Սամվել Շառոյանը դուրս եկավ ավագանու ԲՀԿ խմբակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Սամվել Շառոյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Քաղաքապետը նաև նշել է, որ նա, օրենքով սահմանված կարգով, կշարունակի մնալ Երևանի ավագանու անդամ։

Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան  համայնքի  վարչական  տարածքում  գտնվող  քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության  ծառայությունների  մատուցման  համար  նախատեսված  շենքերին  և  շինություններին  ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները կանոնակարգող որոշման նախագծին: Ըստ այդմ հստակ կանոնակարգվում են նշված ծառայությունների իրականացման  համար թույլտվություն ստանալու կարգը, այդ ծառայությունների մատուցման համար նախատեսված շինությունների գտնվելու թույլատրելի վայրերը, այդ շինությունների և համապատասխան ծառայությունների մատուցման համար առաջադրվող պարտադիր պայմանները:

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել է վերը նշված ծառայությունների մատուցման համար գովազդի կարգը: Որոշմամբ հստակ սահմանվել է տվյալ ծառայության արտաքին գովազդի առավելագույն չափը, ինչպես նաև գովազդային տեքստի թույլատրելի տարբերակը:

Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքացիական  հոգեհանգստի ծիսակատարության  ծառայություններ իրականացնելու  թույլտվության ընթացիկ  տարվա համար տեղական տուրքի չափը:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մայիսի 26-ին:




Լրահոս