«Ռազմական ինստիտուտի նախկին փոխտնօրենը ճնշում է գործադրում իր տղայի գործով քննության վրա»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում վերջերս տեղի ունեցած միջադեպին:

«Խոսքս վերաբերում է տեղի ունեցած ոճրագործությանը, երբ սերժանտին կախել էին: Ինչո՞ւ եմ այդ հարցը բարձրացնում, որովհետև մոտավորապես 20 օր առաջ այդ երիտասարդի ծնողները եկել էին ինձ հետ հանդիպման և նրանք ուղղակի լրջագույն մտահոգություն ունեին, որ ռազմական ինստիտուտի տնօրենը, ում տղան անմիջական առնչություն ունի այդ դեպքին, կողմնակի կերպով փորձում է ճնշում գործադրել քննության վրա` իր տղայի պատիժը մեղմացնելու համար: Ես կուզենայի, եթե դուք ունեք տեղեկատվություն, ներկայացնեք դա: Ի՞նչ վիճակում է գտնվում գործը», – հետաքրքրվեց նա:

Ի պատասխան ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ հանդիպել է ծնողների հետ և նույն մտահոգություններն իրեն էլ են ասել: «Մեր վերաբերմունքից դուրս չէ դա: Այդ ստորությունը, ոճիրը նաև մեր ուշադրության կենտրոնում է և մենք ինքներս հետամուտ ենք լինելու, որպեսզի արդարացի պատժի ենթարկվեն: Այդ մասով զինվորական դատախազի դիրքորոշումը նույնն է, քննչական ծառայության դիրքորոշումը ևս: Սա նաև մեր զինված ուժերի հետ կապված լրջագույն խնդիր է, սա ուշադրության կենտրոնում է»:

Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այդ սենյակում չորսից բացի այլ զինվորներ ևս եղել են, բայց նրանք հրաժարվում են ցուցմունք տալ: «Հրաժարվում են ոչինչ ասել ` նշելով, թե քնած են եղել: Ծնողները մտածում են, որ այս անձնավորությունը զինվորների վրա է ազդեցություն ունեցել», – նշեց Զոհրաբյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Երկու քրեական գործերով էլ նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։




Լրահոս