձեւով պատժի չկրած մասը կրճատել մեկ քառորդով՝ հաշվարկը թողնելով ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկին: Դատարանը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողել է անփոփոխ  մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Ռ. Պապյանի գույքի վրա դրված կալանքը վերացվել է: Դատավճիռը հրապարակման պահից մեկամսյա ժամկետում վերաքննության կարգով կարող է բողոքարկվել: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` Ռադիկ Պապյանը բողոքարկելու է իր նկատմամբ կայացված դատավճիռը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս