Երեկ ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ ո՛չ նախագահ Բարաք Օբամային, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին չի սատարի նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում, քանի որ նրանք չեն վաստակել հայ համայնքի աջակցությունը: Հանձնախումբը նշել է, որ Բ. Օբաման 2008թ. ուներ Հայ դատի գրասենյակի աջակցությունն ու ամերիկահայերի քվեները եւ բազմիցս խոստացել էր աշխատել Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ամերիկահայերին հուզող այլ խնդիրների ուղղությամբ: Եւ քանի որ նրանք իրենց խոստումը չեն կատարել, իրենք որոշել են ոչ մեկին չաջակցել:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե սա ամենեւին չի նշանակում, որ հայերը խաբված վիճակում են. «Պետք է մենք միշտ մեզ չխաբենք, թե նախագահներն ընտրվելուց հետո կարտասանեն ցեղասպանություն բառը, բայց իրենք միշտ ինչ-որ ձեւեր են գտնում՝ ուրիշ բառերով ցեղասպանությունը ներկայացնելու համար: Եւ ես կարծում եմ, որ այդ ամենը միշտ էլ կկրկնվի, սա առաջին ընտրությունները չեն, եւ սա առաջին նախագահի թեկնածուն չէր, որ նման խոստում էր տվել: Ես չէի ասի, որ մենք խաբվածի կարգավիճակում ենք, դա ցանկության խնդիր է»:
ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ