ՀԱՐՑ. Ընկերությունը կամ կազմակերպությունն իրենց կնիքով կարո՞ղ են հաստատել տեղեկագիր, որ իրենց ընկերությունը սնանկ է ճանաչվել կամ արդեն սնանկ է:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձը լուծարվում է նաեւ սնանկության հետեւանքով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետեւանքով:
Այսինքն՝ իրավաբանական անձի սնանկացումը եւս համարվում է լուծարման ձեւ:
Օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին: 2. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը նշանակում են լուծարման հանձնաժողով (լուծարող) եւ, սույն օրենսգրքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները: 3. Նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող իրավաբանական անձի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը»:
ՀՀ ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, սնանկ ճանաչվող ընկերության համար առավել դյուրին կլինի կրկին վերականգնել աշխատանքային գործընթացը, քան գործ ունենալ լուծարման հանձնաժողովի հետ: