ԲԺԻՇԿԸ ՎՆԱՍԵԼ Է ԾՆՆԴԿԱՆԻՆ ՈՒ ՆՈՐԱԾՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի գլխավոր բժիշկ Անդրանիկ Այվազյանի մասնագիտական անփութության պատճառով նույն մարզի Կողբ համայնքի բնակչուհի Անի Սիմոնյանը ստացել է արյան վարակում: Ծննդաբերության ժամանակ բժիշկը նշտարով (լանցետ) կտրել ու վնասել է նաեւ Անիի զույգ բալիկներից մեկի գլխի վերին մասը:
Կողբ գյուղի բնակչուհի Անի Սիմոնյանը սույն թվականի սեպտեմբերի 21-ի գիշերը ծննդաբերել է Նոյեմբերյանի հիվանդանոցում՝ լույս աշխարհ բերելով զույգ աղջիկների՝ Անգելինային ու Մարիային: Անիի հոր՝ Սեյիդ Սիմոնյանի տեղեկացմամբ՝ ծննդատան գլխավոր բժիշկ Անդրանիկ Այվազյանը նպատակահարմար է գտել կեսարյան վիրահատություն կատարել, որից հետո, ըստ հոր, Անին ընկել է ցնցումներ մեջ: «Աչքիս առաջ ըրեխես 5-10 սմ ծուլ-ծուլ էր լինում: Բժիշկն ասում էր՝ մի՛ վախեցեք, նորմալ վիճակ է: Ես էլ մասնագետ չեմ, տղամարդ եմ, հավատում էի»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում պատմում է Սեյիդը:   Հետծննդաբերական շրջանում հիվանդի վիճակը գնալով վատացել է: Սա հարուցել է ծնողների անհանգստությունը: «Էրեխես աչքիս առաջ ամեն օր վատանում էր: Ուզում էինք տեղափոխել Երեւան, բժիշկը թույլ չէր տալիս: Ու էսպես շարունակ ինձ խաբում էր, ասում՝ էրեխուս վիճակը կայուն ա, կլավանա, հա կլավանա, ու էսպես տասնմեկ օր: Հետո պարզվեց, որ 1,5 լ արյուն է փորում կուտակվել»,-ասում է հիվանդի հայրը:
Տասնմեկերորդ օրը հիվանդի վիրահատական կարերից մեկը բացվում է, եւ նա սկսում է արնահոսել: Անիի ծնողները, այլեւս ականջալուր չլինելով  բժշկի հորդորներին, փորձում են նրան տեղափոխել Երեւան: Նոյեմբերյանի հիվանդանոցի տնօրեն Աշոտ Գյոզալյանը,  տեսնելով, որ  «բանը բանից անցել է», «մեծահոգություն» է դրսեւորում` տրամադրելով  գծային շտապօգնության մեքենա, որի համար հիվանդի հարազատներից պահանջում են 80 լ բենզին: «Մենք պարտավոր չէինք հոգալ հիվանդի տեղափոխման հարցը, սակայն մեր սուղ կադրային խնդիրը շրջանցելով` տվել ենք մեր միակ անեսթեզիոլոգին եւ ուղեկցող բուժքույր»,-ասում է հիվանդանոցի տնօրենը:
«Ժողովուրդ»-ի հարցմանը, թե ինչպես է կատարվել հիվանդի տեղափոխությունը, ՀՀ առողջապահության նախարարության լրատվության ծառայությունից պատասխանեցին. «Անի Սիմոնյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադի ուղեկցությամբ»` հավելելով, որ մարզային հիվանդանոցները չեն գտնվում ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ:
«Ասում են՝ ծննդօգնությունը Հայաստանում անվճար է: Ի՞նչ անվճար, գիտե՞ք՝ ինչքան փող եմ ծախսել, տո բժշկին, տո քույրին ու սանիտարկին, դեղերի մասին էլ խոսում չեմ»,-ասաց Սեյիդ Սիմոնյանը` խոստանալով հանդիպել ու «ամեն ինչ իր կարգով պատմել»: Վերջինս ասաց, որ շատ վրդովված է Այվազյանի գործունեությունից, կարծում է, որ մասնագիտական սխալներ բոլորն էլ կարող են անել, բայց որ մի վիրահատության ընթացքում երկու մարդու վնասեն, դա Սիմոնյանի մոտ կասկածի տեղիք է տալիս. «20 օր է՝ գիշերը պառկում եմ, մտածում, թե կարող է՝ էս բժիշկը ինձ շփոթել է այլ մարդու հետ ու վրեժ է լուծում: Չեմ թաքցնում, երկու անգամ գնացել եմ հիվանդանոց, որ հանդիպեմ բժշկին, ապտակեմ, սիրտս հովանա, բայց… լավ է՝ տեղում չի եղել: Ա՛յ թե մարդիկ ոնց են հանցագործ դառնում»:
«Բժիշկը կաշին փրկելու համար թաքնվել է Նոյեմբերյանի դատախազի թիկունքում ու մի բան էլ բողոքելով` իբր ես սպառնում եմ իրեն: Հետաքրքիր է՝ ո՞նց կվարվեր  ինքն իմ փոխարեն»,-հուզված հարցնում է Անիի հայրը: Նշենք, որ Անի Սիմոնյանի վիճակը ծանր է: Իսկ նործնի գլխի վիրահատական կարերը 13 օր անց հանվել են «Էրեբունի» հիվանդանոցում, այնինչ դա պետք է արվեր վիրահատություից 3 օր հետո:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս