ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՌԱՋ ՄՂԵԼ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահական ընտրությունների վերաբերյալ քաղաքական կուլիսներում նոր սցենար է քննարկվում: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` խոսքը վերաբերում է Վարդան Օսկանյանին ընդդիմության միասնական թեկնածու դարձնելու ծրագրին: Ընդ որում, այս հարցում որոշակի ակտիվություն է ցուցաբերում նաեւ ԱՄՆ-ը:
Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնն անդրադարձավ Օսկանյանի գործին՝ ասելով, թե այն ՀՀ արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից վատ երեւույթ է, եւ ընտրություններից առաջ գործ ունենք ՀՀ օրենսդրության ընտրովի կիրառման հետ: Իսկ իշխանություններն էլ այս հայտարարությունները որակեցին որպես միջամտություն ՀՀ ներքաղաքական կյանքին ու իրավական խնդիրներին:
Օսկանյանի հնարավոր առաջադրման նախագծին գործուն մասնակցություն է փորձում ունենալ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ վերջինս հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկել նախագահական ընտրություններում ԲՀԿ նախագահի առաջադրման հավանականությունը: Ծառուկյանն էլ, ըստ էության, ասել է, որ ինքը գործարար է եւ այդ քայլին չի գնա, քանի որ այն նպատակահարմար չէ: Որպես հարմար թեկնածու՝ խոսվել է Վ. Օսկանյանի մասին: Հետո հանդիպում է տեղի ունեցել Օսկանյանի ու Քոչարյանի միջեւ, քննարկվել է Օսկանյանի առաջադրվելու տարբերակը: Նաեւ նշվել է, որ Օսկանյանն ընդունված է արեւմուտքում ու եթե պահպանի կոմպլեմենտար քաղաքականություն, ապա ընդունելի կլինի ռուսների համար: Քոչարյանը նույնիսկ անկեղծացել է, որ ինքը չի կարող առաջադրվել, քանի որ այդ դեպքում կլինի «քաղաքական կոնսոլիդացիա՝ հանած Քոչարյան» տարբերակը, իսկ Օսկանյանի դեպքում հավանական է, որ լինի «քաղաքական կոնսոլիդացիա՝ հանած Սերժ»:
Պատահական չէ, որ վերջերս Օսկանյանն անձամբ երկու անգամ ակնարկեց իր հնարավոր առաջադրման մասին, նաեւ հրապարակեց նախագահական ընտրությունների վերաբերյալ իր պլատֆորմը՝ այդպես փորձելով որդեգրել նախագահի թեկնածուի պահվածք` կոմպլեմենտարիզմի տարրերը պահպանելով:
Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, այժմ սկսվել են բանակցություններ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ: ՀՅԴ-ի դեպքում գործի են դրվել քոչարյանական, իսկ ԺԿ-ի դեպքում՝ ամերիկյան դիվանագիտական խողովակները: Նույն աղբյուրների վկայությամբ՝ երկու կուսակցություններն էլ սկզբունքային առարկություններ չեն ներկայացրել Օսկանյանի թեկնածության վերաբերյալ: Սակայն ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց այս լուրերը՝ ասելով, որ ՀՅԴ բյուրոյում նախագահի ընտրությունների եւ թեկնածուի հետ կապված որեւէ հարց չի քննարկվել:
Այս առումով բաց է մնում ընդդիմության հարցը: Դեռեւս հստակ չէ՝ արդյոք Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրելու է իր թեկնածությունը, թե ոչ: Համենայնդեպս, ի տարբերություն այլոց՝ Տեր-Պետրոսյանը լրջորեն քննարկում ու հաշվարկում է իր առաջադրվել-չառաջադրվելու նպատակահարմարությունը, արտաքին ու ներքին ազդակները: Իսկ մինչ այդ Օսկանյանի ու նրա շրջապատի կողմից այս օրերին փորձեր են արվում բանակցություններ սկսել նաեւ ՀԱԿ-ի հետ: Սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հերքեց այս լուրերը՝ դրանք անվանելով ծիծաղելի: Նա հիշեցրեց ԱԺ ճեպազրույցների ժամանակ իր հայտարարությունները. «Մենք չեղած թեկնածուին չենք պաշտպանում, դեռ որեւէ թեկնածու չկա»: Մանուկյանը նշեց, որ քանի դեռ որեւէ մեկը չի հայտարարել առաջադրվելու մասին, անիմաստ է այդ մասին խոսելը:
Ի դեպ, չի բացառվում, որ Օսկանյանը մասնակցի ոչ թե որպես ԲՀԿ-ի թեկնածու, այլ ինքնաառաջադրվի: Գերմանական DW ռադիոկայանին տված հարցազրույցում էլ այս թեմայով նա ասել է. «ԲՀԿ-ն մեծ ազդեցություն ունի Հայաստանում, եւ անկախ ամեն ինչից՝ ԲՀԿ-ն առանցքային դեր է խաղալու առաջիկա նախագահական ընտրություններում»: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, խոսելով կուլիսային քննարկումների մասին, ասաց. «Դրանք համարում եմ որպես ԲՀԿ պաշտոնական դիրքորոշման վրա չհիմնված խոսակցություններ, քանի որ ԲՀԿ-ն պաշտոնական դիրքորոշում չի հայտնել»: Սակայն չմանրամասնեց, թե երբ կլինի ԲԿՀ պաշտոնական դիրքորոշումը:
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ որոշվել է դեկտեմբերին արտահերթ ժողով կամ համագումար հրավիրել՝ Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին պաշտոնապես հայտարարելու համար: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն դեռեւս հույս ունի, որ ԲՀԿ-ն կմտափոխվի, ու դրա համար մինչեւ տարեվերջ ժամանակ է տվել: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, թե իրենց համար միեւնույն է՝ այլ կուսակցություններից ով կառաջադրի իր թեկնածությունը: Իսկ թե որքանով է հնարավոր ոչ կոալիցիոն ուժերի՝ Օսկանյանի շուրջ կոնսոլիդացիայի հավանականությունը, նա նշեց. «Կանխատեսումները, իհարկե, ճիշտ չեն, բայց երբ վերլուծում ենք ընդդիմադիր հատվածի տրամադրություններն ու ելույթները, ապա մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ»:
Հավելենք, որ չնայած «ջրի հատակում» ակտիվորեն քննարկվող ու ծավալվող իրադարձություններին, քաղաքական դաշտի առավել իրատեսական հատվածը Օսկանյանին համարում է թույլ եւ չընկալվող թեկնածու թե՛ քաղաքական, թե՛ հասարակության մեջ ունեցած հեղինակության առումով: Տեսնենք, թե ինչ արդյունք կտան քաղաքական կոնսուլտացիաները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս