«ԷԳՈԻՍՏ ՄԱՅՐԻԿ ՉԵՄ». ԼԱՅԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լայանան (Լիաննա Թեւոսյան) դստեր ծնունդից հետո իր ողջ ժամանակն ու էներգիան նվիրել է նրան: Ու քանի երգչուհին վայելում է մայրության բերկրանքը, երկրպագուներն անհանգստանում են, որ նրա ստեղծագործական դադարը երկար կտեւի: «Ժողովուրդ»-ը Լայանայի հետ զրուցել է նրա նոր կարգավիճակի, առաջիկա անելիքների, երգչուհու անվան շուրջ պտտվող խոսակցությունների եւ այլ թեմաների շուրջ:

-Լայանա՛, գիտենք, որ շատ էիք սպասում Ձեր առաջնեկի ծնունդին: Այժմ, ինչպես տեսնում ենք, անմնացորդ տրվել եք նրան, մայրական բերկրանքից զատ մեծացե՞լ է պատասխանատվության զգացումը:
-Մայրությունն անհավատալի մի զգացողություն է, սկզբնական շրջանում չէի հավատում, որ արդեն երեխա ունեմ, հիմա 10 րոպե նրան չեմ տեսնում, կարոտում եմ, զգում եմ, թե որքան կարեւոր էակ է ինձ համար, ընդհանրապես չեմ քնում, ինքս էգոիստ մայրիկ չեմ, երեխայիս կերակրում եմ կրծքով, իսկ դա անբացատրելի երջանկություն է: Ինձ համար միշտ անհասկանալի են եղել երեխայի սեռին առնչվող քննարկումները. նա իրենով արդեն մի կյանք է: Իհարկե, ինձ մոտ մեծացել է նաեւ պատասխանատվության զգացումը, բայց հենց երեխայիս գիրկս եմ առնում, մոռանում եմ ամեն ինչի մասին:
-Երկրպագուները մտավախություն ունեն, որ ասպարեզից երկար ժամանակով «կկորչեք»:
-Չեմ կարծում, թե նման բան կլինի: Պարզապես պետք է հասկանալ, որ հղիությունը, մայրությունը փոխում են կնոջ կազմվածքը: Հիմա սպասում եմ նախկին կազմվածքս վերականգնեմ եւ նոր միայն բեմ դուրս գամ: Ամեն բան իր ժամանակն ունի, չեմ կորչի: Շատ գործեր ընթացքի մեջ են, մի պարային երգ ունեմ, որն արդեն պատրաստ է, մտադիր եմ դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել:
-«Գոհար» սիմֆոնիկ երգչախմբի մեներգչուհին լինելուց հետո դժվար չէ՞ր ռեստորանում երգելը:
-Բայց ռեստորանում բոլորն են երգում, հաշված թվով մարդիկ են, որ հանդես չեն գալիս ո՛չ ակումբում, ո՛չ ռեստորանում: Եթե գումար աշխատելու գործոնը մի կողմ դնենք, պետք է հաշվի առնենք նաեւ, որ ռեստորանում ամենօրյա աշխատանքը երգչի համար մարզանքի պես մի բան է: Թող մարդիկ քննադատեն, ինձ համար միեւնույն է: Եթե ես ռեստորանում եմ երգում, դա դեռ չի նշանակում, որ ես անորակ երաժշտություն եմ մատուցում հանդիսատեսին. երգում եմ իմ ճաշակով երգեր, ես ռեստորանին չեմ ենթարկվում, այլ ռեստորանն եմ ինձ ենթարկեցնում: Այնտեղի լսարանի համար երգելն էլ համերգ է, ընդ որում, պատասխանատու համերգ: Երբեմն կարեւոր դեմքեր են այցելում ռեստորան, օրինակ` Փարիզի քաղաքապետը, Վրաստանի վարչապետը, մենք ռեստորանում ներկայացնում ենք հայկական մշակույթը, եւ նրանք տպավորված դուրս են գալիս: Ես «Գոհար» երգչախմբում եմ երգել, «մեծացել», ուրիշը դառնալ չեմ կարող:
-Վերջերս կայքերից մեկը Ձեզ ընդգրկել էր անհաջող պլաստիկ վիրահատություններին զոհ գնացած աստղերի ցուցակում: Հետաքրքիր է` երբեւէ դիմե՞լ եք վիրահատական միջամտության:
-Ոչ, երբեք չեմ արել պլաստիկ վիրահատություն, անգամ ատամ չեմ հանել (ծիծաղում է): Այդ տեղեկությունը տարածողները սուտ ինֆորմացիան հանրայնացնելուց առաջ կարող էին գոնե ինձնից պարզել իսկությունը: Իմ ոչ հայկական քիթն, օրինակ, ժառանգել եմ մորիցս, ով ուկրաինացու եւ հրեայի խառնուրդ է: Առհասարակ, ինքս դեմ չեմ վիրահատական միջամտություններին, սակայն կարծում եմ` ամեն բան չափի մեջ է գեղեցիկ: Հիմա մի ազարտ է մտել հասարակության, մասնավորապես` երիտասարդների շրջանում, մի վիրահատություն որ անում են, հետո ուզում են էլի անել, արդյունքում հոնքի փոխարեն աչքն էլ են հանում: Հաճախ չես կարողանում նայել մարդու դեմքին, դիմագծերին, իսկ վիրահատվածներն էլ երբեմն չեն կարողանում ժպտալ կամ խոսել: Ինքս, ինչպես նշեցի, առայժմ չեմ դիմել վիրահատական միջամտության, մտքիս էլ չկա նման բան: Թող մեծամտություն չթվա, բայց ես գոհ եմ իմ արտաքինից:
-Ձեր ամուսինը, ով նաեւ Ձեր մենեջերն է, հաճա՞խ է Ձեզ գործնական խորհուրդներ տալիս: Առհասարակ, տանը աշխատանքից խոսո՞ւմ եք:
-Իհարկե, խոսում էլ ենք, վիճում էլ ենք… Նա միակն է, ում հետ ես խորհրդակցում եմ:
-Իսկ Ձեր սկեսուրն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր բեմական կերպարներին:
-Ես եւ նա նույն ճաշակի տեր ենք, բեմական կերպարներիս նա նորմալ է վերաբերվում, շատ ժամանակակից կին է, անգամ ինքն է խորհուրդ տալիս բեմում ներկայանալի լինել: Կարծում եմ` ես էլ նրա պես ժամանակակից մայրիկ կլինեմ (ծիծաղում է):

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՍՆՈՒՓ ԴՈԳԸ ԿԳԱ ԵՐԵՎԱՆ
Հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգը Երեւանում համերգով հանդես կգա մայիսին կամ օգոստոսին: Այս մասին BRAVO.am-ի հետ զրուցում հայտնել է համերգի կազմակերպիչ «One Production»-ի տնօրեն Վակա Դավթյանը` հերքելով տարածված այն խոսակցությունները, ըստ որոնց՝ ռեփերը մեր մայրաքաղաքում ելույթ կունենա մայիսի 17-ին:
Հիշեցնենք, որ երեկ Facebook-ում «One Production»-ը իվենթ էր ստեղծել` հայտնելով մայիսի 17-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում Սնուփ Դոգի համերգի մասին: Մինչդեռ ռեփերը Twitter-ի իր էջում տեղեկացրել էր այդ նույն օրը Նորվեգիայում կայանալիք իր ելույթի մասին:

 

ՋԱԶԻ ՕՐ
Ջազի միջազգային օրը` ապրիլի 30-ը, այս տարի եւս համախմբել է հայ եւ միջազգային լավագույն ջազմեններին ու ջազբենդերին: Կասկադ համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցել համերգ` նվիրված Ջազի միջազգային օրվան, որի շրջանակում հանդես են եկել ազգությամբ հայ ջազ երաժիշտներ Մակեդոնիայից` Թավիջյան եղբայրներն իրենց տրիոյով: Համերգի մասնակիցների թվում եղել են Գարո եւ Դիրան Թավիջյանները, Գորան Գեշովսկին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ, Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, այլ երաժիշտներ:
Նշենք, որ Թավիջյան եղբայրները մեծ ճանաչում ունեն Մակեդոնիայում եւ, առհասարակ, Եվրոպայում: Իսկ Թավիջյան ընտանիքը Մակեդոնիայում ամենահայտնի հայկական գերդաստաններից է:

 

ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ
Պամելա Անդերսոնը երկրորդ անգամ պաշտոնապես ամուսնալուծվել է Ռիք Սալոմոնից: Վերջերս հայտնի է դարձել զույգի բաժանման պատճառը. Ռիքը չի բավարարում Պամելային: Ինչպես փոխանցում է Hello-ն, Պամելան որպես փոխհատուցում 1 միլիոն դոլար կստանա:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Պամելան եւ Ռիքը ամուսնացել են 2007թ. Լաս Վեգասում: Մի քանի ամսվա համատեղ կյանքից հետո նրանք չեղյալ են հայտարարել իրենց ամուսնությունը: 2014-ի հունվարին Պամելան կրկին ամուսնացել էր նրա հետ, սակայն հունիսի սկզբին ամուսնալուծության հայց էր ներկայացրել: Հետո, սակայն, նրանք վերսկսել էին իրենց հարաբերությունները:




Լրահոս