Պոլիտեխնիկը վերադառնում է իր երբեմնի կայուն վիճակին. վերելքի ճանապարհ` բուհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում պոլիտեխնիկը տարբեր առիթներով հայտնվում էր հանրության ուշադրության կենտրոնում: Հունիսին նախատեսված են ԲՈՒՀ-ի ռեկտորի ընտրությունները, եւ պոլիտեխնիկում առկա խնդիրների, անելիքների եւ առաջիկա ընտրությունների շուրջ իր տեսակետն է ներկայացնում ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տեխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում» ամբիոնի վարիչ Սարգիս Սիմոնյանը:

-Պարո՛ն Սիմոնյան, վերջին շրջանում պոլիտեխնիկը եւ նրա ղեկավարը պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ընդ որում, հակադիր տեսանկյուններով: Ո՞րն է խնդիրը, ըստ Ձեզ:

-Իրոք, դա այդպես է: Հայտնի է նաեւ, որ ով ոչինչ չի անում, նա ոչ մեկի ուշադրության կենտրոնում էլ չի հայտնվում: Պոլիտեխնիկում ներկայումս ընթանում են համատարած դրական փոփոխություններ` թե՛ ուսումնական գործընթացներում, թե՛ գիտական ասպարեզում, թե՛ կազմակերպական կառուցվածքի առումով, թե՛ լայնամասշտաբ վերանորոգման եւ բարեկարգման տեսանկյունից եւ այլն:

Մի խոսքով, համալսարանը գտնվում է խորը անցումային գործընթացների փուլում: Հուսանք, որ պոլիտեխնիկը շուտափույթ կվերադառնա իր երբեմնի կայուն վիճակին: Ինչ վերաբերում է համալսարանի` լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հակադիր տեսանկյուններով հայտնվելուն, ապա դա ունի իր հիմնավոր պատճառները: Իմ կարծիքով, դա առաջին հերթին պայմանավորված է երկրի առջեւ ծառացած բազմաթիվ, մեզ քաջ հայտնի հանգամանքներով (ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ, պերմանենտ հակամարտություն սահմանում, արտագաղթ եւ այլն), որոնք խաթարում են ամեն տեսակի գործունեություն եւ պարարտ հող ստեղծում ապակառուցողական գործողությունների համար:

Մարդիկ շատ հաճախ իրենց առօրեական խնդիրները տեղափոխում են այլ գործունեության ոլորտ՝ այնտեղ սփոփանք գտնելու նպատակով, ինչը սովորաբար բերում է բացասական հետեւանքների: Մյուս կողմից՝ նույնպես գաղտնիք չէ, որ որոշ լրատվամիջոցներ նման իրավիճակներում երբեմն փնտրում եւ «գտնում» են սենսացիաներ առաջացնելու՝ հաճախ մտացածին առիթներ:

Կարծում եմ՝ «հաջողված» օրինակ են պոլիտեխնիկին վերագրվող վերջին մեկ տարվա հրապարակումները: Ուստի բոլորիս կոչ եմ անում շարունակել աշխատել հանուն համալսարանի բարգավաճման, շարունակել ըստ ամենայնի նպաստել նրա առաջընթացին եւ վերագտնել նրա երբեմնի բարձր վարկանիշը: Ես համոզված եմ, որ պոլիտեխնիկը դա կարող է եւ անպայման կանի:

-Ի՞նչ է փոխվել պոլիտեխնիկում վերջին մեկ տարվա ընթացքում:

-Շատ բան է փոխվել: Մասնավորապես, մասնագիտությունների խոշորացման հետ կապված լիովին վերանայվել եւ ավարտին են հասցվել բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսումնական պլանները, զարգացվել են հին եւ բացվել են նոր գիտահետազոտական լաբորատորիաներ, որոնք աշխատում են ժամանակակից գիտության ամենատարբեր ասպարեզներում եւ հասել են լուրջ արդյունքների:

Բավական է նշել, որ հանրապետության 100 ակտիվորեն աշխատող առաջատար գիտնականներից 8-ը պոլիտեխնիկի աշխատակիցներ են: Տարեցտարի ավելանում է համալսարանում տարբեր մասնագիտություններով պաշտպանվող թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների թիվը՝ 5 մասնագիտական խորհուրդներում:
Առանձնապես ակնառու են համալսարանում տարվող շինարարական, վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքները: Այս ուղղությամբ, իհարկե, շատ կարելի է խոսել: Սակայն կարծում եմ, որ ներկայացվածն էլ բավական է՝ փաստելու վերջին տարվա ընթացքում իրականացված կարեւոր փոփոխությունները: Հույս ունեմ նաեւ, որ նման ձեռքբերումներ էլի կլինեն:

-Հունիսին ռեկտորի ընտրություններ են նախատեսվում: Ո՞ւմ կցանկանայիք տեսնել այդ պատասխանատու պաշտոնում:

-Հավելենք՝ երկար սպասված ընտրություններ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ում կցանկանայի տեսնել ռեկտորի պաշտոնում, ապա պետք է ասեմ հետեւյալը. ես 1964-69թթ. սովորել եմ պոլիտեխնիկում, 1970թ. առ այսօր աշխատում եմ պոլիտեխնիկում: Այդ ժամանակահատվածում առնչվել եմ 8 ռեկտորների հետ: Ելնելով իմ կեսդարյա փորձից՝ կարծում եմ, որ՝

ա) ռեկտորը, ամենից առաջ, պետք է լինի արժանապատիվ եւ հասարակության կողմից, ըստ ամենայնի, հարգված ինտելեկտուալ անձնավորություն, մարդ, ով ունակ է ցանկացած պարագայում կայացնել արդարամիտ եւ խորապես հիմնավոր վճիռներ,

բ) մարդ, ով համալսարանի կոլեկտիվի կողմից կընդունվի որպես հմուտ ղեկավար, բանիմաց կազմակերպիչ եւ առաջատար գիտնական,

գ) մարդ, ով ուսանողության համար կլինի անաչառ խորհրդատու, սրտացավ ավագ ընկեր եւ հարազատ բարեկամ:

Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածի ակնառու ձեռքբերումները՝ պոլիտեխնիկի իմ նորընտիր 9-րդ ռեկտորին ցանկանում եմ, որպեսզի նա բազմապատկի եղածը եւ համալսարանին վերադարձնի նրա երբեմնի համբավը, որպեսզի այն դառնա մեր հանրապետության առաջատար բուհը:




Լրահոս