1756-Ն ԱՅԼԵՎՍ ԱՆՕԹԵՎԱՆ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նորակառույց Մուշ եւ Անի թաղամասերում երեկ 1756 բնակարան հանձնվեց շահագործման: Բանալիների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի, տեղի իշխանությունների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մի քանի ժամ արեւի տակ սպասող գյումրեցիներից շատերը մինչ արարողության սկսվելը արդեն դժգոհում էին գլխի եւ ոտքերի ցավից: «Մեզի ժամը 12:00-ից կանչել էին, բայց արդեն 14:30-ն է, հլը չեն սկսել, թե բդի երեքին սկսեին, թող գոնե 14:00-ին կանչեին»,-դժգոհում էին հավաքվածներից շատերը:
Արտաքինից գեղեցիկ բնակարանների որակը ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը բարձր գնահատեց, բայց եւ նշեց, որ եթե թերություններ առաջ գան, ապա «Գլենդել հիլզ» ընկերության հետ կա կնքված պայմանագիր՝ ներքին հարդարման համար մեկ, իսկ արտաքին հարդարման համար՝ 4-5 տարվա ընթացքում ի հայտ եկող թերությունների վերացման մասին:
Առաջիկայում մարզում եւս 600 բնակարան կառուցելու ծրագիր կա: Կա նաեւ Մուշ 2-ում մանկապարտեզ կառուցելու ծրագիր: Քաղաքաշինության նախարարը Գյումրիում անօթեւանության խնդրի լուծման վերջնաժամկետ նշեց 2013թ. վերջը: Բնակարանամուտի սպասող քաղաքացիներից շատերը գոհ էին իրենց նորակառույց տներից, բայց դժգոհում էին, որ դրանք քաղաքի ծայրամասում են: Որպես լուրջ թերություն՝ նրանք նաեւ նշում էին նկուղների բացակայությունը. «Մեր ձմեռվա պաշարն ո՞ւր ենք դնելու, կուխնին էլ է փոքր, որ ասենք` մի փոքր հատված չուլան կսարքենք»:
Բնակարանամուտ տոնող գյումրեցիներին շնորհավորեց ու իր մաղթանքը հղեց նորանշանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը` հիշեցնելով, որ ինքը եւս մասնակցություն է ունեցել այս ծրագրին: «2007թ., երբ երկրաշարժի 20-ամյա տարելիցն էր մոտենում, միշտ Ազգային Ժողովում բարձրացվում էր աղետի գոտու տնակների հարցը: Հանրապետության նախագահը, որն այդ ժամանակ կառավարության ղեկավարն էր, հայտարարեց, որ ստեղծվելու է հանձնաժողով, որի մեջ ընդգրկվելու են մարզպետեր, քաղաքապետեր ու հոգեւոր առաջնորդներ: Ու մենք մասնակցեցինք այդ հանձնաժողովներին եւ կարողացանք այդ ծրագիրն ունենալ ու այսօր իրականացնել»,-շեշտեց Բալասանյանը: Մինչդեռ բնակարանամուտ տոնող գյումրեցիներից շատերն ասում էին. «Վարդանը սարքեց, հմի էլ ինքը եկել է կբաժնե, յանիմ ինքն է սարքե»:
Մինչ Ս. Սարգսյանը տեղի իշխանությունների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ շրջում էր բնակարաններով ու ծանոթանում դրանց որակին, մենք նկատեցինք, որ թիվ 34 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի առաստաղի մի հատված պոկված էր, ինչն ակնհայտ երեւում էր պատուհանից:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս